Հյուսիսային պողոտայի կառուցումն ամենանշանակալին է. Քաղաքաշինության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է քաղաքաշինական խնդիրները մինչև վերջ ուսումնասիրել և կարգավորման մեխանիզմներ մշակել: Այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Խոսելով ձեռքբերումների մասին` չեմ կարող չասել, որ Կոնդի, Ֆիրդուսի, Եկմալյան փողոցի բնակիչների խնդիներին շատ շուտով լուծումներ են տրվելու: Շինարարական աշխատանքները խոստացել ենք ավարտել մինչև 2016 թվականը»,- նշեց քաղաքաշինության նախարարը: Նա մեծ գոհունակությամբ նշեց, որ իր ղեկավարած նախարարությունում վերականգնվել է պետական փորձաքննությունը, որը, իր բնորոշմամբ, մյուս երկրների նկատմամբ ավելի դեմոկրատ լինելու արդյունք է:

«Առանձնահատուկ հիշատակության է արժանի Ճարտարապետության մասին օրենքի մեր նախաձեռնությունը: Նախատեսում ենք եկող տարվա ընթացքում օրենքի նախագիծը ներկայացնելԿառավարություն, հետո էլ` ԱԺ: Ճարտարապետ և կառուցող հարաբերությունները կարգավորվելու են այդ օրենքի համաձայն: ԱՊՀ մյուս տարածքներում լայն արձագանք է գտել այս օրենքը»,- ասաց Նարեկ Սարգսյանը` հավելելով. «Երևանի կենտրոնի կառուցապատման հետ կապված՝ լուրջ աշխատանքներ ենք կատարել: Բյուջեում մեծ վերափոխումներ կան»:

Նարեկ Սարգսյանի կարծիքով` վերջին  7-8 ամիսների ընթացքում բազմաթիվ պրոբլեմներ են վեր հանվել, իսկ ահա 2015-2016 թվականների ընթացքում իր ղեկավարած գերատեսչությանը դժվարին ճանապարհ է սպասվում` այդ խնդիրների լուծման ընթացքում:

«Հանրապետության հրապարակի թիվ մեկ խնդիրը ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցումն է: Նախատեսվում է եռահարկ ավտոկայանատեղիի ստեղծում: Այդ աշխատանքներն իրենց ավարտին կհասնեն շուտով»,- ասաց քաղաքաշինության նախարարը:

Վերջինս խոսեց նաև Երևանի Հյուսիսային պողոտայի սեյսմակայունության մասին:

«Իրականում Հյուսիսային պողոտայի կառուցումը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, իսկ քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, որովհետև միշտ էլ մեծ նախագծերը քննադատության են ենթարկվել: Այդպես եղավ նաև, օրինակ, Մարզահամերգային համալիրի շինարարության ժամանակ»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Նա նշեց նաև, որ առաջիկայում լուծումներ են առաջադրվելու նաև բազմաբնակարան շենքերը հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարեցնելու հարցում:




Լրահոս