Ինչ է արել Արդարադատության նախարարությունը 2014-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգ. Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին: Օրենքի հիման վրա Հայաստանի անրապետության արդարադատության նախարարությունում գործում Է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ:

ՔԿԱԳ մարմինները օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտերը, ինչպես նաև գրանցումից հետո տրամադրվող բոլոր վկայականները պատրաստում են բացառապես էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Դրա գործարկման նպատակով ՔԿԱԳ գործակալության և Հանրապետության բոլոր համայնքներում գործող ՔԿԱԳ տարածքային բոլոր բաժինները հագեցվել են անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով: Հանրապետության ողջ տարածքում գործարկվել է ՔԿԱԳ տարածքային բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի ծրագիրը, որի արդյունքում գրեթե բոլոր ՔԿԱԳ գրանցումները կատարվում են թվային եղանակով, մասնավորապես` թվային եղանակի են անցել գործող 54 ՔԿԱԳ տարածքային բաժիններից 30-ը, մյուսները գտնվում են գործածման փուլում:

ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգը ինտեգրվել է Բնակչության պետական ռեգիստրի, Սոցիալական ծառայությունների եւ բանկային ոլորտի հետ, ինչը թույլ է տալիս ապահովել՝

ա. Ընտրացուցակներում մահացած մարդկանց բացառումը,

բ. Կենսաթոշակների վճարման բացառումը մահացած անձանց,

գ.Մահվան եւ ծննդի միանվագ վճարների ստացման համար անհրաժեշտ քայլերի եւ փաստաթղթերի քանակի նվազեցումը,

դ. Բնակչության քաղաքացիական կացության վերաբերյալ ակտերի միասնական էլեկտրոնային տվյալների շտեմարանի ստեղծում ՔԿԱԳ եւ Բնակչության պետական ռեգիստրի հետ,

ե․Բանկային ոլորտին մահացածների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։

Նոտարական համակարգ. «Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրումն և նոտարական գործողությունները «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնելու աշխատանքները շարունակվում են: Ներկայում աշխատանքներ են ընթանում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային գրանցումների և միջև ծրագրային համակցում ստեղծելու ուղղությամբ: Միաժամանակ, ՀՀ ԿԱ ոստիկանության և էլեկտրոնային նոտարիատի համակարգի համակցումը հասցվել է ավարտին:

ԴԱՀԿ համակարգ. Մշակվել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն է ներկայացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Նախագծերի փաթեթի հիմնական 3 նպատակներն են՝

1. տարանջատել դատական ակտերի կատարման կատարողական վարույթները հայցի ապահովման միջոցների կիրառման կատարողական վարույթներից.

2. Վերացնել կատարողական թերթի տրամադրման ինստիտուտը, իսկ կատարողական վարույթն իրականացնել բացառապես դատական ակտի, այլ ոչ թե լրացուցիչ պատրաստվող կատարողական թերթի հիման վրա.

3. Դատարանի և ԴԱՀԿ միջև փաստաթղթաշրջանառությունն իրականացնել բացառապես Էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փաստաթղթեր փոխանակելու միջոցով:

Նշված վերջին 2 նպատակների իրականացմամբ կբարելավվի Հայաստան՝ «գործարարությամբ զբաղվելը» վարկանիշը, այն առումով, որ մի քանի քայլով կկրճատվեն պայմանագրերի կիրարկման համար նախատեսված գործընթացները (անձը լրացուցիչ չի դիմի դատարան կատ. թերթ ստանալու և այնուհետև այն ԴԱՀԿ ներկայացնելու համար):

Քրեկատարողական համակարգի ընդհանուր վիճակ. 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է 11 քրեակատարողական հիմնարկ: 2014 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության 11 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2784 դատապարտյալ և 1151 կալանավորված անձ: Հայաստանում գործող բոլոր քրեակատարողական հիմնարկները կառուցվել են խորհրդային տարիներին և շատերի շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Քրեակատարողական հիմնարկների խնդիրներից է գերբեռնվածությունը: Խնդիրը լուծելու նպատակով այս տարվա նոյեմբերին շահագործման հանձնվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար: Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16-17 քառ. մետր: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց/լոգասենյակով:Երկրորդ փուլում՝ (մինչև 2015 թվականի ավարտը) շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը:
Ռեժիմային տարածքն առանձնացված է 6 մետր բարձրությամբ, 760 մետր երկարությամբ քողարկող պատով: Տեղադրված է նաև 5 մետր բարձրությամբ, 700 մետր երկարությամբ «ԵԳՈԶԱ» տիպի հակափախուստային գալարաձև արգելք, որը պահպանության գիծ է հանդիսանում:

Տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: Ողջ պարագծով տեղադրված է հոսանքա¬հա¬րող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ գերբեռնված հիմնարկներից 400 դատապարտյալ տեղափոխելով Արմավիր: Հիմնարկի 2-3 մասնաշենքերի շահագործման հանձնելու դեպքում 2015 թվականի վերջին հնարավորություն կստեղծվի լուծել բոլոր քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ Արմավիր տեղափոխելով 1200 դատապարտյալ:
Պրոբացիոն ծառայություն. Մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին» հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Պրոբացիայի հիմքում ընկած է վերասոցիալականացման գաղափարախոսությունը, մասնավորապես՝ անձին պահել ազատության և հասարակության մեջ: Պրոբացիայի ծառայությունը կնպաստի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը. այսպես՝ 586 դատապարտյալ պոտենցիալ հնարավորություն ունի լինել Ծառայության էլեկտրոնային վերահսկողության տակ: Իսկ այս թվին, եթե գումարվեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կատարելագործման արդյունքում ազատազրկման դատապարտված անձինք, «հոսքը» դեպի պրոբացիայի ծառայություն կկրկնապատկվի:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ը 2014 թվականին իրականացրել է 720 քրեակատարողական, 60 ԴԱՀԿ և 303 քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, 4 նոտարի թեկնածուների ուսուցում, 68 նոտարի «Նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների» ուսուցում:

Իրականացրել է 1990 քրեակատարողական և 260 ԴԱՀԿ ծառայողների, 258 դատական կարգադրիչների և 83 դատախազների հատուկ ուսուցում: Ինստիտուտը տպագրել է «Արդարադատություն» գիտական հանդեսի չորս համար, իսկ Իրավաբանական քոլեջը 2014 թվականին ունեցել է 11 շրջանավարտ:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում. Հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից թիվ Rec(2003) 22 հանձնարարականը և միջազգային լավագույն փորձը՝ մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք ուղարկվել են շահագրգիռ մարմիններին՝ կարծիք ստանալու նպատակով:

Հանրային իրավական դրամական պահանջների կատարում և վարչական ակտի հանձնում. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից փաթեթը, որոնք նպատակ ունեն կանոնակարգել հանրային իրավական դրամական պահանջների կատարումը, որոնք ներկայումս ենթակա են կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նախագծով նախատեսվում է հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական ընթացակարգ նախատեսել որոշ դեպքերում (ֆիզիկական անձի նկատմամբ առկա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկ և ավել տուգանք նախատեսող անբողոքարկելի վարչական ակտ, վարչական ակտի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման, ինչպես նաև իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը):

Նման կարգավորման հիմքում ընկած է այն հիմնավորումը, որ նշած դեպքերում հանրային իրավական դրամական պահանջների արտադատական կարգով կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետևանքների, ընդհուպ սեփականության իրավունքից զրկելուն, ուստի անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորինս լայն երաշխիքներ ստեղծել՝ դատական ընթացակարգի միջոցով ապահովելով սեփականության իրավունքի սահմանափակման գործընթացքում հավասարակշռվածությունը:

Բացի այդ, նախագծի համապատասխան կարգավորումներով լուծվում է նաև վարչական ակտի մասին ծանուցման խնդիրը, այն է վարչական ակտը չի կարող դառնալ անբողոքարկելի, եթե անձն այն չի ստացել: Նախագծով հստակեցվում է նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման չափի հարցը:
Ավելին, նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվել է վարչական պատասխանատվությունից ազատում վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար: Մասնավորապես սահմանվել է, որ օրենքի ընդունմամբ, վարչական իրավախախտում կատարած անձինք ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը վճարելու պարտականությունից: Իսկ 2012թ հունվարի 1-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելու օրը նույն հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում վճարելու (վճարված լինելու) դեպքում, վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից՝ վճարելով միայն տուգանքի հիմնական գումարը:

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքներ. Մշակվել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքը, որը առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Այս օրենքով նախատեսվում է էլեկտրոնային միասնական ռեգիստրի ստեղծում, որը գրանցելու է ապահովված իրավունքներ ցանկացած շարժական գույքի նկատմամբ, բացառությամբ՝ արժեթղթերի. բանկային հաշիվների, դեպոզիտների, ինչպես նաև պետական, ծառայողական, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների: Այս օրենքով չեն կարգավորվելու նաև այն շարժական գույքերի նկատմամբ գրանցումները, որոնք ենթակա են պարտադիր գրանցման այլ օրենքներով և իրավական ակտերով: Տվյալ համակարգի ներդնումը մեծապես նպաստելու է փոքր և միջին ձեռնարկություններին և Համաշխարհային բանկի կողմից մշակված «Doing Business»-ի չափանիշներով Հայաստանի առաջխաղացմանը՝ հաշվի առնելով, որ այժմ Հայաստանը տվյալ ոլորտում իրավական դաշտի կայունության ցուցանիշով 10-ից 5 միավոր է վաստակել:

Հանրային ռեգիստրների միասնական սպասարկման կենտրոնների համակարգ. «Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը դրվել է շրջանառության: Տվյալ նախագծով նախատեսվում է բարձրացնել պետական մարմինների աշխատանքի նկատմամբ վստահության և գոհունակության աստիճանը, որը հնարավոր է իրականացնել միասնական տարբերակով մի շարք ծառայություններ գործող սպասարկման գրասենյակների միջոցով շնորհիվ: Փոփոխությունները կնպաստեն պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, անհրաժեշտ ժամանակի տևողության կրճատմանը, ծախսվող ֆինանսական և մարդկային ռեսուրսների կրճատմանը, սպասարկման որակի նկատմամբ բնակչության գոհունակության բարձրացմանը, հետևաբար, գործող սպասարկման գրասենյակները հնարավորություն կունենան ծառայություններ մատուցել մեկ պատուհանի սկզբունքով:

Հասարակական կազմակերպություններ. ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվող փոփոխություններով մասնավորապես՝
1)կլուծվեն մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են ՀԿ-ների կառավարման և գործունեության բնագավառի առանձնահատկություններով (օրինակ՝ սպորտային ֆեդերացիաներ, կրթական հաստատություններ, ստեղծագործական միություններ), 2) https://www.e-register.am/ համակարգի միջոցով ՀԿ-ների համար կստեղծվի առցանց գրանցման հնարավորություն, 3) ՀԿ-ները անձամբ կիրականացնեն ձեռնարակատիրական գործունեություն՝ նպաստելով երկարաժամկետ ֆինանսական կայունությանը, 4) ՀԿ-ները իրավունք կստանան ներկայացնել և պաշտպանել իր, իր մասնակիցների (անդամների), շահառուների կամ կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, 5) կներդրվի կամավորականության ինստիտուտը. ՀԿ-ներն իրավունք կունենան ոչ առևտրային գործունեության մեջ ներգրավվել կամավորներին:

Բուժծառայություն. ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է բանակացությունները Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումներում նյութատեխնիկական բարելավումներ իրականացնելու համար: Մշակվել են նաև բժշկական սպասարկման ստորաբաժանումների գործունությունը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

ՀՀ արդարադատության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ առողջապահության նախարարությունների հետ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը օրդինատուրայի նպատակների տեղեր հատկացնելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի(Ծրագիր) իրականացում. 2014 թվականի հունիսի 30-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում պաշտոնապես մեկնարկել է ծրագիրը: ՀՀ ԱՆ կողմից իրականացվել են Ծրագրի VIII–րդ («Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք»-ը) գլխի մի շարք միջոցառումներ և դրանց արդյունքներն օգտագործվել են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծման աշխատանքներում և ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար: Մասնավորապես, ուսումնասիրվել է միջազգային փորձը`

• ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացքն ապահովող անկախ ընթացակարգերի վերաբերյալ,

• հարցաքննությունների տեսաձայնագրման վերաբերյալ,

• անձի՝ իրենից խոստովանությունը խոշտանգումների միջոցով ստանալու վերաբերյալ հիմնավոր պնդման արդյունավետ քննություն (վարույթի կասեցման հնարավորություն նախատեսելով) իրականացնելու վերաբերյալ,

• քրեակատարողական հիմնարկներում հացադուլ իրականացնող անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ:

Ծրագրի մեկ այլ միջոցառման կատարման, այն է՝ արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման նպատակով հասարակության համապատասխան ներկայացուցիչների կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների, գործողությունների և անգործությունը վիճարկելու հնարավորություն ապահովելու հարցի ուսումնասիրության արդյունքում մի շատ կաևոր ինստիտուտ է ներդրվել ՀՀ իրավական համակարգ` խմբային հայցը: Խմբային հայցերով խմբի անունից հայց հարուցելու և խմբի անդամ համահայցվորներին ներկայացնելու իրավունք վերապահելու վերաբերյալ առաջարկը ՀՀ ԱՆ ներկայացրել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն ընդունվել էր` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և հասարակության կյանքում:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) հետ ռազմավարության որոշ միջոցառումների վերաբերյալ սեմինար-քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

Ծրագրի մեկ այլ կետով նախատեսված էր «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մշակում: Նախագիծը և դրան կից փաթեթը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից և հավանության արժանացել ՀՀ կառավարության կողմից: Օրենքի նախագծի ընդունմամբ անձնական տվյալների մշակման ու պաշտպանության կարգավորման ներպետական մեխանիզմները կհամապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին, քանի որ նախագիծը մշակվել է 1981 թվականի հունվարի 28-ի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի և Եվրապառլամենտի ու Եվրախորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 24-ի ԵՄ-95-46 «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի դրույթների հիման վրա:

Նախագիծը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

Նախագծով կարգավորվել է անձնական տվյալներ մշակելու համար անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության հետ կապված հարաբերությունները, սահմանվել է անձնական տվյալներ մշակողի պարտականությունների մի ամբողջ ցանկ, որոնցով վերջինս պարտավորվում է ի թիվս այլ պահանջների, ապահովել նաև տվյալների որակին, հավաքվող կամ փոխանցվող տվյալների անվտանգությանը առնչվող պահանջներ և այլն:

Նախագծով նախատեսվում է նաև մի շարք այլ սկզբունքային նոր կարգավորումներ, մասնավորապես՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի ստեղծում, անձնական տվյալների անօրինական մշակման համար վարչական պատասխանատվության սահմանում:

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. գործունեության ծրագրով դատարանների անկախության և արդյունավետ գործունեության ապահովմանն ուղղված ուշագրավ են ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվեցին ՀՀ ԱԺ-ի կողմից 2014 թ. հունիսի 10-ին և հունիսի 21-ին: Մասնավորապես՝

Կատարված փոփոխությունը Փոփոխության նպատակն ու արդյունքները
– ներդրվել է դատավորների գնահատման ինստիտուտը

– սահմանվել են դատավորների գնահատման որակական և քանակական չափորոշիչները – բացահայտելու և դատավորներին մատնանշելու է իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները,
– նպաստելու է դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը և խթանելու ինքնավերլուծությունը

– նպաստելու է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը

– հստակ սահմանվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի` նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում հասկացությունների բովանդակությունը

– հստակեցվել են ակնհայտ և կոպիտ խախտումը գնահատելու չափանիշները – ապահովվելու է դատավորներին օրենքի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի միասնականությունը,

– վերանալու է դատավորների կարգապահական վարույթի շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների հնարավորությունը

– ներդրվել է դատական գործերի պատահական բաշխման համակարգը՝
ինչպես առաջին ատյանի դատարանների, այնպես էլ վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի համար – գործերը հավասարաչափ բաշխվելու են դատավորների միջև՝ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով՝ պատահական ընտրությամբ` հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը և բացառելով սուբյեկտիվ մոտեցումները

– էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ուսումնական հարցերի, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովները ձևավորվելու են ոչ թե դատարանների նախագահների խորհրդի կողմից, այլ՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից

– դատարանների նախագահներն ու Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում: – բարձրանալու է դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը

– ներդրվել է Արդարադատության խորհրդի անդամի հատուկ կարծիքի ինստիտուտը,

– նախատեսվել է, որ նույն անձն ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ Արդարադատության խորհրդի անդամ ընտրվելու կամ նշանակվելու իրավունք չունի – հնարավորություն է տալու Արդարադատության խորհրդի անդամին՝ շարադրելու Արդարադատության խորհրդում հարցերի քննության ժամանակ մեծամասնության հետ չհամընկնող իր դիրքորոշումը

– կբարձրանա Արդարադատության խորհրդի գործունեության արդյունավետությունը

– դատավորի թեկնածուի համար նախատեսվել է 22-ի փոխարեն 28 տարվա նվազագույն տարիքային ցենզ – կարևորվել է ոչ միայն թեկնածուի մասնագիտական փորձառությունը, այլև կյանքի համապատասխան փորձ ունեցող անձանց դատական իշխանության ոլորտ ընդգրկելը

– հատուկ կարգավորումներ են նախատեսվել՝ դատական վիճակագրության վարման առումով,

– ներդրվել է դատական իշխանության կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունները հրապարակելու համակարգը,

– նախատեսվել է այն նվազագույն վիճակագրական տեղեկատվության ցանկը, որն ենթակա է պարտադիր հրապարակման – հավաքագրվելու է օբյեկտիվ վիճակագրություն,

– ապահովվելու է հանրության առջև դատական իշխանության արդյունավետ հաշվետվողականությունը,

– երաշխավորվելու է հանրության համար կարևոր տվյալների հրապարակումը
ՀՀ դատական օրենսգրքում, ինչպես նաև հարակից այլ իրավական ակտերում կատարվել են այլ ուշագրավ էական փոփոխություններ և սահմանվել սկզբունքային կարգավորումներ, մասնավորապես, օրենքը `

– դատավորների ընտրության գործընթացում բացի դատավորներից նախատեսվել է ընդգրկել իրավաբան գիտնականների,

– նախատեսվել է, որ նույն անձը միաժամանակ չի կարող կատարել քննական հարցերի մշակման, գնահատման և Արդարադատության խորհրդում հարցազրույցի վարման գործառույթներ,

– քաղաքացիական դատավարությունում կատարելագործվել է պատշաճ ծանուցման կարգը, ընդլայնվել են դատական նիստի հետաձգման համար հիմք հանդիսացող հանգամանքները,

– կատարելագործվել են վճռաբեկ բողոքին ներկայացված պահանջները՝ սահմանելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը հնարավորինս մանրամասն հիմնավորելու պահանջը,

– նախատեսվել է, որ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտում պարտավոր է մանրամասն հիմնավորել բողոքը վարույթ ընդունելու հիմքերը,

– նախատեսվել է վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված վճռաբեկ բողողոքները տեղադրել պաշտոնական կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում դռնփակ կարգով քննվող գործերի:

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ընդլայնվում են վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինների շրջանակը և հստակեցվում է օրենքի 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորումները:

Միջազգային համագործակցություն. 2014 թվականը ՀՀ արդարադատության նախարարության համար կարևորվում է տարածաշրջանային երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք փոխայցելությունների, դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների և փոխանակված փորձի առումով:

2014թ. հունիսի 17-20-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին: Պաշտոնական այցի ընթացքում նախարարը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն առնչվող հարցեր:

2014 թվականի նոյեմբերի 2-4-ը Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի հրավերով ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Աստանայում: Աշխատանքային այցի հիմնական նպատակն էր՝ ամրապնդել և խորացնել երկկողմ համագործակցությունը: Պատվիրակությունը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովի, Գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիի ինչպես նաև արդարադատության նախարարության համակարգի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Երկկողմ համագործակցության շրջանակում կարևորվում է նաև նոյեմբերի 20-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ա. Կոնովալովի հրավերով ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Մոսկվա: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող թեմաներ, մասնավորապես, դատական մարմինների ակտերի կատարման ապահովման, օրինաստեղծ գործունեության մեթոդական ապահովման, բնակչության իրավական օգնության տրամադրման կազմակերպման, քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան միջազգային պարտավորությունների կատարման ապահովման հիմնահարցեր: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը, որի կազմում է եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս.Քրմոյանը, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ա.Կոնովալովի հետ, Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գ.Կորնիենկոյի, Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն Ա.Պարֆենչիկովի հետ:

2014 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարությամբ և նախարարի տեղակալների մասնակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը գործուղվել է Վրաստան: Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ և քննարկումներ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարարը հանդիպել է Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգհբրիշվիլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերի առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել պրոբացիայի ինստիտուտի կիրառման վրացական փորձին:

2014 թվականի հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր:

Եվրոպական դատարան ՀՀ կառավարության դիրքորոշումների ներկայացում. Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարան է ներկայացվել ՀՀ կառավարության թվով 31 դիրքորոշում (9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները): Ընդ որում, այդ թվի մեջ չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումները, որոնք 15-ն են: Եվրոպական դատարան ներկայացված դիրքորոշումների 17 նախագիծ մշակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և քրեական գործերով բաժնի, իսկ 14 նախագիծ՝ Վարչության քրեական և վարչական գործերով բաժնի կողմից:
Նշված գանգատների առնչությամբ Վարչության աշխատակիցներին հանձնարարվել է ուսումնասիրել գանգատներում բարձրացված հարցերին առնչվող ներպետական օրենսդրությունը և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Կատարված աշխատանքներն ամփոփվել և ներկայացվել են հաստատման` պահպանելով սահմանված բոլոր ժամկետները:

Վարչությունը նաև ներգրավված է եղել երեք առանձին գործերով բարեկամական կարգավորման միջոցով հարցի լուծման գործընթացին, որոնցով մշակել և հաստատման է ներկայացրել Եվրոպական դատարան ներկայացման համար անհրաժեշտ գրությունների նախագծերը: Նշված գործերից երկուսի վերաբերյալ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել համապատասխան գանգատները («Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» և «Թարխանյանն ընդդեմ Հայաստանի») հանել քննվող գործերի ցուցակից:

Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանից ստացվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված նաև 3 այլ գանգատներ, որոնց կապակցությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման ներկայացման համար Եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետներն ավարտվում են 2015 թվականի հունվար ամսին: Նշված գանգատների առնչությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Տվյալ գործերով Վարչության կողմից ապահովվել է տեղական իրավասու մարմինների հետ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը:
Բացի դրանից, հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանից ստացվել են նաև Եվրոպայի խորհրդի այլ պետությունների դեմ ներկայացված երկու գանգատ, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությանն առաջարկվել է ներգրավվել որպես երրորդ կողմ: Երկու գործով էլ ՀՀ կառավարությունը հայտնել է երրորդ կողմ ներգրավվելու իր ցանկության մասին:

Եվրոպական դատարանի վճիռների կատարում. Վարչությունն իր լիազորությունների շրջանակում նաև անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում Դատարանի վերջնական վճիռների և որոշումների կատարման ուղղությամբ: Նախ, հաշվետու ժամանակահատվածում Վարչության կառուցվածքում ստեղծվել է նոր՝ Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժին, որի հիմնական գործառույթներն են՝ 1) ապահովել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների և որոշումների պահանջների կատարումը, 2) ապահովել Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային և եվրոպական չափանիշների ներդրումը (մասնավորապես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի ու մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային այլ փաստաթղթերի մասով): Նոր բաժնի պետի և առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնները համալրվել են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունը նաև շարունակել է ակտիվ և անմիջական համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ: Նշված դեպարտամենտի հետ համագործակցության և Վարչության կողմից ներկայացված լրացուցիչ և ամբողջական Գործողությունների հաշվետվությունների ներկայացման արդյունքում 2014 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն քննարկել է 5 վճիռ և փակել այդ վճիռների կատարողական վարույթները: Փակված վարույթներից են նաև «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի», «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» և «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» վճիռներով վարույթները (վճիռները վերաբերում էին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու խնդրին):

Բացի դրանից, Եվրոպական դատարանի վճիռների կատարումը վերահսկող վերը նշված դեպարտամենտի հրավերով Վարչության նոր բաժնի աշխատակիցները ս.թ. դեկտեմբերի 2-ից 4 ը մասնակցել են Նախարարների կոմիտեի հերթական՝ մարդու իրավունքների հարցերով 1214-րդ ժողովին: Միաժամանակ, դեկտեմբերի 5-ին նրանք մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության և ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության միջև Ստրասբուրգում անցկացված երկկողմ խորհրդակցություններին, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման և դրանց հնարավոր փակման հետ կապված հարցեր:

Եվրոպական դատարանի վճիռների կատարման ուղղությամբ Վարչությունն ապահովել է նաև 2014 թվականին կայացված «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» վճռով արդարացի փոխհատուցման ենթակա գումարի վճարումը, վճռի թարգմանությունն ու ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակումը: Բացի դրանից, Վարչությունն ապահովել է նաև 2014 թվականին կայացված մյուս երեք գործերով («Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի», «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի») վճիռների թարգմանությունը: ՀՀ արդարադատության նախարարության Թարգմանությունների կենտրոնի կողմից թարգմանությունները ստանալուն պես Վարչությունը կապահովի հայերեն տեքստերի մասնագիտական խմբագրումը և հրապարակումը:

Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունը ներգրավված է եղել առանձին օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին, որոնց մշակումը պայմանավորված է եղել Եվրոպական դատարանի վճիռների կատարման անհրաժեշտությունից: Մասնավորապես, Վարչության մասնակցությամբ մշակվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում են կատարելագործել ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգը և քրեակատարողական օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցնել Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի սահմանած իրավական չափանիշներին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս