ՀՀԿ-Ն ՉՀԱՎԱՏԱՑ ՈՒ ՉՓՈԽՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր ձեւավորված կառավարության կազմը գրեթե անփոփոխ է մնացել: Արտահերթ նիստում  Սերժ Սարգսյանը մեկնաբանեց, թե ինչու կառավարության կազմում հեղափոխական փոփոխություններ չեն արվել:
“Դա պայմանավորված է ծրագրերի եւ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների թափը չջարդելու մտադրությամբ: Սակայն սա չի նշանակում, որ մենք հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու գործադիրի աշխատանքից: Այժմ բոլորիդ ուշադրությունը մասնավորապես պետք է ուղղեմ դեպի գյուղն ու գյուղացուն: Պետք է օժանդակենք գյուղացուն ստացված բերքը հավաքելու, պահելու ու իրացնելու գործում: Հետեւողականորեն կանգնե՛ք գյուղացու կողքին, եւ գյուղը կրկնակի արդյունք կտա: Ես դրանում չեմ կասկածումե”-հայտարարեց նա: Ավելին, պարզվում է՝ իրենք պատրաստվում են ծավալուն ու դժվարին աշխատանք կատարել: “Վստահության այն հսկայական վարկը, որ մենք ստացել ենք մեր ընտրողներից, կրկնապատկել է մեր պատասխանատվությունը: Ես ձեզ կոչ եմ անում տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի: Սա առաքելություն է: Ընտրություններում հաղթել` չի նշանակում հանգստանալ դափնիների վրա: Ճիշտ հակառակը, մեզ ոչ ոք դափնիներ չի խոստացել: Մեզ այստեղ են ուղարկել՝ աշխատելու, աշխատելու անձնուրաց, բարեխղճորեն, պարտքի մեծագույն գիտակցումով”,-ասաց Ս. Սարգսյանը:
Հատկանշական է, որ Ս. Սարգսյանը, գլխավորելով ՀՀԿ ցուցակը, ԱԺ ընտրություններին մասնակցում էր “Հավատանք, որ փոխենք” կարգախոսով: Սակայն նա հերթական անգամ խաբեց հասարակությանը. ՀՀԿ-ականների մոտ գրեթե ոչինչ չի փոխվել՝ նույն դեմքերն են, նույն գործելաոճը: Ավելին,  նա որոշել էր ծաղրել ժողովրդին ու կառավարության կազմում լուրջ փոփոխություններ չանելը մեկնաբանել է ծրագրերի եւ բարեփոխումների թափը չջարդելու մտադրությամբ: Հավանաբար խոսքը հատկապես սոցիալական ,ոլոլորտում Տիգրան Սարգսյանի գրանցած այն “հաջողությունների” մասին է, որոնց արդյունքում ՀՀ-ում աղքատության ցուցանիշը 5 տարվա մեջ 17.6 տոկոսից դարձավ 35.8 տոկոս, արտաքին պարտքը՝ 1.5 մլրդից 3.5 մլրդ: Իսկ արտագաղթի ծավալներն անցել են մարդկային երեւակայության սահմանները՝ տարեկան մոտ 60-70 հազար մարդ է լքում երկիրը: Հավանաբար, հենց տարեցտարի ավելացող այս ցուցանիշների համար է Ս. Սարգսյանը կրկին Տ. Սարգսյանին վստահում կառավարությունը:
Ի դեպ, կառավարության երեկվա նիստում ընդգրկված էր երկու հարց` կապված ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրի եւ Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հետ: Ու մինչ Ս. Սարգսյանը կհայտարարեր երկրորդ հարցի քննարկումը սկսելու մասին, լրագրողների համար նախատեսված սենյակում հանկարծակի անջատվեց ձայնային կապը, եւ ընդհանրապես չլսվեց, թե կառավարության անդամներն ինչ են քննարկում: Քիչ անց նիստն ավարտվեց: Եւ այդպես էլ պարզ չդարձավ, թե ամիսներ շարունակ փոխելու խոստում տված ՀՀԿ առաջնորդն ինչու է խաբում ՀՀ քաղաքացիներին՝ նույն տխուր դեմքերին վերանշանակելով նույն նախարարություններում:
Հ. Գ. Երեկ ՀՀ կառավարության անվտանգության աշխատակիցները միայն սպորտի նորանշանակ նախարարին են արգելել ներս մտնել, քանի որ չեն ճանաչել նրան: Իսկ երբ ցույց է տվել իր նախարարական վկայականը, անարգել “ներխուժել” է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս