ParliamentMonitoring.am կայքը պարբերաբար ներկայացնում է ամենաակտիվ, ամենաշատ բացակայած և ելույթ ունեցած պատգամավորների վարկանիշը:
Օգտվելով կայքի տվյալներից` Armlur.am-ը ներկայացնում է ամենաշատ բացակայած պատգամավորների թոփ 10-ը:
Առաջատարը, ինչպես և սպասելի էր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Նախորդ գումարումների ժամանակ ևս այս վարկանիշի առաջատարը Գ. Ծառուկյանն է եղել: Վեցերորդ գումարման Ազգային ժողովում (08.09-04.12) նա նիստերից բացակայել է 55 անգամ, այսինքն՝ ոչ մի նիստի չի մասնակցել:
Այս վարկանիշում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա այս գումարման Ազգային ժողովի նիստերից բացակայել է 48 անգամ: Սակայն դրա հետ մեկտեղ նա կարողացել է 5 ելույթ ունենալ և հինգ հարցեր հնչեցնել:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա վեցերորդ գումարման Ազգային ժողովի նիստերից բացակայել է 46 անգամ:
ԲՀԿ նախագահի խնամի Մուրադ Գուլոյանը չորրորդ հորիզոնականում է և նիստերից բացակայել է 41 անգամ: Նա իր խնամու արժանի հետնորդն է:
Այս վարկանիշում ԲՀԿ խմբակցությունն իրոք կարող է առաջատար համարվել, քանի որ վարկանիշում խմբակցության մեծ թվով պատգամավորներ են ներկայացված: Վարկանիշի հինգերորդ հորիզոնականում Գուրգեն Արսենյանն է, ով նիստերից բացակայել է 33 անգամ:
Արսենյան Գուրգենին հաջորդում է Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն: Նրան շատ հազվադեպ կարելի է տեսնել խորհրդարանում. գալիս է, գրանցվում, քվեարկում և հեռանում: Նա նիստերից բացակայել է 33 անգամ:
Վարկանիշում Դաշնակցության միակ ներկայացուցիչն Արմեն Բաբայանն է, ով նիստերից բացակայել է 32 անգամ: Ներկա լինելու ժամանակ պատգամավորը ո՛չ ելույթ է ունեցել, ո՛չ էլ հարց տվել:
Վարկանիշի ութերորդ հորիզոնականում է Ռուբեն Գևորգյանը, ով ևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է: Նա նիստերից բացակայել է 31 անգամ:
Իններորդ հորիզոնականում պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է՝ կրկին ԲՀԿ-ից: Նա նիստերից բացակայել է 31 անգամ:
Եվ վերջապես, տասներորդ հորիզոնականում է Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը: Նա նիստերից բացակայել է 29 անգամ:
Ընդգծենք, որ սա միայն այս գումարման Ազգային ժողովի բացակա պատգամավորների ցուցակն էր: