Ավագանու նիստում ԲՀԿ և ՀՀԿ կանայք վեճի էին բռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու այսօրվա նիստում թեթև վեճ է տեղի ունեցել  ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Նահապետյանի և  ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանի միջև:

Այսօր ավագանու հաստատմանը ներկայացված նախագծերից մեկով որոշվեց 2015 թվականին Երևանում անփոփոխ թողնել տուրքերը: Հենց այս օրինագծի քննարկման ժամանակ էլ տեղի է ունեցել փոքրիկ վեճը, երբ ՀՀԿ մի քանի անդամներ ԲՀԿ-ին մեղադրել են հանձնաժողովի նիստերի ժամանակ՝ մեկ այլ, իսկ ավագանու նիստերում մեկ ուրիշ բան ասելու մեջ:

Տեղի ունեցածի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով Armlur.am-ը զրուցեց երկու կողմերի հետ: Նաիրա Նահապետյանը նշեց, որ ուղղակի իրարից տարբերվել են երկու խմբակցությունների տեսակետները:

«Դուք գիտեք, որ հանձնաժողովներում ընդգրկված են և՛ «Բարև Երևան», և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Մենք ունենք ավագանու չորս մշտական հանձնաժողով: Ես ուղղակի արձագանքեցի և ասեցի, որ ձեր կուսակցության անդամներն այլ կերպ են մոտեցել հարցին, բա «Էտ իրանց կարծիքն ա», ես էլ ասեցի՝ դա իրենց կարծի՞քն է, թե՞ կուսակցության: Ես ուղղակի ասեցի, որ ներկայացնեն իրենց կուսակցության կարծիքը», – հայտարարեց նա:

Ն. Նահապետյանը սա որպես ընդհարում չորակեց, այլ նշեց, որ միայն կարծիքների տարբերություն է եղել: Նա նշեց, որ անհասկանալի է համարում, թե ինչու են բյուջեի նախագծին ձեռնպահ քվեարկում: Armlur.am-ը զրուցեց նաև ավագանու ԲՀԿ խմբակցության նախագահ Թամար Պողոսյանի հետ, ով նույնպես այս ամենը որակեց ոչ թե ընդհարում, այլ՝ աշխատանքային բնականոն գործընթաց:

«Դա ընդհանրում չեմ համարում ընդհանրապես: Նաիրա Նահապետյանն ուղղակի ներկայացրեց, որ հարցի վերաբերյալ բոլորը դրական եզրակացություն են տվել, բայց ինձ համար սկզբունքային հարց էր, որ այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ը դեռ խորհրդակցություն չէր անցկացրել, ես ուղղակի ճշտում մտցրեցի, որ այդ որոշումը մեծամասնությամբ է կայացվել, բայց մենք մեր որոշումը չենք հայտնել», – նշեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ սա ավագանու ՀՀԿ խմբակցության և ԲՀԿ-ի հետ բախման միակ դեպքը չէ: Նոյեմբերին տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր շատ կոպիտ նկատողություն արել Թամար Պողոսյանին:




Լրահոս