Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Բանակցություններ են ընթացել նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ կայացած ընդլայնված կազմով նիստում:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը:

Խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հրավերի և հյուրընկալ Մոսկվայում ավանդական ջերմ ընդունելության համար, ապա նաև՝ ռուսաստանյան գործընկերներին՝ 2014թ. Կազմակերպությունում ակտիվ նախագահության ու ՀԱՊԿ անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացման գործում էական ներդրման համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ շրջանակներում կարևոր աշխատանք է կատարվել քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման և կատարելագործման ապահովման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացման, արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ուղղությամբ: Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն ընդգծել է հատկապես ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքը և երախտագիտություն հայտնել ու հետագա հաջողություններ մաղթել Կազմակերպության գլխավոր քարտուղարին:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը գործընկերներին տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և մեր տարածաշրջանի ռազմականացումը:

«Մեր կողմից այսօր ընդունված փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերներին և գոյություն ունեցող հիմնախնդիրներին հավաքական և կոորդինացված արձագանքելուն: Վստահ եմ, որ դրանք կծառայեն ՀԱՊԿ զարգացման շահերին՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության՝ հավաքական հիմունքներով երաշխավորված անվտանգության ու խաղաղության պայմաններում:

Ելնում ենք նրանից, որ արտաքին քաղաքականության կոորդինացման մեխանիզմի հետագա ամրապնդման հարցերով որոշումների ընդունումը կնպաստի նաև մեր Կազմակերպության հեղինակության բարձրացմանը:

Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հաջորդական զարգացման գործում միանգամայն տեղին քայլ կլինի Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը: Նաև կցանկանայի նշել մեր պետությունների ռազմատեխնիկական համագործակցության բարձրացման նպատակով ձեռնարկվող միջոցների կարևորությունը:

Վստահ եմ, որ տեղեկատվական անվտանգության գծով փաստաթղթերի փաթեթը կծառայի այս ոլորտում մեր պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցության էական բարձրացմանը:

2015թ. հունվարի 1-ից Կազմակերպության նախագահությունն անցնում է Տաջիկստանի Հանրապետությանը: Այս կապակցությամբ, ցանկանում եմ շնորհավորել Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Շարիպովի Ռահմոնին՝ ՀԱՊԿ-ում նախագահության կապակցությամբ և մաղթել հաջողություններ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ գծով համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների ապահովման: Նախագահը հույս է հայտնել, որ դա ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումն է:




Լրահոս