Հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող իրադարձությունները`ակնհայտ է դառնում, որ Հայաստանում սոցիալական բունտի վտանգ է հասունանում: Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Ամբողջ աշխարհում սոցիալական խժդժությունների արտահայտման ձևերը խիստ տարբեր են, բայց բոլորի հիմքը մեկն է. սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը: Այդ ամենը Հայաստանում արդեն առկա է: Ընդհանրապես ամբողջ աշխարհում տնտեսական վիճակը վատթարանում է: Ռուսաստանում դա մեր աչքի առաջ է տեղի ունենում»,- ասաց Արամ Կարապետյանը՝ հավելելով. «Հենց սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել սոցիալական բունտի հասունացմանը: Կառավարման համակարգն այնքան վատ է, որ շատ հնարավոր է այդ ամենին դիմակայելու հնարավորություն քիչ լինի: Կամ պետք է ժողովուրդը թողնի և գնա երկրից, կամ էլ իշխանությունը պետք է կարգավորի իրավիճակը, ինչը Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում չի էլ նշմարվում»,- ասաց Ա. Կարապետյանը: Վերջինս խոսեց նաև 2014 թվականի քաղաքական աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին:
«2014 թվականի ամենանշանակալի իրադարձությունն, իմ կարծիքով, Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալն է: Որպես շատ կարևոր գործընթաց պետք է դա արձանագրեմ անպայման»,- ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը: Նրա կարծիքով՝ իշխանությունները 2015 -ին պետք է փորձեն օպտիմալ լուծումներ գտնել երկրի կառավարման համակարգում, քանի նոր վիճակը գնալով քաոսային է դառնում՝ հատկապես տնտեսական ոլորտում: