Այսօր Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները ընդունել են համատեղ հայտարարություն, որում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրին: «Մենք՝ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներս, նշում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինակի խմբի համանախագահների միջնորդությամբ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների կարեւորությունը: Մասնավորապես` ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության եւ իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա այդ խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքները շուտափույթ ավարտելու կարևորությունը», – ասված է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությունում:
Թե որն էր Ղարաբաղի հարցին առանձնահատուկ անդրադառնալու անհրաժեշտությունը` դժվար է միանշանակ ասել: Ըստ ամենայնի, պատճառը այս տարվա օգոստոսին եւ նոյեմբերին արձանագրված հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունն էր, որի արդյունքում եղան տասնյակ զոհեր:
Հիշեցնենք, որ օգոստոսյան լարվածության օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան անձամբ այցելեց հայ-ադրբեջանական սահման` տեղում ծանոթանալու իրավիճակին, իսկ նոյեմբերի վերջին հայկական ուղղաթիռի խոցումից օրեր անց էլ ժամանեց Հայաստան` մինչ այդ հանդես գալով բանականին կտրուկ հայտարարությամբ:
Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների զգալի մասը Ղարաբաղի հարցում անհատական մակարդակով տարբեր ֆորմատներում իր անվերապահ աջակցությունն է հայտնել ադրբեջանական կողմին, եւ այս իմաստով վերը նշված համատեղ հայտարարությունը, որում ամրագրված են ներկայիս բանակցային գործընթացի` միջազգայնորեն սահմանված եւ մեզ համար ընդունելի սկզբունքները, որոշակի նշանակություն ունի, գոնե ֆորմալ մակարդակում:
Ինչ վերաբերում է համատեղ հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի ֆորմատի կարեւորության ընդգծմանը, ապա դա իր մեջ որոշակի դրական ուղերձ է պարունակում` այն իմաստով, որ մի կողմից` Ռուսաստանը չի հավակնում հակամարտության կարգավորման գործում շրջանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին` Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին` չնայած վերջիններիս հետ չափազանց բարդ ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններին, մյուս կողմից էլ ՀԱՊԿ-ում որեւէ կերպ տուրք չի տրվում ադրբեջանամետ երկրների տրամադրություններին` հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի դերակատարության նսեմացման եւ դրա շնորհիվ` միջնորդական առաքելության ֆորմատում փոփոխություններ անելու առումով: Մի բան, որին արդեն տարիներ ի վեր ձգտում են Ադրբեջանը եւ Թուրքիան:
Արտակ Մարգարյան