Բակո Սահակյանի ուղերձը՝ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ուղերձ է հղել ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մասնակիցներին:

Ուղերձում ասված է.

«Համագումարի հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 3-րդ համագումարի մեկնարկի ու կազմակերպության 10-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ հաջող ու արդյունավետ աշխատանք:

Գոհունակությամբ պետք է նշենք, որ այս բոլոր տարիների ընթացքում արհմիությունների ֆեդերացիան կարողացել է կայանալ եւ կատարել ծավալուն աշխատանք` իրականացնելով իրեն վերապահված գործառույթները: Մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն եւ քաղաքացիական հասարակություն, որի առանցքում մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները: Եվ այս գործում մեծ է նաեւ արհմիությունների ֆեդերացիայի դերակատարությունը:

Աշխատավորների օրինական շահերի պաշտպանությանը, նրանց սոցիալական հարցերի լուծմանը, գործատուների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ձեր գործունեությունը կարեւոր է ու պահանջված:  Մենք ակնկալում ենք, որ այդ աշխատանքները կլինեն ավելի ակտիվ ու համակարգված` ընդլայնելով ու խորացնելով համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ` ինչպես մեր պետության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Արցախի իշխանությունները շահագրգռված են եւ շարունակելու են հնարավորինս աջակցել ձեր աշխատանքներին, քանի որ բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն այն հիմնական խնդիրներից են, որոնց լուծմանն են ուղղված մեր բոլոր ջանքերը:

Թանկագին բարեկամներ,

Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել ձեր գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու բարօրություն ձեզ, ձեր հարազատներին եւ մերձավորներին»:




Լրահոս