Գլխավոր հարկադիր կատարողը պետական միջոցների հաշվին գործ է մատակարարում իրեն պատկանող ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը պետական բյուջեի միջոցներով իրեն պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությանը գործով է ապահովում: Այս տարվա դեկտեմբերի 12-ին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը «Քեթրին գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Գ. Բադալյանի հետ, այսինքն, իր կողմից աշխատանքի ընդունված անձի հետ («Քեթրին գրուպ» ընկերության հիմնադիրը հենց Միհրան Պողոսյանը, հետեւաբար ընկերության գլխավոր տնօրենին էլ նա է նշանակել այդ պաշտոնում) պայմանագիր է ստորագրել: Ըստ պայմանագրի՝ «Քեթրին գրուպ» ընկերությունը երկու միլիոն 107 հազար դրամի դիմաց պետք է ապահովի ԴԱՀԿ-ի հաշվեկշռում գտնվող թվով 16 ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը:

Մեկ անձից կատարվող գնումները, ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի իրականացվում են այն դեպքում, երբ «գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ»: Տվյալ դեպքում ուշագրավ է, թե «Քեթրին գրուպ» ընկերությունն այդ ինչ «հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքով» է օժտված, որ ԴԱՀԿ պետը որոշել է հենց այս ընկերությունից ձեռք բերել իրենց ծառայության ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը եւ ինչու մրցույթ չի հայտարարվել:

Ի դեպ, կոռուպցիա կոչված երեւույթը հենց նման դեպքերն են, երբ պաշտոնատար անձն իր լիազորություններն օգտագործում է իր կամ իրեն փոխկապակցված անձանց եկամուտներ ապահովելով, որպիսիք տվյալ անձինք չէին կարող ստանալ, եթե տվյալ պաշտոնյան չլիներ իրենց մերձավորը:




Լրահոս