Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքի Ա. Միկոյան 4/3 և 4/6 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը: Կառուցվող բազմաբնակարանը նախատեսված է Երևանում հաստատված սիրիահայ ընտանիքների համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ ՀՅԴ ԳՄ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Գալստյանը նշել է, որ հիմնադրամի նախաձեռնություններից ամենածավալունը Երևանում հաստատված սիրիահայերի համար բնակարանաշինական ծրագիր իրականացնելն էր, որը, ըստ էության, արդեն իսկ կյանքի է կոչվում։ Լիլիթ Գալստյանը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախաձեռնությանն աջակցելու և հիմնադրամի կողքին լինելու համար:
«Սա սոցիալական ծրագիր է, բացառիկ բարոյական, քաղաքական ու քաղաքացիական ուղերձով։ Շնորհակալ եմ, պարոն քաղաքապետ, որ մեր կողքին եք ու Ձեր լիազորությունների շրջանակում աջակցում եք մեզ: Ինչպես հողահատկացման, այնպես էլ շինթույլտվության ու բազմաթիվ այլ հարցերում մենք մշտապես զգացել ենք Ձեր գործուն աջակցությունն ու սրտացավությունը ծրագրի նկատմամբ»,- նշել է Լիլիթ Գալստյանը:
Շուրջ 600 քմ հողատարածքի վրա, Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի համաձայն, կկառուցվի 14 հարկանի բազմաբնակարան շենք՝ 78 բնակարաններով: