Երգչուհի Լայանայի համար գալիք տարին առավել քան սպասված է, քանի որ հենց 2015-ին է լույս աշխարհ գալու նրա առաջնեկը. «Եկող տարին ամենատարբերվողն է լինելու, սրտի թրթիռով եմ սպասում դստերս ծնունդին, ինչին ընդամենը 2,5 ամիս է մնացել, ի դեպ, սկեսուրս արդեն անունն էլ է որոշել՝ Էլինա: Այնպես որ գալիք տարվան առնչվող բոլոր մտքերս, ծրագրերս, անգամ նվերներս նրա հետ են կապված»,-Armlur.am-ի հետ իր ուրախությամբ կիսվեց երգչուհին՝ հավելելով, որ երեխայի ծնունդով պայմանավորված՝ կարիերայում ոչ երկարատեւ դադար է սպասվում:
Լայանան արդեն երրորդ տարին է՝ պատրաստվում է Ամանորը դիմավորել աշխատավայրում՝ երեւանյան ռեստորաններից մեկում: Մեր այն հարցին, թե արդյոք Լայանան ամանորյա միջոցառմանը երգելու համար թանկ հոնորար վերցնող երգչուհիներից է, վերջինս պատասխանեց. «Շատ թանկ վերցնողներ կան, բայց իմ առաջարկած հոնորարի չափը մատչելի եմ համարում, այսպես ասած՝ խելքին մոտ թիվ եմ ասում»,-նշեց նա:
Լայանան նաև պատմեց, որ ինքը շատ չի ձգտում հանդես գալ տոնական կերպարներում, օրինակ՝ ձյունանուշիկի դերում, չնայած որ նախորդ տարի իրեն մի միջոցառման շրջանակում ընձեռվել է այդ հնարավորությունը, իսկ այս տարի երգչուհին հանդես է եկել փոքրիկ ֆոտոսեսիայով՝ ներկայանալով արդեն հղի ձյունանուշիկի կերպարում: «Երբ մեր փոքրիկը ծնվի, ես էլ, ամուսինս էլ ստիպված կլինենք հերթով բոլոր կերպարներում էլ հանդես գալ»,-ծիծաղելով նկատեց Լայանան:
Երգչուհին Ձմեռ պապիկից մի խնդրանք ունի. «Ուզում եմ առողջ բալիկ ունենալ, եւ թող որ բոլոր ընտանիքները համալրվեն, ամենքի տանն էլ լսվի այդքան ցանկալի մանկան ճիչը»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան