Ստորագրվել է հայ-վրացական «Բարեկամության կամուրջ»-ի կառուցման համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»:

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Նշենք, որ ս.թ. դեկտեմբերի 11-12-ը ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաստորագրել էին վերոնշյալ համաձայնագիրը և նաև ստորագրել էին արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչև 2015 թ. համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության կամուրջ»:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը հաջորդել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, ով նաև առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի համանախագահն է:

ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ընթացքից և կարևորել Վրաստանի հետ երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը և սերտացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցը, որը հնարավորություն տվեց կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները և համագործակցության զարգացման նոր ուղղություններ նախանշել:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության ընթացքը և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական գործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Առկա ներուժի լիարժեք իրացման և նոր համատեղ ծրագրերի իրականացման առումով առանձնակի կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի դերը, որի երկրորդ նիստը գումարվել է այսօր՝ Երևանում:




Լրահոս