«Մարդու իրավունքների հարցում ԵԽ անդամ երկրներից ամենավատ վիճակը Ադրբեջանում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը Facebook-ի իր էջում ամփոփելով անցնող տարվա ընթացքում ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների խախտման դեպքերը` նշել է, որ ԵԽ բոլոր երկրներից վատթարագույն վիճակը Ադրբեջանում է. «Մեզանից շատերը պատրաստվում են տոներին, սակայն ես մտածում եմ գործընկեր իրավապաշտպանների մասին, որոնք իրենց կյանքը նվիրել են մարդու իրավունքների պաշտպանությանը: Եվրոպայի Խորհրդի անդամ մի շարք երկրների իրավապաշտպանների համար այս տարին բարդ էր ու վտանգավոր: Ամենաբարդ իրավիճակը ես նկատել եմ Ադրբեջանում, ուր իշխանությունները պարբերաբար բռնություններ են գործադրում իրավապաշտպանների, լրագրողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ: Մշտապես աճում է այդ երկրում ձերբակալվածների ու վտարանդիների թիվը: Ես ողջունում եմ նրանց բոլորին, և 2015 թվականին շարունակելու եմ անել ինձանից կախված ամեն բան՝ նրանց հարցերի արդար լուծման համար»,- գրել է ԵԽ ՄԻ հարցերով հանձնակատարը:

Թեեւ անցնող տարվա ընթացքում Եվրոպական կառույցները, այդ թվում եւ` ԵԽ-ն, պարբերաբար անդրադառնում էին Ադրբեջանում տիրող խայտառակ իրավիճակին եւ իրավապաշտպանների նկատմամբ սկսված «վհուկների որսին», այդուամենայնիվ, բացի զուտ դեկլարատիվ եւ ձեւական մի քանի հայտարարություններից եւ ելույթներից, հարեւան երկրում ծավալվող մարդաորսն ու մարդու իրավունքների համակարգային ոտնահարումներն այդպես էլ չարժանացան եվրոպական կառույցների գործուն հակազդեցությանը: Իսկ պատճառը անփոփոխ է. եվրոպացիները չափից ավելի են սիրում ադրբեջանական խավիարն ու նավթադոլլարային կաշառքները, որպեսզի իրենց իսկ հռչակած` մարդու իրավունքների եւ այլ արժեքների համար պայքարում ավելի հեռուն գնան, քան դատարկ հայտարարությունները: Ասվածի ապացույցն է նաեւ ԵԽ ՄԻ հանձնակատարի գրառումը, որը իր մտահոգությունը հայտնում է ոչ թե իր պաշտոնական ամբիոնից, այլեւ Facebook-ի անձնական էջից:

Ա. Մարգարյան




Լրահոս