Կոտայքի մարզպետի համար նոր ավտոմեքենա են գնել նրան պատկանող ընկերությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետարանը մարզպետ Արամ Հարությունյանի համար նոր ծառայողական ավտոմեքենա է գնել վերջինիս անձի հետ կապվող ընկերությունից:

Կոտայքի մարզպետարանը օրերս հրապարակել է «Նաիրիշին» ԲԲԸ-ի հետ դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագիրը, ըստ որի՝ մարզպետարանը 13 միլիոն դրամով նշված ընկերությունից ծառայողական ավտոմեքենա է գնել: «Նաիրիշին» ԲԲԸ-ն Կոտայքի մարզպետարանին վաճառել է 2014 թվականի արտադրության «Toyota Camry» մակնիշի՝ մինչև 1000 կիլոմետր վազքով ավտոմեքենա: Այլ կերպ ասած, մարզպետ Արամ Հարությունյանի համար «թոփ-թազա» ավտոմեքենա են գնել:

Հայաստանում կոռուպցիան այն աստիճան բացահայտ երևույթ է դարձել, որ պաշտոնյաներն այլևս չեն էլ խորշում փաստաթղթերով այն ամրագրելուց:

Վաղուց արդեն հայտնի է, որ «Նաիրիշին» ԲԲԸ-ն կապվում է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի անվան հետ: Մամուլը բազմիցս անդրադարձել է այս ընկերությանը, որը ժամանակին պարբերաբար հաղթող էր ճանաչվում ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարած մրցույթներում, երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը:




Լրահոս