Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժնում հետաքննիչ Արամայիս Ենգոյանի կողից նյութեր են նախապատրաստվում հունիսի 21-ին Գավառում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այդ օրը գիշերը ժամը 02.50-ին Գավառի կենտրոնական հիվանդանոցից հայտնել են Ոստիկանության Գավառի բաժին, որ նույն օրը գլխի մազածածկ մասի բազմաթիվ կտրած վերքերով, քթի ձախ ականջաբլթակի, աջ դաստակի և աջ առաջին մատի կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ վիրավորը Գավառ քաղաքի Սարինգուլյան փողոցի բնակիչ 18-ամյա Ռոման Քեռյանն է: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության աշխատակիցներին Քեռյանը հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել անհայտ անձը և ինքը ի վիճակի չէ դեպքի մանրամասների մասին հայտնել:
Նույն օրը Ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզում են, որ մեկ օր առաջ՝ հունիսի 20-ին, ժամը 22-ի սահմաններում Գավառի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի բնակիչ 18-ամյա Վաչիկ Մնացականյանի միջև:
Ոստիկանություն է հրավիրվում Վաչիկի հայրը՝ Գևորգ Մնացականյանը և օպերատիվ քննչական և բացատրական աշխատանքների արդյունքում հայտնում է, որ մարմնական վնասվածքներ է ստացել նաև իր որդին, ում իրենք տեղափոխել են Գավառի կենտրոնական հիվանդանոց: Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ և վեճի մասնակիցները իրար ծեծի ենթարկելուց առաջ մի քանի շիշ գարեջուր են խմել, որից հետո շշերով սկսել են հարվածել իրար:
Իսկ Գավառի ոստիկանությանը երիտասարդները փորձում էին մոլորեցնել, թե իրենք ի վիճակի չեն մանրամասներ հայտնել, իսկ իրենց ծեծել են եկեղեցի այցելած անհատ անձինք: Այս պահին երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի