Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մայիսյան գյուղի 32-ամյա բնակիչ Արման Ասատրյանին դատապարտել է ազատազրկման 18 տարի ժամկետով՝ սպանություն կատարելու մեղադրանքով:
Ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, Արման Ասատրյանը նախկինում դատապարտվել է ազատազրկման գողության մեղադրանքով: Պատիժը «Կոշ» ՔԿՀ-ում կրելու ժամանակ իր բախտակիցներից մեկից՝ Հովհաննես Հունանյանից, տեղեկացել է, որ վերջինիս մայրը միայնակ է ապրում և հոգում իր ծախսերը շուկայում աշխատելով:
2014 թ. փետրվար ամսին՝ պատիժը կրելուց հետո, Արմանը որոշել է Հովհաննեսի մոր՝ Մանյակ Հունանյանի տանից հափշտակություն կատարել: Ամիսներ անց՝ հուլիսի 25-ին, գտնելով Հունանյանների բնակարանը՝ թակել է դուռը, ներս մտել, ներկայացել որպես Հովհաննեսի հետ պատիժը կրած անձնավորություն և նստել սուրճի սեղանի շուրջ: Մինչ Հովհաննեսի մայրը խոհանոցում սուրճ կեփեր, Արմանը վերցրել է դռան բանալին, փակել դուռը և հյուրասենյակում սկսել ծխել: Ապա ագրեսիվ ձևով Մարիամ Հունանյանից սկսել է գումար պահանջել, սակայն՝ ապարդյուն: Վախեցած կինն ասել է, որ չունի գումար, և հասկանալով տհաճ հյուրի մտադրությունը՝ փորձել է բջջային հեռախոսով օգնության զանգ կատարել, բայց չի ստացվել:
Արմանը սկսել է ոտքերով և ձեռքերով հարվածել կնոջը, սեղմել է պարանոցը՝ փորձելով խեղդել: Տեսնելով, որ կինը դիմադրում է, նախկինում դատապարտված տղամարդը պահարանից կտոր է վերցրել և դրանով խեղդամահ արել Մանյակ Հունանյանին: Սպանելուց հետո Արման Ասատրյանը սավանով կապել է Մանյակ Հունանյանի գլուխը և հանելով վերջինիս շորերը՝ գումար է փնտրել:
Այնուհետև սկսել է գումար և արժեքավոր իրեր փնտրել տանը, սակայն չի գտել, ապա տանից վերցրել է 3 նվագարկիչ, 1 բջջային հեռախոս, սպորտային հագուստ և հեռացել՝ դրսից փակելով մուտքի դուռը: Դեպքից հետո Արման Ասատրյանը Մանյակ Հունանյանի մուտքի դռան բանալին դեն է նետել:
Նշենք, որ դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Արման Ասատրյանը հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ: Արմանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և հրաժարվել ցուցմունք տալուց: