ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԱՅՍՔԱՆ ՊՐԻՄԻՏԻՎ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բերման է ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարած անձը: Ըստ հաղորդագրության՝ հարձակում կատարածը 1973 թ. ծնված Արշակ Սվազյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, պատժվում է 50-ից 150 հազար դրամի տուգանքով կամ երկամսյա կալանքով: Ոստիկանության տեղեկատվական արտահոսքի համաձայն՝ Սվազյանն իբր արտագնա աշխատանքի մեկնող անձ է եւ նոր է վերադարձել Ռուսաստանից: Իր արարքը բացատրել է նրանով, որ իբր ադրբեջանցիները ծաղրել են իրեն, քանի որ Հայաստանում Սերժ Սարգսյանին հայհոյում են, ոչ մեկը նրա պատիվը չի պահում: Ավելի ուշ պարզվեց, որ Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի` Շմայսի շրջապատից է: Սակայն պատգամավորն «Ա1+»-ին ասել է, թե իրեն զրպարտում են, եւ՝ «Աստծո պատիժին իրենց գլխին»: Ինչպես արդեն «Ժողովուրդը» կանխատեսել էր, այս անգամ եւս գործ ունենք իրավապահների կազմակերպած «օպերացիայի» հետ, որով փորձ է արվում շեղել հրամանատարների ծեծի խայտառակ փաստը: Սակայն, ինչպես միշտ, ամեն ինչ վերին աստիճանի փնթի են կազմակերպել: Նախ ընտրել են կատարողին, որի կապն իշխանությունների հետ մի քանի ժամում պարզվեց: Արարքի պատճառաբանությունն էլ «Գյուլնազ տատի» հեքիաթներից է: Սցենարիստը հաշվի չի առել, որ Ռուսաստանում ապրող հայերը եւ ադրբեջանցիները ոչ միայն քաղաքական վեճեր չեն ունենում, նրանք նաեւ շատ հաճախ գործընկերներ են դառնում: Իսկ որ ամենակարեւորն է՝ արտագնա աշխատանքի մեկնող հայը եւ ադրբեջանցին երկուստեք ատում եւ ամենավերջին հայհոյանքն են տալիս իրենց իշխանություններին, որոնց պատճառով ստիպված են օտար երկրներում ապրուստ վաստակել:

 

 

 

 

 

Երեկ հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի առաջին օրն իշխանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն, առավել քան արդյունավետ է անցկացրել՝ միանգամից ավարտելով մի քանի տասնյակ, այդ թվում նաեւ՝ ընդհանուր 260 միլիոն դոլարի վարկի վերաբերյալ յոթ համաձայնագրերի քննարկումը: Նման «նվերը» ՀՀԿ-ին մատուցել են ոչ իշխանական չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը»: Իշխանությունների հետ բանակցող ԱԺ ՀՅԴ խմբակցությունը բոյկոտին չի միացել: Իսկ ոչ իշխանականները բոյկոտել են Աժ նիստը, քանի որ ՀՀԿ-ն չի համաձայնել արտահերթ նիստը դադարեցնել եւ մեկ այլ արտահերթ նիստ հրավիրել` ազատամարտիկների եւ ԱԺ պատգամավորի ծեծի հարցը քննարկելու եւ խորհրդարանի անունից հայտարարություն ընդունելու համար: Իսկ ԱԺ իմաստուն նախագահ Գալուստ Սահակյանը թեեւ ասաց, որ. «Պատգամավորները քաղաքական տեքստերի տեսքով այս իրադարձությունները կարող են դատապարտել, մենք բոլորս էլ կողմ կլինենք դրան, սակայն 18:30-ից հետո», այնուամենայնիվ, դրժեց խոստումը, եւ 18:30-ին հրավիրված արտահերթ նիստը տապալվեց:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կանչել է իր մոտ եւ հրահանգել դադարեցնել միջգերատեսչական «պատերազմը», որի արդյունքում ՀՔԾ-ի եւ քննչական կոմիտեի քննիչների դեմ քրեական գործեր էին հարուցվել: «Ժողովուրդ»-ը երեկ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվել է, թե ճիշտ է, որ Սերժ Սարգսյանի հրահանգով են «փակվել» քննիչների գործերը, գլխավոր դատախազը փաստացի ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է լուրերը: Նա ասել է՝ քրգործերը հարուցվել եւ կարճվել են օրենքով սահմանված կարգով: «Կարծում եմ՝ անիմաստ է դրան տալ ինչ-որ հատուկ նշանակություն կամ ենթադրյալ վերլուծություններ: Ես իրականացրել եւ իրականացնելու եմ իմ բոլոր լիազորությունները, անկախ նրանից, թե դա ինչ մեկնաբանությունների տեղիք կտա, փորձ կկատարվի դա մտցնելու անձնական կամ այլ շահագրգռվածության դաշտ, անընդունելի եմ համարում, ավելին՝ պրոֆեսիոնալ հարթության մեջ՝ ցանկացածին անհարիր»,- ասել է Կոստանյանը:

 

 

 

 
Երեւանի քաղաքապետարանը 19 միլիոն 475 հազար դրամ կծախսի՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար: Մայրաքաղաքի բյուջեից հատկացվելիք այդ գումարը նախատեսվում է ծախսել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիսությունները կազմակերպելու համար. տեղի կունենա տոնական համերգ՝ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա տեղակալները Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից այն աստիճան են կտրվել, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում ուտուշ-խմուշ եւ համերգ-մամերգ կազմակերպելուց բացի՝ նրանց մտքով ոչինչ չի անցնում: Արդյոք այդ գումարով հնարավոր չէ մայրաքաղաքի որեւէ խնդիր լուծել, որպեսզի այդ նպատակով եկող տարի գումար չծախսեն, փոխարենը ավելի համեստ միջոցառում անցկացվի: Ի վերջո, հացի խնդիր ունեցող մարդկանց մոտ հենց նման ցուցադրական «տաշի-տուշիների» պատճառով է ավելանում հիասթափության չափաբաժինը:

 

 

 
ԳԱՂՏԱԳՈՂԻ

2013 թվականի մայիսին պաշտոնանկ արված ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, ով ամենավերջիններից էր, որ իմացավ իր պաշտոնանկության մասին, կրկին անակնկալի է հանդիպել: Երեք օր առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հյուրընկալվել են նախկին պաշտոնյայի բնակարան եւ խուզարկություն անցկացրել: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ հրաժարվել է այս գործով որեւէ մանրամասն հաղորդել՝ հորդորելով դիմել խուզարկություն իրականացրած սուբյեկտին: Իսկ ԱԱԾ-ն, ինչպես հայտնի է, «ամենաբերանփակ» կառույցն է:
Թե ինչն է եղել խուզարկության պատճառը, դեռ կպարզվի, այժմ փորձենք հասկանալ իրավիճակը: Նախ՝ արձանագրենք, որ ՀՔԾ նախկին պետի տան խուզարկությունը սովորական երեւույթ չէ: Նա իրավապահ, իսկ ավելի կոնկրետ՝ քննչական կառույցի առաջին էշելոնի պաշտոնյա է եղել, որն իր կարգավիճակով թերեւս զիջում է միայն ՀՀ գլխավոր դատախազին: ՀՔԾ-ում քննվում են ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներին առնչվող քրեական գործերը: Նշանակում է՝ Անդրանիկ Միրզոյանը կամ ինչ-որ պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական գործ է կարճել՝ ինչ-որ բանի դիմաց, կամ խոշոր գումարին առնչվող այլ գործի մեջ է եղել, որը տարիներ անց է բացահայտվել: Ամեն դեպքում խուզարկությունը քննչական գործողությունների ընթացքում իրականացվող այն քայլն է, որն իր մեջ հաստատության որոշակի բաղադրիչ է պարունակում: Այսինքն՝ ԱԱԾ քննիչներն ինչ-որ բանում արդեն համոզված են, որ գնացել են ՀՔԾ նախկին պետի տուն՝ իրեղեն ապացույցներ կամ գոնե հետաքրքիր փաստաթղթեր որոնելու:
Ինքը՝ Անդրանիկ Միրզոյանը, խոր ընդհատակ է անցել: Ոչինչ չի խոսում: Միայն հայտնի է, որ լուռ հետեւել է ԱԱԾ աշխատակիցների գործողություններին, ովքեր խուզարկել են իր բնակարանը:
Հիշեցնենք, որ Ա. Միրզոյանը պաշտոնանկ արվեց այսօրվա գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի «ձեռքով»: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մայիսի 2-ի առավոտյան Ս. Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ՀՔԾ ղեկավարը ներկայացրել էր Արցախի զորամասերից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած մի զինվորի քրեական գործի մանրամասները, որին ինքնասպանության են հասցրել զինվորականները: Սակայն նիստի ժամանակ Գ. Կոստանյանը մանրամասն զեկուցել էր, թե ինչպես է ՀՔԾ ղեկավարը ստում: Զինդատախազի ասածներին արժանահավատություն էր հաղորդել ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի խոսքը: Այդ քրգործին խառնվել էր նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Իսկ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին գնալով ՀՔԾ՝ ահա ինչ էր ասել. «Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջեւ, որպեսզի մեծ ջանքեր գործադրի ՀՔԾ կայացման դժվարին գործում»:




Լրահոս