ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՆԴԸ` ԱՐՏԱԳԱՂԹԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2013 թվականին «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հանձնախումբը մշակել էր արտագաղթի կասեցման ծրագիր, որը կոչվում էր «Մենք ապրելու ենք մեր երկրում»: Այն ուներ 11 կոնկրետ ուղղություն եւ ներառում էր շուրջ 95 կոնկրետ գործողություն, ինչպես նաեւ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ փուլեր:

Մասնավորապես արտագաղթի կասեցման համատեքստում առաջարկվում էր վերանայել իրականացվող կադրային քաղաքականությունը: Օրինակ՝ առաջարկվում էր պաշտոններից անմիջապես ազատել մարդկանց, ովքեր իրենց հակասոցիալական, հակապետական, հակաքրիստոնեական վարքուբարքով պետության անունից որոշակի գործառույթներ են իրականացնում, քանի որ նրանց գործունեության արդյունքում է, որ մարդկանց մոտ առաջանում է հիասթափության զգացում: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում ծրագիրը:
-Պարո՛ն Մինասյան, դեռեւս 2013 թվականին ՀՅԴ-ն հանրությանը ներկայացրեց արտագաղթի կասեցման ծրագիր: Նշվեցին նաեւ այն ուղղությունները, որոնց շուրջ պետք է ՀՅԴ-ն աշխատեր: Ի՞նչ փուլում է գտնվում ծրագրի իրականացման ընթացքը:
-Հիշեցնեմ, որ այդ կետերից գլխավորն այն էր, որ պետք է բոլորը ներգրավված լինեն այդ ծրագրի իրականացման գործում, հակառակ դեպքում ծրագիրը կդառնա անարդյունավետ: Այս պահի դրությամբ մենք չունեցանք աջակցություն ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմադիր մեր մյուս գործընկերների կողմից: Գուցե դա քաղաքական ներքին խա՞նդ էր, բայց մենք դրա համար էլ հատուկ հայտարարեցինք ու ասացինք, որ այս ծրագիրը մի՛ համարեք Դաշնակցության ծրագիր, համարեք ձերը եւ արդյունավետ եկեք, քննարկենք: Փոխարենը ամպագորգոռ հայտարարություններ անել… ուղղակի ծրագրային գործողություններ իրականացնենք: Առ այս պահը որեւէ մեկի կողմից այդպիսի ցանկություն չի եղել, որ ծրագիրը դիտվի ամբողջական եւ համատեղ ծրագիր, չնայած քառյակի ձեւաչափում մենք առաջարկել ենք, որ այն ժամանակ դա ներառվեր 12 կետերի մեջ: Այն ժամանակ էլ անհրաժեշտ կոնսենսուսի բացակայության մեջ այն տեղ չգտավ: Բայց մենք շարունակում ենք պնդել նույն տեսակետը, որ արտագաղթի կասեցման ուղղությամբ համատեղ ձեռնարկումներ չլինեն, միայն իշխանությունը կամ ընդդիմությունը միայնակ չի կարող այդ հարցը լուծել: Միաժամանակ մեր հնարավորության սահմանում փորձում ենք դրան ուղղված մի շարք գործողություններ, այնուամենայնիվ, կյանքի կոչել: Բայց ես նորից եմ ասում՝ դրանք ամբողջական լինել չեն կարող, մենք փորձում ենք մեր առաջարկներով նոր լուծումներ տալ:
-Նշեցիք, որ որեւէ մեկը Ձեր ծրագրին չի միացել, խնդրում եմ նշեք, թե կոնկրետ ովքե՞ր են հրաժարվել Ձեզ հետ պայքարել, որպեսզի Հայաստանում արտագաղթի թվերը չաճեն:
-Մենք առաջարկել ենք բոլորին, արձագանքներ չեղավ այն մակարդակով, որ, այո՛, նման ծրագրի մշակման անհրաժեշտություն կա, նորից եմ ասում՝ գուցե քաղաքական նեղ շահերից ելնելով՝ այդ ամենը չեղավ, բայց մենք չենք համարում, որ դա ճիշտ լուծում է, ի վերջո, բոլորը խոսում են արտագաղթի՝ որպես ազգային անվտանգության խնդրի մասին, բայց երբ գալիս է կոնկրետ քայլ անելու ժամանակը, ամեն մեկը փորձում է սեփական ակնոցներով կամ պատուհանով նայել այդ խնդրին: Իսկ առանձին ուժեր էլ փորձում են դա օգտագործելով՝ սեփական քաղաքական իմիջը բարձրացնել, առանց երկար-բարակ մտածելու, որ դրա արդյունքում շարունակում է խորանալ ազգային անվտանգության այդ լուրջ հիմնախնդիրը:
-Բայց արդյո՞ք կարելի է համարել, որ արտագաղթի կասեցման ծրագիրը ՀՅԴ-ի օրակարգում է շարունակում մնալ:
-Ինքը Դաշնակցության օրակարգում եղել է ու կա ու կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք շոշափելի արդյունքների չենք հասել այդ ուղղությամբ ու նորից կոչ ենք անում բոլորին՝ թե՛ իշխանություններին, թե՛ քաղաքական մեր ընդդիմադիր գործընկերներին, թե՛ չեզոք դաշտում գործողներին, միանալ այս կարեւոր նախաձեռնության շուրջ: Մենք համարում ենք, որ եթե քաղաքական ուժը պատասխանատու է համարում մեր երկրի վաղվա օրվա համար, ուրեմն պետք է ծրագրին անդրադարձ կատարվի, անկախ նրանից՝ այդ ծրագրի մշակողները մենք ենք, թե ոչ: Բարձրացված հիմնախնդիրները վերաբերում են մեր պետությանն ու ժողովրդին:
-Կարելի՞ է արձանագրել, որ քաղաքական ուժերն են մեղավոր, որ այսօր ՀՀ-ում օր օրի արտագաղթողների թիվն ավելանում է, քանի որ նրանք մատը մատին չեն տալիս դրա կանխարգելման համար:
-Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ, այնուամենայնիվ, բավարար ջանքեր չեն գործադրվում, որի արդյունքում միայն, դեռեւս ցավալիորեն, արտագաղթի կասեցումը քաղաքական հայտարարություններից այն կողմ չի անցնում, ինչը ցավալի է:
-Կանխատեսումներ կան, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ արտագաղթը մի նոր թափ կհավաքի, այս առումով ՀՅԴ-ն լրացուցիչ քայլեր մշակելո՞ւ է:
-Մենք բազմիցս ասել ենք, որ ԵՏՄ-ի անդամակցությունը որեւէ պատուհան փակելու կամ բացելու խնդիր չէ, կան հնարավորություններ, որ մենք կարող ենք օգտագործելով արտագաղթի դեմն առնել եւ եթե չզարգացնենք, ապա հակառակ էֆեկտին կգանք: Դրա համար ամեն ինչ մեզանից է կախված:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄԵԼ Է ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը երեկ, ի վերջո, անկեղծացել է եւ պատմել, թե իրականում ինչպես է տեղի ունեցել իր եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի դեմ հարձակումը: Պետրոսյանը պատմել է, որ իրեն եւ Եղիազարյանին իսկապես հյուրասիրության է կանչել գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը եւ խորհորդ տվել «թողնել-գնալ» երկրից:

«Ես որպես ընկեր էի հրավիրված, Մանվելն էլ՝ ինձ հետ: Առաջին անգամ եմ բարձրաձայն այս մասին ասում… Հաց ուտելու ընթացքում խոսակցություններ են եղել. նա իշխանական թեւն է ներկայացնում, մենք՝ ընդդիմադիր, խոսել ենք երկրի վիճակից, եւ ես իմ տեսակետներն եմ ներկայացրել: Հետո նա ինձ սկսեց խորհուրդներ տալ, որ ես երկրից գնամ, ես էլ հարցրեցի՝ ինչի՞ համար, խանգարո՞ւմ եմ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա որպես ընկեր էր ինձ խորհուրդ տալիս»-1-in.am-ի հետ զրույցում նշել է Ռազմիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Երանոսյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր այն տեղեկությունը, թե հրամանատարներին իր հրահանգով են ծեծի ենթարկել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները շան թուլի պես կկտրեմ»,- ասել էր Երանոսյանը:
Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքները՝ ԱԺ նախագահից պահանջելով ընդհատել նիստը եւ արտահերթ կարգով քննարկել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի եւ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու դեպքերը: ԱԺ դահլիճում խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը թեեւ խոստացավ միանալ բռնությունները դատապարտող տեքստին, սակայն դրժեց խոստումը: Ավելի ուշ՝ օրվա վերջում, ոչ իշխանական ուժերը հայտարարության նախագիծ տարածեցին, որով խստորեն դատապարտեցին տեղի ունեցած բռնարարքները՝ իրավապահ մարմիններից պահանջելով ձեռնարկել հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու եւ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Ուշադրության է արժանի հայտարարության հատկապես 2-րդ կետը, որում մասնավորապես նշվում է. «Բռնության կոչերի եւ դատապարտելի հայտարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին»:
Արդյո՞ք Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի իր կողմից նշանակված փոխոստիկանապետին, դժվար է ասել, բայց փաստ է, որ Երանոսյանի արարքն անասելիորեն շարժել է ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության զայրույթը, եւ հարցը որեւէ լուծում պետք է ստանա:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ՕՐ
Հայկական դրամը երեկ նորից կտրուկ արժեզրկվեց եւ հատեց 1 դոլարը՝ 500 դրամ սահմանագիծը: Օրվա վերջին 1 դոլարն արդեն վաճառվում էր 505 դրամով, իսկ գնվում՝ 495 դրամով: Սա վերջին 10 տարվա կտրվածքով ռեկորդային վատ ցուցանիշ է: Վերջին անգամ դրամի նման փոխարժեք եղել է 2004 թ. վերջին: ՀՀ ԿԲ երեկ շարունակել է դոլար վաճառել բանկերին: Ըստ ԿԲ-ի՝ երեկ վաճառվել է 4 մլն դոլար` 494.46 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Կարող ենք արձանագրել, որ ԿԲ-ի կողմից վաճառվող դոլարի փախարժեքը նախորդ` ուրբաթօրյա սակարկությունների համեմատ աճել է 24.24 դրամով: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ԿԲ-ն վաճառել էր 6 միլիոն դոլար՝ 470.22 դրամ 1 դոլարը միջին փոխարժեքով: Ի դեպ, երեկ հակառեկորդ սահմանեց նաեւ ռուսական ռուբլին. 1 դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչեւ 67 ռուբլի, հետո մի փոքր իջավ եւ օրը եզրափակեց 65.50 ցուցանիշով:

 

ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ
Հայաստանի գազալցակայաններում գազի գնի բարձրացման պատճառով Երեւանի տարբեր միկրոավտոբուսների վարորդների շրջանում դժգոհությունների ալիք է սկսվել: Նրանք պնդում են, որ այս ամենի արդյունքում իրենց եկամուտը էլ ավելի է նվազել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում միկրոավտոբուսների վարորդները մտադիր են նույնիսկ այս խնդրի առնչությամբ բողոքի ակցիաներ անել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ, ով վրդովված նկատեց. «Կամաց-կամաց գծատերերն անհետանում են, իսկ մարդիկ առաջիկայում ստիպված կլինեն ոտքով ման գալ: Այս ընթացքում չորս երթուղի է փակվել. չեն կարողանում այս պայմաններին աշխատել»: Եղիազարյանի պնդմամբ՝ «գծատերերն» իրենց եկամուտը նվազեցնելու արդյունքում էլ, միեւնույն է, ոչ մի դրական լուծում չեն ստանա:

 

ՆՈՐԻՑ ԳՐԱՎՈՐ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը վիրավորվել է: Երեկ պատգամավորը լրագրողներին ասաց, որ ինքն այսուհետ որոշել է հարցերին պատասխանել գրավոր, քանի որ իր բառերը խեղաթյուրվում են: «Ժողովուրդ»-ի դիտարկմանը, թե Ձեր գործընկերներն են նայել տեսանյութը եւ Ձեզ հենց նրանք են մեղադրում՝ սխալ բաներ խոսելու համար, Սեդրակյանն այսպես է արձագանքել. «Դուք աղավաղում եք իմ ասածները: Կվիրավորեմ բոլորիդ: Հիմա արդեն պետք է ձեր հարցերին գրավոր պատասխանեմ: Կարող է նաեւ չպատասխանեմ»,-ասել է Սեդրակյանը՝ լրագրողներից մեկին ուղարկելով «Կակոսյանի դպրոց»: Նշենք, որ տարիներ առաջ Երեւանում գործում էր մտավոր խնդիրներ ունեցողների համար այդպիսի անունով դպրոց:

 

ՁՈՒՆ ԿԹԱՆԿԱՆԱ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դրամի փոխարժեքի բարձրանալուց հետո ձու արտադրողները ցանկանում են բարձրացնել իրենց արտադրանքի գինը, սակայն նախագահականից արգելում են: ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա օրերին ձուն 2-3 դրամով կրկին կթանկանա:




Լրահոս