ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հանդես են եկել Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Հիշեցնենք, որ դրանից ընդամենը մեկ օր առաջ էլ Փարիզում կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ, ըստ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, կողմերին պետք է ներկայացվեին ղարաբաղյան խնդրի լուծման նոր մոտեցումներ: Թե կոնկրետ ինչ «նոր մոտեցումներ» են ներկայացվել կողմերին, առայժմ հայտնի չէ, սակայն միջնորդ գերտերությունների երեկվա հայտարարությունում առկա որոշ նոր շեշտադրումներ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել վերջիններիս տրամադրվածության մասին: Այդ առումով բավականին ուշագրավ է հետեւյալ ձեւակերպումը. «Կողմերը այլեւս չպետք է հետաձգեն հաստատուն եւ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարեւոր որոշման ընդունումը»: Հիշեցնենք, որ կարգավորման գործընթացի արագացման կոչով ՄԽ համանախագահ երկրների ղեկավարները հանդես էին եկել դեռեւս 2011-ի մայիսի 26-ին` Դովիլում ընդունած հայտարարության մեջ: Սպասվում էր, որ Դովիլից մեկ ամիս անց` հունիսի 24-ին, Կազանում կայանալիք հանդիպման ընթացքում կողմերը պետք է հանգեին բեկումնային արդյունքների, ինչը տեղի չունեցավ ադրբեջանական կողմից բանակցային սեղանի վրա դրված  Մադրիդյան սկզբունքներում 14 նոր առաջարկների ներկայացման պատճառով: Եւ ահա հիմա կարծես թե իրավիճակը կրկնվում է. երեք գերտերությունների նախագահները դարձյալ հորդորում են արագացնել կարգավորումը, սակայն այս անգամ արդեն դա անում են ոչ այնքան կտրուկ ձեւակերպմամբ, ինչպես դովիլյան հայտարարության մեջ, որում ասված էր. «Խնդրի լուծման հետագա ձգձգումը հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում»: Իսկ երեկվա հայտարարության մեջ ոչ միայն ձեւակերպումներն են ավելի մեղմ, այլեւ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ արված զգուշացումները: Սովորաբար, գերտերությունները միանշանակ հայտարարում են, որ անընդունելի է ռազմական լուծման ցանկացած փորձ, իսկ ահա երեկվա հայտարարության մեջ տեսնում ենք ընդամենը ռազմական ճանապարհի անցանկալի հետեւանքների նկարագրություն. «Ռազմական ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը եւ միայն ավելի կերկարաձգի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքները»:  Ձեւակերպումներում տեղ գտած նրբերանգային այս փոփոխություններն էլ ավելի մտահոգիչ են դառնում Ադրբեջանի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում շարունակվող  սահմանային սադրանքների ֆոնի վրա, որոնց երեք նախագահները որեւէ կերպ, փաստորեն, չարձագանքեցին:
Լոս Կաբոսի երեկվա հայտարարությանը կհետեւե՞ն արդյոք լուրջ բանակցային զարգացումներ, դժվար է ասել, սակայն առայժմ պարզ է մեկ բան. չարձագանքելով եւ չդատապարտելով Ադրբեջանի պահվածքը՝ գերտերությունները, ըստ էության, այդ երկրին քարտ բլանշ տվեցին` շարունակելու լոկալ ռազմական սադրանքներով շանտաժի մարտավարությունը:




Լրահոս