ՀՀԿ-Ն ԱԺ-ՈՒՄ ԿԻԱՅՆԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկելու է կառավարության գործունեության ծրագիրը: Երեկ արդեն հայտնի էր այդ ծրագրի վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների դիրքորոշումը. Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն» եւ անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները պատրաստվում են դեմ քվեարկել ներկայացվածին:
Ուշագրավը, թերեւս, ԲՀԿ դիրքորոշումն էր, առավել եւս, ինչպես վստահեցնում են ԲՀԿ մեր աղբյուրները երեկվա խորհրդակցության ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ինքն ընդհանրապես չի ներկայանա այդ ծրագրի քննարկմանն ու քվեարկությանը, իսկ մյուս բոլոր պատգամավորներն անխտիր պետք է գնան ու դեմ քվեարկեն դրան: «Այդ ծրագրի վերաբերյալ բազմաթիվ վերապահումներ կան, եւ մեր տեսակետն արդեն հնչեցվել է ներկայացված ծրագրի իրատեսական լինելու, նաեւ՝ այն իրականացնող կաբինետի առումով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Բացի ԲՀԿ-ից, երեկ խորհրդակցություն կամ խմբակցության նիստ էին հրավիրել նաեւ ԱԺ-ում ներկայացված մյուս ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը:
Այսպիսով՝ միայն իրար հետ կոալիցիա կազմած ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն են կողմ քվեարկելու կառավարության ծրագրին: Այլ կերպ ասած՝ իշխանությունը մնացել է միայնակ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին երեկ հարցրինք՝  ՀՀԿ-ն ինչ է անելու կառավարության ծրագիրը բոյկոտելու դեպքում. «Չեմ կարծում, որ բոյկոտելու արդյունքում կառավարության ծրագիրը չի հաստատվի»,-ասաց նա: Իսկ եթե ՀՀԿ-ին չհաջողվի խորհրդարան բերման ենթարկել բավարար թվով պատգամավորների՝ կառավարության ծրագրին քվեարկելու համար, ապա մյուս ուժերի բոյկոտի դեպքում տխուր պատկեր կարող է արձանագրվել:
Հավելենք, որ եթե ԱԺ-ում իր ծրագիրը հավանության չարժանանա, ապա ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա, եւ նախագահը ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4 կետի 3 մասի համաձայն՝ պետք է ընդունի այդ հրաժարականը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս