«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր սկսվելու է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն ժողովը, որը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը և ինչպես միշտ, կանցկացվի փակ: Թե որտե՞ղ են հավաքվելու դաշնակցականները, գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ ՀՅԴ ԳՄ ժողովը Երևանում չի անցկացվելու: Սույն ժողովում լուրջ իրադարձություններ չեն սպասվում: Փոխարենը՝ Գերագույն ժողովին հաջորդելու է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որն արդեն համադաշնակցական է: Դրան մասնակցելու են ՀՅԴ-ի տարբեր երկրներում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչները: Ընդհանուր ժողովն սկսվելու է հունվարի 16-ին, որի ընթացքում ընտրվելու է ոչ միայն ՀՅԴ տեղական՝ գերագույն նոր մարմին, որի ղեկավարն այժմ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է, այլ նաև ՀՅԴ Բյուրոյի (համադաշնակցական) նոր կազմ, որի ներկայացուցիչը հիմա Հրանտ Մարգարյանն է:
Ընդհանուր ժողովը նույնպես, ավանդույթի համաձայն, անցկացվելու է փակ և Երևանից դուրս: Ըստ որոշ տեղեկությունների՝ այն բավական լարված է անցնելու, և չի բացառվում, որ ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փոխվի, քանի որ նրանից դրսի կառույցները որոշակի դժգոհություններ ունեն: Ընդհանուր ժողովում քննարկվելու է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և ՀՅԴ-ի հետագա անելիքներն ու ուղեգիծը, որից հետո կտարածվի հայտարարություն և գնահատական կտրվի նաև երկրի իրավիճակին:
Թերևս, հենց այդ հայտարարությունից էլ պարզ կդառնա՝ ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա կազմելո՞ւ է, թե՞ դրսի դաշնակցականները դեմ են լինելու այդ ձևաչափով գործող իշխանության հետ համագործակցությանը: Համադաշնակցական ժողովից հետո էլ ՀՅԴ նոր Գերագույն մարմինը ժողով կգումարի: Մի խոսքով, ՀՅԴ-ն մի ամիս փակ և կարևոր ժողովների մեջ է լինելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում