Նախօրեին Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվածների թվին եւս մեկ ռազմական բժշկի անուն է ավելացել: Տուժողը 33-ամյա Գարիկ Սողոմոնյանն է, որի առողջական վիճակը եւս ծանր է` նա ստացել է գլխուղեղի ծանր ցնցում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 17-ին` ժամը 23-ի սահմաններում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի են ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ. ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկներ Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական կրկնակի վիրահատության ենթարկվել: Վիրահատությունները տեւել են մի քանի ժամ: Երեկ կատարվել է նրա գլխի վերջին վիրահատությունը. բժիշկները փորձել են կանխել նրա ուղեղի շարունակվող այտուցումը (ուղեղը թափվում է): Այդ քայլից հետո Ավետյանին արդեն ո՛չ դեղորայքով, ո՛չ էլ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ: Նրա հույսը Աստված է:
Ծեծի ենթարկված բժիշկներից նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը «Ազատության»-ը պատմել է, որ կիրակի երեկոյան իրենք փորձել են 5 հոգով մտնել «Հարսնաքար», սակայն ռեստորանի անվտանգության աշխատակիցները արգելել են՝ ասելով, թե սպորտային համազգեստով չի կարելի: Վահե Ավետյանն ընկերոջ հետ տուն է գնացել, փոխել տաբատը եւ վերադարձել: Արդեն սեղանի շուրջ Ավետյանը մատուցողին հարցրել է՝ «կարո՞ղ է գլխարկն էլ է արգելվում եւ պետք է հանել», մատուցողը վիճաբանություն է սկսել եւ Ավետյանին դուրս հրավիրել: Իրենք եւս դուրս են եկել, որտեղ տեսել են, որ Ավետյանի քթից արդեն արյուն է գալիս: Մատուցողը նրան հարված է հասցրել, որին իբրեւ թե փորձել են հանգստացնել անվտանգության աշխատակիցները՝ ասելով, թե իրենք տեղում են եւ խնդիրը կհարթեն: Հետո ինչ-որ մեկը (Բայադյանը չգիտի՝ մենեջերը, թե անվտանգության աշխատակիցը) իրենց ուղեկցել է ավտոկայանատեղի: Ընդ որում քայլելու ընթացքում «հարսնաքարցիները» հանդարտեցրել են այցելուներին, թե «ինչու սենց եղավ, շփոթմունք էր, ոչինչ», բայց «ավտոկայանատեղիի ճանապարհին կանգնած էին բազմաթիվ մարդիկ, որոնք սկսեցին կամաց-կամաց բոլորիս մեկ առ մեկ շրջապատել: Այդ ժամանակ ինչ-որ մեկը հայհոյեց, որից հետո սկսեցին խփել մեզ: Ոտքերով, ծնկով, ձեռքերով հարվածում էին: Ես գիտակցությունս կորցրել էի. մենակ հիշում եմ, որ ասեցին՝ մեռավ, էլ մի՛ խփեք: Հետո չորեքթաթ կանգնեցի, տեսա՝ Ավետյանն էլ Արկադին էլ, անշարժ պառկած են»: Իրենց գործը կատարելուց հետո հրոսակախումբը անհետացել է:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից պարզել, թե ինչպես է նա բացատրում տեղի ունեցածը եւ ինչ էր քննարկում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին պատկանող սրճարանում: Հայրապետյանն ասաց, որ ինքն արդեն հայտարարություն է տարածել եւ այլեւս չի ցանկանում այդ մասին խոսել: Իսկ հայտարարությամբ նա ասել է. «Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից՝ նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում, բաց եւ թափանցիկ: Ես մարդկայնորեն եւ անկեղծորեն ցավում եմ կատարված անթույլատրելի միջադեպի համար` միաժամանակ հասկանալով, որ դա չի փոխում իրերի վիճակը, եւ հուսանք, որ միջադեպից տուժածների առողջության վերաբերյալ բժիշկների տեղեկությունները կլինեն լավատեսական»:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանապետ, պաշտպանության նախկին փոպնախարար Վլադիմիր Գասպարյանի միջնորդությամբ գործը հետ էր ուղարկել ոստիկանություն: Այստեղից էլ ուշ երեկոյան հայտարարություն տարածվեց. «Գործի նախաքննությունը հունիսի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար եւ` թափանցիկ»:
«Սլաք»-ը երեկ տեղադրեց լուսանկարի դեմքը, որը կասկածվում է բժիշկներին ծեծելու մեջ: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ոստիկանությունը ձերբակալել է Գարիկ Մարգարյանին (լուսանկարում):
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ