ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԱԽՏԸ ՉԲԵՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Սամվել Նիկոյանն իբր թե ընտրվեց ԱԺ նախագահ, իմ մտերիմ պատգամավորներից մեկը, որը հիմա դարձյալ խորհրդարանում է, ասաց. «Սա արդեն վերջն էր… Խորհրդարանը երբեք էսքան հեղինակազրկված չէր եղել»: Ընդ որում ասողը ոչ թե ընդդիմադիր էր, այլ Նիկոյանի հարազատ ՀՀԿ անդամ:
Ասում են` երբ քաղաքական որոշում էր կայացվում Նիկոյանին երկրի երկրորդ դեմքի պաշտոնը տալու մասին, Սերժ Սարգսյանը սկզբում թթված է եղել, իսկ հետո հանկարծ սկսել է ժպտալ… Շատերն այս կերպարանափոխության պատճառը չեն հասկացել: Հետո նրանց հուշել են. նախագահին հարկավոր է եղել բոլորին հասկացնել, թե խորհրդարանի հեղինակությունն իր ափերի մեջ է, ցանկանա` հինգ րոպեում կհեղինակազրկի առանց այն էլ հեղինակազրկված այդ կառույցը: Բայց այս ամենը չլսելու ու չնկատելու տալով` Սամվել Նիկոյանն այնքան էր լրջացել ու այնքան կարեւորել իրեն իշխանության մեջ, որ մոռացել էր անգամ Ռոբեսպիերի հայտնի արտահայտությունը. «Ոչ թե քե՛զ սիրիր իշխանության մեջ, այլ` իշխանությունը քո մեջ»: Բայց ախր ո՞նց հիշեր (եթե, իհարկե, գիտեր) այս միտքը Սամվել Նիկոյանը, երբ նրան սկզբում քաջնազարականության «փիլիսոփայությամբ» փոխնախագահ էին դարձրել, իսկ հետո էլ` ԱԺ նախագահ:
Նորություն ասած չենք լինի, որ Նիկոյանին այդ բարձր պատվին էին արժանացրել մարտի 1-ի առթիվ ստեղծված հանձնաժողովի աշխատանքները բառացիորեն տապալելու, իշխանության կազմակերպած սպանդի հետքերը թաքցնելու համար: Հազարերորդ անգամ կրկնենք, որ նաեւ Ս. Նիկոյանի ջանքերով մինչեւ այսօր դատապարտվածներ չկան: Փոխարենը մարտի 1-ի օպերացիային մասնակցած ավելի քան 35 ոստիկան այս տարիների ընթացքում արժանացել են կառավարական ու գերատեսչական պարգեւների, 12 հոգի ստացել են նոր զինվորական կոչումներ` փոխգնդապետի ու գնդապետի, մեկը` անգամ գեներալի… 4 տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը չի հետաքրքրվել հետաքննության նյութերով, ոչ մեկի մտքով չի անցել քրեական պատասխանատվության ենթարկել Շոթա Վարդանյանին` իրականությանը չհամապատասխանող «փորձագիտական եզրակացություններ» հրապարակելու համար: Այս ամենում, անտարակույս, ներկա է Նիկոյանի «հետքը», որը հանձնաժողովի ամեն նիստից հետո վազում էր ԱԺ նախագահի մոտ`  զեկուցելու:
Ս. Նիկոյանը մեր խորհրդարանի պատմության մեջ մտավ որպես ընդամենը հինգ ամիս նախագահ եղած մարդ (Կարեն Դեմիրճյանն էլ է 5 ամիս պաշտոնավարել, սակայն պաշտոնավարումն ընդհատվեց ողբերգական դեպքով), բայց նա այս հինգ ամսվա ընթացքում հասցրեց այնպիսի կադրային ջարդ իրականացնել, ինչը չէին արել նրա նախորդները տարիների ընթացքում: Անգամ Արթուր Բաղդասարյանը, դառնալով ԱԺ նախագահ եւ խորհրդարանը ողողելով ՕԵԿ անդամներով, կադրային փոփոխություններ գրեթե չկատարեց: Իսկ ահա Նիկոյանը որոշել էր յուրայիններին իր կողքին նստեցնել, որպեսզի, հավանաբար, իրեն ապահով զգար, քանի որ  վախենում էր Հովիկ Աբրահամյանի ստվերից: Աբրահամյանի կադրերին խորհրդարանից դուրս մղելու պատճառներից մեկն էլ այն էր, որ Աբրահամյանը բառացիորեն բանի տեղ չէր դնում իր կուսակից տեղակալին` մտերիմների մոտ ծաղրելով նրան… Դե, տարբեր «կալիբրի» գործիչներ են. Արգամիչը տարածաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, իսկ Սամվել Պարգեւիչը նոր-նոր է սկսում հարստանալ, օբյեկտներ ձեռք բերել…
Քաջ գիտակցելով, որ ԱԺ նախագահի պաշտոնում իր ներկայությունը շատ կարճ է տեւելու, Նիկոյանն ամիսներ շարունակ ջանք ու եռանդ չէր խնայում վարչապետ Տիգրան Սարգսյանի «աչքը մտնելու»  համար, անգամ համատեղությամբ մեքենայի դուռ բացողի պարտականություններն էր կատարում` ծռմռվելով վարչապետի առաջ: Աշխարհի ոչ մի երկրում պետության երկրորդ դեմքը երրորդ դեմքի առջեւ հնազանդություն  չի ցուցաբերում, ծառայամտորեն չի ենթարկվում նրան, բայց Նիկոյանն անում էր` հանուն նախարարական պորտֆելի: Նա աչք էր դրել «տնտեսական բլոկի» նախարարությունների վրա` կամենալով հատկապես զբաղեցնել տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը: Դա մեր երկրում ամենաեկամտաբեր ոլորտներից է, քանի որ այստեղ շրջանառվում են ինչպես պետական բյուջեի, այնպես էլ օտարերկրյա ընկերությունների ու տարբեր դոնոր կազմակերպությունների միջոցները… Նիկոյանն այնքան համոզված էր իր նշանակման մեջ,  որ արդեն սկսել էր կաբինետի ձեւավորումը, տարբեր խոստումներ էր տվել, անգամ մտածում էր ծառայողական մեքենայի մասին, խորհրդակցել էր շատ հարուստ պատգամավորի հետ, թե ինչ մեքենա ձեռք բերի, որպեսզի «պրեստիժ» լինի: Սակայն Սերժ Սարգսյանը վերցրեց ու Գագիկ Բեգլարյանին նշանակեց: Անգամ բնապահպանության նախարարությունն էլ բաժին չհասավ Նիկոյանին:
Ըստ որոշ լուրերի` Նիկոյանի «արշավը» դեպի գործադիր կանխել է Հովիկ Աբրահամյանը: Իհարկե, Արգամիչը վրեժխնդիր է լինում իր կադրերի համար: Բայց ոչ միայն դրա համար: ԱԺ նախագահին յուրաքանչյուր տարի պետբյուջեից 25 միլիոն դրամ է տրամադրվում բարեգործական միջոցառումներ կազմակերպելու եւ սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար: 2012թ. 5 ամիսների ընթացքում, համաձայն որոշ լուրերի, Նիկոյանը հասցրել է այդ գումարի մի զգալի մասով «նվիրատվություններ» անել` այդպես էլ որեւէ հաշվետվություն չներկայացնելով: Հուսանք, որ գոնե մեր հրապարակումից հետո ԱԺ նախկին նախագահ ու շարքային պատգամավոր Ս. Նիկոյանը հայտարարություն կանի, թե ինչքան գումար է ծախսել եւ ինչի համար… Նաեւ կասի, թե ինչպես է տնօրինել ԱԺ միջոցները, հատկապես ում եւ ինչքան բենզինի կտրոն է տվել, որքան գումար է տրամադրել գործուղումների համար եւ այլն:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս