ՎԵ՞ՐՋ ՎԱՐԴԱՆԻԿԻ ԿԼԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ ամսից կմեկնարկեն Գյումրու քաղաքապետի թեկնածուների առաջադրումները, եւ արդեն շրջանառվում են այդ աթոռի համար պայքարող հավանական թեկնածուների անունները: Եթե ապրեինք նորմալ երկրում, իհարկե,  իրական  մրցակցությունը միայն ողջունելի կլիներ: Սակայն Հայաստանում ամեն ինչ որոշվում է Բաղրամյան 26-ում, եւ թե ով կլինի Գյումրու քաղաքապետը, կախված է նրանից, թե Սերժ Սարգսյանն ում կցանկանա տեսնել այդ պաշտոնում: Վարդան Ղուկասյանի տարբերակն ԱԺ ընտրություններից հետո գրեթե հասցվել է նվազագույնի: Թեեւ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովը փաստում է, որ չորրորդ անգամ անընդմեջ Վարդան Ղուկասյանն  առաջադրելու է իր թեկնածությունը, որովհետեւ կիսատ մնացած գործեր կան,  որոնք  ցանկանում է ավարտին հասցնել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը գալիք ՏԻՄ ընտրություններին ոչ միայն չի սատարելու Հանրապետական Վարդան Ղուկասյանին, այլեւ աշխատելու է նրա դեմ: Այդպիսին է իշխանությունների հանձնարարականը, որոնք, իհարկե, կուլ չեն տվել Ղուկասյանի անգործությունը խորհրդարանական ընտրությունների ընթացքում:
Իսկ թե ով կլինի իշխանական թեկնածուն, առայժմ միայն ենթադրություններ են:  ՀՀԿ-ական, գործարար Արման Սահակյանի տարբերակը շատ հավանական էր թվում խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն երբ նա պարտվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին, դրանից հետո ենթադրելի է, որ իշխանությունները նրան չեն մղի առաջին պլան, կփորձեն փնտրել այնպիսի թեկնածուի, ում համար համեմատաբար հեշտ կլինի հաղթել: Գյումրիում շրջանառվում է նաեւ Սուքիաս Ավետիսյանի անունը: Թեեւ մեզ հետ զրույցում վերջինս մեր բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց. «Նման խոսակցություն դեռ չկա, միայն այդքանը կարող եմ ասել»:
Հավանական թեկնածուների շարքում հիմնականում ԲՀԿ-ականներ են: ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ԲՀԿ-ի քաղխորհրդի որոշումից է կախված` կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ: «Ինքնաառաջադրում գուցե չլինի, բայց կուսակցության որոշումից շատ բան է կախված, անկախ նրանից` դրական կլինի այդ որոշումը, թե բացասական»,-նշեց Գրիգորյանը` չցանկանալով ասել` արդյոք ինքն անձամբ ցանկանում է դառնալ քաղաքապետ, թե ոչ:
Հաջորդ թեկնածուն դարձյալ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է: Կոնկրետ նրանից  այդ հարցը ճշտել մեզ չհաջողվեց, սակայն միանգամայն հավանական է, որ նա կառաջադրի իր թեկնածությունը: Չի բացառվում, որ իր թեկնածությունն առաջադրի նաեւ Մարտուն Գրիգորյանը: Ամեն դեպքում, դատելով քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններից` Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ն այս անգամ էլ շատ սուր մրցակցության մեջ կլինի ՀՀԿ-ի հետ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս