Ադրբեջանի ուղղիչ հաստատությունների ծառայությունը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե թիվ 14 ուղղիչ հաստատության կալանավոր Էլշար Բաբաևը մահացել է կտտանքներից: Այդ մասին АПА գործակալությանը տեղեկացրել է արդարադատության ներկայացուցիչ Յաշար Իսակովը:
Կալանավորը մահացել էր դեկտեմբերի 22-ին: Նույն օրը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, թիվ 14 ուղղիչ հաստատությունում, ուր պահվում էր Բաբաևը, անկարգություններ էին բռնկվել: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ուղղիչ հաստատության ներկայացուցիչները «բացատրել են կարգը խախտել փորձող կալանավորներին օրենքի պահանջները», և կարճ ժամանակում կարգ ու կանոնը հաստատվել է: Ուղղիչ ծառայության ղեկավարը հայտարարել է, որ կարգը խախտելու բոլոր փորձերը վճռականորեն կկանխվեն օրենքի սահմաններում: Պատահականության բերումով՝ նույն օրը նույն բանտում կալանավոր է մահացել: