
Օրերս լույս է տեսել ՍԴ անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Պողոսյանի «Մարդու իրավունքներ. նախագիտելիք» գիրքը: Այնտեղ Պողոսյանը ներկայացրել է մարդու անձնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքներն ու ազատությունները: Գրքում լուսաբանված են մարդու իրավունքների վերաբերյալ նախնական պատկերացումները, մարդու իրավունքների տեղն ու դերն արդի համակարգում: Նաեւ ներկայացված է Սահմանադրության ու եվրոպական նախադեպային իրավունքի նշանակությունը մարդու իրավունքների գործում: «Ներկայում, նկատի ունենալով արդի հասարակական կյանքում մարդու իրավունքների դերն ու նշանակությունը, մշտապես անհրաժեշտություն է առաջանում երիտասարդության շրջանում տարածել մարդու իրավունքների մասին գոնե տարրական գիտելիքներ, որոնց իմացությունը, անշուշտ, կնպաստի հասարակության իրավական գիտակցության ձեւավորմանն ու բարձրացմանը»,-գրքի նախաբանում գրել է պարոն Պողոսյանը: