Օրերս «Ժողովուրդ»-ն ահազանգ էր ստացել մի քաղաքացուց, որը բողոքում էր 67 համարի երթուղայինների աշխատանքից: Նա պնդում էր, որ տվյալ երթուղայինները թերանում են եւ ուղեւորներին երթուղու վերջնագիծ չեն հասցնում:
«Երթուղայինը երբ հասնում է «սերվիզի» խաչմերուկ եւ պետք է աջ թեքվի, առանց ուղեւորներից տեղեկանալու` վերջում իջնող կա, թե ոչ, ուղիղ անցնում է խաչմերուկը եւ իր երթուղին ինքնակամ կրճատում: Ես, աշխատանքից հոգնած, տուն եմ գալիս, ի՞նչ անեմ, այս կողմերով եկող ուրիշ երթուղային չկա, եւ ստիպված կրկին օգտվում եմ անբարեխիղճ վարորդների սպասարկած երթուղուց»,-պատմեց քաղաքացին:
Նշենք, որ 67 համարի երթուղին սկսվում է Էրեբունու զանգվածից եւ ավարտվում Նորաշեն 17-րդ թաղամասում: Մենք փորձեցինք ինքներս ստուգել եւ գնացինք քաղաքացու դժգոհության հետքերով: Մուրացանի փողոցից նստեցինք տվյալ երթուղայինը, նստելուց առաջ հարցրինք վարորդից՝ արդյոք հասնում է 15-րդ թաղամաս, եւ երբ վերջինս հաստատուն ձայնով պատասխանեց. «Այո՛, իհարկե», նստեցինք մեքենան: Երբ հասանք «սերվիզի» խաչմերուկ, վարորդն առանց հարցնելու, թե որտեղ ենք իջնում, արագ անցավ խաչմերուկը: Հետաքրքրվեցինք, թե ինչու մեզ տեղ չի հասցնում, վարորդն էլ ասաց. «Էս էլ ա 15-րդ թաղամաս, էլի»:
Երթուղայինից ստիպված իջած երկու կանայք էլ կային: «Ժողովուրդ»-ը փորձեց նրանցից ճշտել, թե միշտ են այդպես ճանապարհի կեսին իրենց իջեցնում. «Չեք պատկերացնի, արդեն հոգնել ենք այս երթուղու վարորդներից, էլ չենք էլ վիճում»:
Հ.Գ. Նշենք, որ «Ժողովուրդ»-ի «ծուղակն» ընկած 67 համարի «Գազել» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշն է` 2975: Հետաքրքիր է՝ ինչ են մտածում այդ երթուղու գծատերերը: Մի՞թե նրանց աշխատանքը սահմանափակվում է միայն գծի գումարները հավաքագրելով: Էլ չենք խոսում քաղաքապետարանի՝ ոլորտը կարգավորող տրանսպորտի վարչության մասին:
67 ՀԱՄԱՐԸ ՉԻ ՀԱՍՑՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ