Հունիսի 17-ին տեղի ունեցավ երկուսենյականոց բնակարանների բաշխման գործընթացը: Նախապես հայտարարված էր, որ միջոցառումը կայանալու է Գյումրու թիվ 11 դպրոցում ժամը 12-ին: Հարկ է նշել, սակայն, որ տեղի ունեցածը իսկական խայտառակություն էր: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դպրոցի դահլիճում, որտեղ անգամ շնչելու օդ չկար: Չկային նաեւ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, որպեսզի այդ աղմուկ-աղաղակի պայմաններում մարդիկ կարողանային լսել, թե ում անունն են հայտարարում նախարարության աշխատակիցները: Սա առաջացրեց մարդկանց զայրույթը, եւ սկսեցին բղավել. «Բավական է մեզ նվաստացնեք», «Այստեղ մարդիկ են հավաքված, այլ ոչ թե ոչխարներ» եւ այլն:
Գյումրի էր եկել ոչ թե քաղաքաշինության նորանշանակ նախարարը, այլ փոխնախարարը, որը մեզ փոխանցեց իր զարմանքը` շեշտելով, որ նման անկազմակերպ միջոցառում երեւի ամբողջ Հայաստանում երբեւէ չի անցկացվել: Իսկ անկազմակերպվածությունը հասավ այն աստիճանի, որ օդափոխության համակարգի բացակայության պատճառով անգամ ուշագնացության դեպքեր տեղի ունեցան: Փոխնախարարը մեղադրեց տեղական ու մարզային իշխանություններին` նշելով, որ բնակբաշխման գործընթացի կազմակերպիչները պարտավոր էին նորմալ պայմաններ ապահովել քաղաքացիների համար: Նախ եւ առաջ ազատ դահլիճ տրամադրել, որ մարդիկ, թեկուզ եւ ոտքի վրա, կարողանան հանգիստ կանգնել:
Գործընթացի մեկնարկից քիչ անց դահլիճ եկավ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը նախ հորդորեց մարդկանց լռել, ապա որոշում կայացրեց 2 ժամով հետաձգել միջոցառումը եւ 11-րդ դպրոցից այն տեղափոխել Գյումրու տեքստիլագործների ակումբ: Մեր այն հարցին, թե ովքեր են կազմակերպել միջոցառումը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ ստեղծված իրավիճակի համար քաղաքային իշխանությունները պատասխանատվություն չեն կրում, եւ որ ինքն անգամ տեղյակ չի եղել, որ այդ օրը նման միջոցառում է նախատեսված:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը չէր մասնակցում գործընթացին, իսկ մարզպետարանի բնակարանային հարցերով բաժնի պետ Տիգրան Հարությունյանը շեշտեց, որ Դրամատիկական թատրոնում, որտեղ սովորաբար անցկացվել են վիճակահանությունները, այդ օրը միջոցառում է եղել: Դրա մասին նախարարությանը տեղյակ են պահել` առաջարկելով փոխել օրը, սակայն առաջարկը չի ընդունվել, եւ օրը մնացել է անփոփոխ, ինչն էլ հանգեցրել է նման խճճված իրավիճակի: Վերջում հավելենք, որ այս փուլում վիճակահանությամբ բաշխվեց երկուսենյականոց 529 բնակարան:
Գյումրի