Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2014թ. համագործակցության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25 դեկտեմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2014թ. համագործակցության արդյունքները: Համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն՝ եռյակի երաժիշտներն, այս տարի նույնպես մեծ հաջողություններ են ունեցել բազմաթիվ միջազգային բեմերում: 2014թ.-ին Խաչատուրյանի անվան եռյակը համերգային շրջագայություն է ունեցել Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ–ում: Երաժիշտներից յուրաքանչյուրը մեծ ավանդ ունի հիմնադրամի շնորհալի երիտասարդների կրթման գործում, օգնելով երաժշտական դպրոցների սաներին ձեռք բերել գիտելիքներ և փորձ անմիջապես նշանավոր երաժիշտներից:

«Բոլոր ժամանակներում արվեստը զարգանում է մեծամասամբ բարերարների աջակցության շնորհիվ: Beeline-ն իր բարեգործական ծրագրերում մշտապես մեծ ուշադրության է դարձնում արվեստին։ Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես տաղանդավոր երիտասարդները, ովքեր արժանապատվորեն կշարունակեն հայկական դասական երաժշտության փառավոր ավանդույթները: Այսօր, ամփոփելով 2014 թվականը, մենք հպարտությամբ կիսվում ենք կատարված աշխատանքի արդյունքներով, և ուրախ ենք, որ մեր ընդհանուր գործը նպաստում է երիտասարդ սերնդի մշակութային զարգացմանը՝ դրանով իսկ դարձնելով մեր կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշեց. «Տեսնելով մեր գործունեության արդյունքները՝ դժվար է փոխանցել այն ամենն, ինչ մենք զգում ենք: Beeline-ի և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է արդեն 4 տարի և այդ ընթացքում իրականացվել են մի քանի տասնյակ տարբեր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք բարձր ենք գնահատում Beeline–ի ուշադրությունը և ցանկությունը երիտասարդ տաղանդավոր երաժիշտների կրթման հարցում և համոզված ենք, որ սա բավական լուրջ քայլ է դասական երաժշտության զարգացման և տարածման գործում»:

Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999-ին որպես «Արսիկա»: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Չինաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում: Տրիոն համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում։ Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին:

2006-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010–ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։




Լրահոս