Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վարչապետին է ներկայացրել ֆինանսական շուկայում իրականացրած մոնիթորինգի արդյունքները: Նա հավաստիացրել է, թե իրավիճակը լիովին կայունացել է:
«Փոխարժեքի տատանումները կայունացել են: Այժմ կարող ենք ուղղակի փաստել, որ թե՛ գների, թե՛ փոխարժեքի տեսակետից մենք ունենք կայուն իրավիճակ»,- վստահեցրել է Գաբրիելյանը:
Իրոք, դեկտեմբերի 18-ից սկսած` իրավիճակը սկսեց գնալ կայունացման հունով, և չհաշված որոշ փոխանակման կետերի և որոշ բանկերի կողմից իրականացվող պարբերական տատանումներն ու փոխարժեքի չափազանց բարձր մարժան, ընդհանուր առմամբ խուճապային տրամադրությունները, կարծես թե, նվազել են: Նվազել է նաև անցած օրերին «երկնիշ աճ» գրանցած գների բարձրացումը մի շարք ապրանքատեսակների վրա: Այս ամենը լավ է, սակայն չափազանց կարևոր է հասկանալը, թե դա ինչի արդյունքում եղավ: Արդյոք ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած գրագետ քայլերի, թե անձամբ գնապիտակները փոխող վարչապետի Հովիկ Աբրահամյանի «կախարդական փայտիկի» շնորհիվ:
Խնդիրն այն է, որ իրավիճակի կայունացման մեջ, բացի շուկայի սպեկուլյացիոն դրսևորումները փոքր-ինչ զսպելուց (այն էլ` շատ մեծ ուշացումով), վերը նշված բոլոր օղակների դերակատարությունը գրեթե զրոյական է, և դա շատ լավ գիտակցում են հենց իրենք: Իրականում, դրամը կայունացավ այն պարզ պատճառով, որ Վլադիմիր Պուտինը ստիպված եղավ Ռուսաստանի պետական բանկի պահուստային 400 միլիարդ դոլարանոց դրամագլխից 15 միլիարդը մեկ օրում լցնել շուկա` ռուբլու աննախադեպ գահավիժումը կասեցնելու համար: Եվ պետք չէ շատ մեծ տնտեսագիտական գիտելիքներ ունենալ՝ հասկանալու համար, որ դա ժամանակավոր էֆեկտ է ունենալու, որից հետո ռուբլին դարձյալ սկսելու է անկում արձանագրել: Գուցե, արդեն ոչ այդքան շեշտակի, բայց, միևնույն է, անկումն անխուսափելի է:
Իսկ դա նշանակում է, որ հաղորդակից անոթների էֆեկտով անմիջապես վերսկսվելու է նաև դրամի արժեզրկումը և գների հերթական աճը: Ահա այս հեռանկարը կանխելու համար ինչ է անեում կառավարությունը: Այս հարցի պատասխանը, սակայն, կառավարության նիստում չհնչեց, քանի որ հարցն ինքնին չբարձրացվեց: Մեր կառավարությունում գերադասում են հերթական անգամ ջայլամի դերում հայտնվել` մինչ գլուխը ավազի մեջ թաղելը նույն ջայլամային հպարտությամբ կուրծքը ցցած հայտարարելով, թե իրենք իրավիճակը կայունացրել են: