Հայաստանն ԱՊՀ տարածքում առաջատար է. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Առողջապաահության նախարար Արմեն Մուրադյանը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ չցանկացավ մեկնաբանել այն լուրը, համաձայն որի՝ Առողջապահության և Սոցիալական հարցերի նախարարությունները միավորվելու են:

«Այդպիսի փորձ մեր երկրում մեկ անգամ արդեն եղել է 2000 թվականին: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա այդ փորձի տևողությունը եղավ ընդամենը 2 ամիս, որից հետո նորից առանձնացվեց: Մնացած մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասաց նախարարը՝ հավելելով. «Ես ձեռնպահ կմնամ լուրեր մեկնաբանելուց, քանի որ չեմ տիրապետում առարկայական որևէ նյութի այս հարցի շուրջ»:

Ալյուրի երկաթով հարստացման հետ կապված որոշման մասին նախարարը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել շահագրգիռ կառույցների հետ, մեկ բառով ասած, այս ծրագիրը առողջություն կտա քաղաքացիներին:

«Ես համոզված եմ և ամենայն պատասխանատվությամբ կուզեի ներկայացնել, որ առողջապահական նման ծրարգերը բարձր ծախսարդյունավետություն ունեն: Մեր երկրում ծախսարդյունավետությունը մեկ միավորի դիմաց կլինի 17 միավոր: Խորհրդային տարիներին սա իրականացվում էր և փաստացի ուզում ենք վերականգնել այն ամենն, ինչը մենք բնությունից վերցրել ենք: Այս ծրագրի իրականացումը կապահովի առողջապահական ցուցանիշների բարելավում»,- հավելեց Արմեն Մուրադյանը:

Անդրադառնալով վերջին օրերին դրամ-դոլար տատանումներին և դեղորայքի թանկացմանը, նախարար Մուրադյանը նշեց` դեղորայքի գինը կտրուկ նվազել է շուկայում: «Խնդիրը վերաբերում էր ոչ միայն դեղերի գներին, այլև դրանց ուղղակի հասանելիությանը շուկայում, որովհետև այդ օրերին շուկայում առանձին դեղորայքներ չկային ներկայացված: Կային դեղորայքներ, որոնք բացարձակապես կապված չէին տարադրամի տատանումների հետ: Խոսքը վերաբերում է հայկական արտադրության դեղերին: Վստահաբար կարող եմ ասել, որ դեղորայքի գինը կտրուկ նվազել է վերջին օրերին և գտնվում է հսկողության տակ: Իսկ բուժծառայության գները կտրուկ չեն բարձրացվել ոչ մի բուժհիմնարկում»,- ավելացրեց Առողջապահության նախարարը:

Արմեն Մուրադյանը խոսեց նաև այն մասին,  որ Հայաստանում միջին հաշվով 74 տարի են ապրում, ինչը ԱՊՀ տարածքում բավականին լավ և առաջադեմ ցուցանիշ է:




Լրահոս