Երևանի քաղաքապետը պարգևատրել է մի շարք ոլորտների ներկայացուցիչների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների ներկայացուցիչների:

Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետը բարձր է գնահատել յուրաքանչյուրի ներդրումը և շնորհակալություն հայտնել տարբեր ոլորտներում 2014 թվականի ընթացքում կատարված մեծածավալ արդյունավետ աշխատանքի ու գրանցած ձեռքբերումների համար:

«Տոնական այս առիթով ուզում եմ ոչ միայն շնորհավորել, այլև շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրված, բարեխիղճ աշխատանքի համար: Տարեվերջյան այս ամփոփումներով արձանագրում ենք նշանակալի ձեռքբերումներ, որոնք յուրաքանչյուրիս մեր տեղում ու մեր գործում ունեցած սրտացավ ու նվիրված աշխատանքի արդյունքն են: Համոզված եմ, որ հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, նույն եռանդով ու սրտացավությամբ պիտի շարունակեք աշխատել նաև հաջորդ տարի: Նվիրված աշխատանքը, փոխադարձ վստահությունը, մեզանից յուրաքանչյուրի եռանդը և ներդրումը, վստահաբար, ավելի լավն է դարձնում Երևանը: Կրկին շնորհավորելով Ամանորի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորին: Ու թող որ 2015 թվականը խաղաղություն և բարօրություն բերի մեր երկրին, քաղաքամայր Երևանին ու մեր ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևան քաղաքի առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների, նշանակալի ավանդի և երկարամյա վաստակի համար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով:  Երևան քաղաքում պետական, հասարակական նշանակալի գործունեություն ծավալելու, երկարամյա և անմնացորդ աշխատանքի համար «Արգիշտի Առաջին» հուշամեդալով է պարգևատրվել նաև «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Յուրի Ջավադյանը:

Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ դասական երաժշտարվեստի տարածման և Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած զգալի ավանդի համար Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը,  ինչպես նաև կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ, կապիտան Խաչիկ Մկրտչյանը մայրաքաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված երկարամյա անբասիր գործունեության համար արժանացել է քաղաքապետի ոսկե մեդալի:

Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեխիղճ և անբասիր աշխատանքի համար «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր մանկական գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանը ևս պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սարյա Եսայանը՝ բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար:

Երևան քաղաքում հեղինակային երաժշտարվեստի տարածման և բարձրաճաշակ մատուցման, մայրաքաղաքի մշակութային կյանքում ներդրած զգալի ավանդի համար կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին քաղաքապետի կողմից պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական գործունեության համար «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի և ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Մանկավարժական բազմամյա գործունեության  ընթացքում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար  որոշ մանկավարժներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին գնահատանքի, ինչպես նաև մշտական ուշադրության համար` պարգևատրվածները նշել են, որ մրցանակն իսկապես պարտավորեցնող է, և հետագայում ևս իրենց աշխատանքով կնպաստեն սիրելի քաղաքի զարգացմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ գալիք՝ 2015 թվականին քաղաքապետարանը, իր որդեգրած քաղաքականության համաձայն, կապահովի բոլոր այն ծրագրերի շարունակականությունը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու երևանցիների բարեկեցությանը:




Լրահոս