ԵՏՄ տեղեկություն տրամադրող մարմիններ են ճանաչվել Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Եվրասիական տնտեսական միության երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետաքննություն անցկացնող մարմնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տեղեկություն տրամադրող ՀՀ լիազոր մարմիններն են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՏՀ-ն նման միջոցներ է կիրառում երրորդ երկրներից ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ: ՀՀ լիազոր մարմիններ նշանակելու խնդիրը բխում է ԵՏՄ պայմանագրային դաշտի պահանջից:

ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև Միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքների առաքման սահմանափակումների հսկողության» կարգը:

Որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծված և գրանցամատյաններում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների՝ առանց իրավատիրոջ համաձայնության ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածք արտահանումը թույլ չտալու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:
Գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետություն հատիկային բերքի հավաքման կոմբայնների և դրանց մոդուլների երրորդ երկրից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի հաստատած ներմուծման թույլատրելի ծավալին համապատասխան: Նշված տեխնիկայի ներմուծման մեկանգամյա արտոնագրի (թույլտվության) տրման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:




Լրահոս