Դեդ Հասանի մահից հետո սպանվել է 165 «օրենքով գող». ի՞նչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել Շաքրո-մոլոդոյը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով առավել հայտնի է Շաքրո-մոլոդոյ անունով, վերջերս Իսպանիայից արտաքսվել է Մոսկվա: Կալաշովն Իսպանիայից Ռուսաստան է ժամանել 2014թ. հոկտեմբերի 29-ին և բնակվում է Մերձմոսկվայում գտնվող իր առանձնատանը։ Յուրաքանչյուր օր նրան զանգահարում են տասնյակ «օրենքով գողեր», ովքեր ցանկանում են հանդիպել նրա հետ, սակայն գրեթե բոլորին նա մերժում է՝ պատճառաբանելով, որ ծանոթանում է իրավիճակին։

Կալաշովը բացառություն է արել միայն սլավոնական քրեական կլանի ամենաազդեցիկ առաջնորդների՝ «օրենքով գողեր» Ալեքսեյ Պետրովի (Պետրիկ) և Վլադիմիր Տյուրինի (Տյուրիկ) համար։ Շաքրոյի մոտ հաճախակի հյուրեր են գալիս նաև «օրենքով գողեր» Յուրի Պիչուգինը (Պիչուգա), Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Դմիտրի Չանտուրիան (Միրոն)։ Ինչ վերաբերում է մյուս «օրենքով գողերին», ովքեր ցանկանում են անձամբ շփվել Շաքրոյի հետ, ապա վերջինս արդեն ցանկություն է հայտնել մոտ ժամանակում խոշոր հավաք կազմակերպել։ Ենթադրվում է, որ մասնակցություն կունենան մի քանի հարյուր «գողեր»: Կալաշովի կարծիքով հանդիպմանը կքննարկվեն ոչ միայն խոշոր կոնֆլիկտները, այլև վերջնական որոշումներ կկայացնեն, որոնք առանձին նամակի տեսքով կուղարկվեն բոլոր կալանավայրեր:

Թեմայի շուրջ Armlur.am-ը զրուցեց քրեական իրադարձություններից քաջատեղյակ, վերլուծաբան Սերգեյ Գալոյանի հետ, ում կանխատեսումներով` հենց նշված մեծ հավաքի ընթացքում էլ կքննարկվեն այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին, օրինակ, մոսկովյան որևէ շուկայի վերահսկողությունն ում ձեռքում պետք է լինի կամ ով է զբաղվելու ինքնաթիռների սարքավորումների արտադրությամբ:

«Դեդ Հասանի մահից հետո սպանվել է 165 «օրենքով գող»: Շաքրո-մոլոդոյի վերադարձը նշանակում է, որ այդ սպանությունների շղթան պետք է փակվի»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ հարցին՝ ինչու Էդուարդ Ասատրյանը` Ասետրինան, որևէ կերպ վրեժ չի լուծում որդուն` Սերյոժա Ասատրյանին սպանողից, Սերգեյ Գալոյանը պարզաբանեց, որ ամեն բան կլինի իր ժամանակին. մարդիկ կան, որոնք իրենց վրեժը ցուցադրաբար չեն լուծում:

Սերգեյ Գալոյանի հետ հարցազրույցն ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:

Նշենք նաև, որ վերոնշյալ հավանական «սխոդկայի» հիմնական թեման պետք է լինի բազմամյա պայքարը Տարիել Օնիանիի (Տարոն ռուսական բանտում պատիժ է կրում), Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումսկին իտալական բանտում է) և Ասլան Ուսոյանի կլանների միջև: Վարկածներ կան, որ հենց այս պայքարի հետևանքով են Դեդ Հասանն ու Յապոնչիկը սպանվել: Շաքրոյի մոտ կասկած է հարուցել այն, որ միանգամից մի քանի նամակ-խնդրագիր է ստացել՝ ուղարկված ոչ մեծ շրջանակների կողմից՝ կապված Տարոյի և Մերաբի՝ կարգալույծ լինելու հետ:

Կալաշովի կարծիքով՝ մեծամասշտաբ «սխոդկայի» ժամանակ պետք է մեկ ընդհանուր որոշում կայացվի Օնիանիի և Ջանգվելաձեի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Որոշման տակ պետք է ստորագրեն ավելի քան 100 «օրենքով գող»: Այս որոշումը, ի տարբերություն նախկինների, այլևս ոչ ոք քրեական աշխարհում կասկածի տակ դնելու իրավունք չի ունենա: Սրա նկատմամբ կողմնորոշումները Կալաշովին արդեն իսկ հայտնի են: Որոշ տվյալների համաձայն՝ հիմա նա, մեղմ ասած, ծայրահեղ բացասական է արտահայտվում իր նախկին ընկերների՝ Տարոյի և Մերաբի մասին, թեպետ նրանց անմիջապես չի մեղադրում Դեդ Հասանի և Յապոնչիկի սպանությունների մեջ:

«Սխոդկայի» ժամանակ կքննարկվի նաև մեկ այլ կոնֆլիկտ՝ առկա Պիչուգայի և Օլեգ Շիշկանովի (Շաշկան) միջև: Լարված հարաբերությունների պատճառը եղել է այն, որ Պիչուգան մի քանի անգամ «սխոդկաներ» է կազմակերպել՝ քննարկման դնելով Էդուարդ Ասատրյանի (Էդիկ Ասատրյան) և Կանստանտին Բորիսովի (Կոստիլ) կարգալույծ անելու թեման: Շիկանովը, ով երկար ժամանակ է՝ գտնվում է նրանց հետ լավ հարաբերությունների մեջ, Պիչուգային խիստ պայմաններ է ներկայացրել: Մինչդեռ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:




Լրահոս