Բաղրամյանում ավագանու անդամները կանայք են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում ավագանու ընտրությունները հետաքրքիր ընթացք են ունեցել: Բանն այն է, որ այս համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրությունների համար առաջադրված հինգ թեկնածուներից չորսը կին է եղել՝ ՀՅԴ-ական Ժաննա Թավակալովան, ով հավաքել է 151 ձայն, ՀՀԿ-ական Մաքրուհի Ղազարյանը, ով ստացել է 47 ձայն, անկուսակցական Մանիկ Մինասյանը՝ 49 ձայն, Ալվարդ Սարգսյանը՝ 11 ձայն եւ ավագանու ընտրված անդամներից միակ տղամարդը՝ Նարեկ Տոմիկյանը՝ 42 ձայն:

«Ժողովուրդ»-ը զրուցել է գենդերային` կանացի անհավասարություն արձանագրած համայնքի ղեկավար Կայծակ Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, ո՞րն է պատճառը, որ Ձեր համայնքում առավելապես կանայք են առաջադրել իրենց թեկնածությունը:

-Տղամարդիկ հարմար չեն գտել, չեն առաջադրվել: Այս տարվա հունիս ամսից համայնքապետարանի աշխատանքները պարալիզացված են, քանի որ տղամարդիկ իրենց սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ Հայաստանում չեն, մեկնել են արտագնա աշխատանքի՝ ՌԴ: Բացակայում էին, դրա համար էլ նիստեր չէին կայանում: Բացի այդ՝ մարդուն ավելի ձեռնտու է գնա իր հողն ու ծառը ջրի, քան թե գա ու նիստ անի:

-Մտավախություն չունե՞ք, որ մի օր էլ Ձեր պաշտոնում բացառապես կին թեկնածուներ կառաջադրվեն, եւ Բաղրամյանի հաջորդ համայնքապետը կին կլինի:

-Չեմ մտահոգվում: Գյուղի յուրաքանչյուր փողոցից մի կին է առաջադրվել: Ոչ մի պայման չկա այստեղ ապրելու, բա տղամարդիկ մնան այստեղ, ի՞նչ անեն:

-Ի՞նչ եք կարծում՝ կանայք կկարողանա՞ն գլուխ հանել:

-Ինչի չեն կարող: Լո՞ւյս պետք է քաշեն, թե՞ ստոլբա տեղադրեն կամ ասֆալտ անեն: Իրենք իրենց օբյեկտիվ հարցերն առաջ կքաշեն նիստերին, գյուղապետարանն էլ կանի: Խելք խելքի կտանք, կանենք: Թազա նոր Մոսկվան չպետք է ստեղծենք:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս