ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների՝ աշխարհում անտուն մարդկանց 30-40%-ը չարաշահում է ալկոհոլը, 10-20%-ը՝ թմրանյութերը, իսկ 10%-ը տառապում է լուրջ հոգեկան հիվանդությամբ: Անօթեւան մարդկանց 12%-ը կանայք են: 
Շաբաթ օրը` առավոտյան, դուրս եկա` աղբը թափելու: Աղբամանի մոտ հանդիպեցի մի կնոջ, որն ուսապարկում տեղավորում էր աղբարկղից հայթայթած կերակրի մնացորդները, ապակե եւ պոլիէթիլենային տարաները: Խնդրեց հացը եւ շշերը չթափել, խոստացավ 2 օրից գալ ու տանել: Հետաքրքրությունը ստիպեց շփվել շեղված ապրելակերպ ունեցող այդ կնոջ հետ: Անունն Էլյա է, ծնունդով Լոռու մարզի Աքորի գյուղից է: Կարդացած ու բանիմաց կին էր երեւում: Զրույցի ընթացքում պատմեց, որ եղել է խորհրդային եւ նույնիսկ արտասահմանյան մի քանի երկրներում: 70-ականներից ամուսնու՝ Ժորայի հետ տեղափոխվել են Երեւան: Ամուսինն   ավտոպարկում վարորդ է աշխատել, իսկ Էլյան՝ հաշվետար: Նույն հիմնարկից էլ ստացել են 3-սենյականոց բնակարան: 
Ամուսինը հիվանդացել է քաղցկեղով, բնակարանը վաճառել են բուժման ծախսերը հոգալու համար: Էլյան թողել է աշխատանքը, որպեսզի ամուսնուն խնամի:  Բժիշկներին չի հաջողվել  փրկել  Ժորայի կյանքը, կես տարի անց նա մահացել է: Կինը տնտեսած գումարով ձեռք է բերել մեկսենյականոց բնակարան քաղաքի ծայրամասում: Մի կերպ կարողացել է իր գլուխը պահել: Սակայն Էլյայի կյանքի դժվարություններն ավելացել են, երբ ամուսնու եղբոր ամուսնալուծված  աղջիկը երկու զավակների հետ բնակության է տեղափոխվել նրա մոտ: Հոգեկան  լուրջ հիվանդությամբ տառապող աղջիկն ու նրա դպրոցահասակ երեխաները մնացել են Էլյայի  հույսին:
,Սեփական երեխաներ չեմ ունեցել, բայց միշտ երազել եմ այդ մասին: Հիմա, գուցե արդար չէ, բայց համարում եմ, որ Աստված դատարկ կյանքս լրացնելու հնարավորություն է տվել: Կենսաթոշակ չեմ ստանում, մի քանի վաճառակետերում հավաքարար եմ աշխատում, սակայն վաստակածս չի հերիքում: Ստիպված շիշ եմ հանձնում, գարաժում մի քանի հավ եմ պահում: Էս հացն էլ հավաքում եմ, որ հավի կերին փող չտամ: Ձու եմ հավաքում, մի մասն էլ վաճառում եմ: Երեխաները դասի գնալուց   առաջ  մի-մի հատ ուտում են, գոնե անոթի դպրոց չեն գնաե:
Էլյան նշում  է, որ իր թաղամասում ամաչում է “գործ անել”, քանի որ նախկինում, երբ իր “կյանքը ստվերոտ չէր”, հարեւաններն ու բարեկամները հարգանքով էին վերաբերվում իրեն, հիմա շատերը չեն էլ բարեւում: “Նույնիսկ անունս են փոխել, Էլո են կանչում: Բայց դե կյանքն աստիճան է, ես չար չեմ, բայց ասեմ` ով ինչ արագությամբ բարձրանում է, նույն արագությամբ էլ իջնում է այդ աստիճաններով”,-ասում է տիկին Էլյան:
Տարեց կինը  նշում է, որ  իր գործը լավ է պատկերացնում, ուրիշի հացին “վայիս” չի լինում: Գիտի, թե որ օրն է հաջողակ, նույնիսկ թաղամասերն է առանձնացնում: “Շաբաթ-կիրակին եկամտաբեր օրեր են: Հանգստյան օրերին կերուխումը շատ է լինում: Ուրիշները քեֆ են անում, ինձ էլ սեղանի շշերն ու հացի կտորտանքն է մնում,-դառնորեն կեսկատակ ասում է Էլյան,-Դավիթաշենն ամենաբերքառատ թաղամասն է ինձ համար: Այնտեղ սեփական տները շատ են, դրկիցներով հավաքվում են, խմում: Շշերն էլ չեն թափում, պահում են, որ անձամբ ինձ տան: Ես էլ լավության տակ չեմ մնում, գործ-մործ են ունենում, անում եմ, օգնում: Մեկ-մեկ էլ դրա դիմաց փող են տալիս: Էնպես որ, Դավիթաշենում ինձ շատ են հարգումե:
Բաժանվեցինք… երկար ժամանակ Էլյայի հետ զրույցը մոռանալ չէի կարողանում: Տեսնես ե՞րբ կլինի, որ մեր երկրում Էլյայի նման տարիների վաստակ ունեցող մարդիկ արժանավայել ծերության հնարավորություն ստանան:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս