Պայմանագրային զինծառայող Վահան Թադևոսյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը` անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Պատիժ է նշանակվել կարգապահական գումարտակում պահել` 1 (մեկ) տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է 1 տարվա փորձաշրջան:
Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է դատաան տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ ԼՂՀ Հադրութի շրջանի Հայկավան գյուղի 27-ամյա բնակիչ, ՊԲ N զորամասի սպասարկման դասակի էլեկտրիկ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային Վահան Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով N զորամասի զինծառայող` խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները: Այսպես, զորամասի տարածքից անասուններին քշելու համար իր կանչով չներկայանալու պատճառով 2014 թ-ի հուլիսի 4-ին վիճաբանության մեջ է մտել շարքային Ալեն Մարգարյանի հետ: Վիճաբանության ընթացքում բռնություն է գործադրել Մարգարյանի նկատմամբ`պատճառելով առողջության թեթև վնաս: Նշենք, որ զինծառայողների միջև ստորադասության հարաբերություններ չեն եղել:
Զինծառայողները վիճաբանության մեջ են մտել զորամասի ինֆեկցիոն բաժանմունքում: Այդ ժամանակ Ալեն Մարգարյանը ՊԲ զորամասերից մեկից գործուղվել էր մեկ այլ զորամաս: Նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում Վահան Թադևոսյանը կատարել է այլ բռնի գործողություններ` քաշքշել և հրել Ալենին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել և ստացել աջ սրունքի միջին երրորդականի առաջակողմնային շրջանի սալջարդ` վերքի ձևով, և նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: