Չնայած տարվա ավարտին դեռ մեկ ժամանակ կա, բայց արդեն իսկ կարող ենք ասել, որ վարորդներին տուգանելու տեսանկյունից այս տարին լինելու է ռեկորդային: Իսկ ամենակարեւորն այն է, որ հայրենի ոստիկանությունն այս «բարձունքն» ինքը չի նվաճել, այլ խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող սարքերը եւ ճանապարհներին ամեն քայլափոխին հանդիպող արագաչափերը: Ասել կուզենք՝ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման դեպքերի արձանագրման ցուցանիշի ավելացմումը չի նշանակում, որ արդյունքում ՀՀ պետական բյուջեի միջոցներն են ավելացել: Տվյալ դեպքում հարստացել է կոնկրետ ընկերություն` «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն, կամ ավելի ճիշտ՝ այս ընկերության տերերը:
Այսպես՝ ՀՀ ոստիկանությունից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ տեսախցիկների եւ արագաչափերի կողմից արձանագրված ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ կայացվել է մեկ միլիոն 128 հազար 955 որոշում, որոնց վերաբերյալ ծանուցումները ուղարկվել են համապատասխան վարորդներին: Այսինքն՝ տեսանկարահանող սարքերը եւ արագաչափերն օրական նվազագույնը 3 հազար 380 խախտում են արձանագրել: Այսինքն՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ը ՀՀ քաղաքացիներից օրական ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ մոտ 17 մլն դրամ է գրպանում:
Եթե այդ խախտումների թիվը նվազագույն հինգ հազար դրամով հաշվենք, ապա ստացվում է, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի միջոցով վարորդներից հավաքագրվել է 5 միլիարդ 644 միլիոն 775 հազար դրամ: Սա կրկնում ենք՝ նվազագունը, սակայն կասկածից վեր է, որ վարորդներից հավաքագրված գումարը շատ ավելի մեծ է: Ինչպես հայտնի է՝ տեսանկարահանող սարքերը եւ արագաչափերը տեղադրում եւ սպասարկում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն, որը նախկինում ստանում էր արձանագրած խախտումներից գանձվող գումարի 70 տոկոսը:
Սակայն այս տարվա սկզբին ընկերության տնօրինությունը հայտարարեց, որ տուգանքների գումարների մասնաբաժինները փոխվել են, եւ անցած տարվա վերջին արդեն ընկերությանը բաժին է հասնում արձանագրված խախտումներից գանձված գումարի 50 տոկոսը: Տարվա միջին ցուցանիշով խախտումների թիվը դեկտեմբերի արդյունքներն ամփոփելուց հետո կավելանա առնվազն եւս 100 հազարով, իսկ բռնագանձված գումարի թիվն էլ՝ 500 միլիոն դրամով: Ստացվում է, որ տարվա կտրվածքով տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի միջոցով վարորդներից բռնագանձված ընդհանուր գումարը կկազմի առնվազն 6 միլիարդ 200 միլիոն դրամ:
Այսինքն՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին բաժին կհասնի առնվազն 3 միլիարդ 100 միլիոն դրամ: Ստացվում է, որ առանց գործարան աշխատացնելու, առանց քրտնելու, ընդամենը իրենց օրենքով տրված արտոնութան հաշվին եւ ժամանակակից տեխնիկայի հնարավորություններն օգտագործելով՝ ինչ-որ մարդիկ ամսական 260 միլիոն դրամ են վաստակում:
Ի դեպ, տեսանկարահանող սարքերով եւ արագաչափերով արձանագրված խախտումների դիմաց գանձվող գումարի` ոստիկանությանը հասանելիք 50 տոկոս մասնաբաժինը ոչ թե պետբյուջե է փոխանցվում, այլ ոստիկանության արտաբյուջետային հաշվին: Եթե պետբյուջեի միջոցներից արվող ծախսերը կարելի է վերահսկել եւ տեղեկանալ, թե որքան գումար ինչ նպատակով է ծախսվել, ապա արտաբյուջետային հաշիվների գումարների ծախսման գործընթացը հասարակության համար նույն կերպ հասանելի չէ: Իսկ թե ինչի վրա են ծախսվում ոստիկանության արտաբյուջետային հաշվի գումարները, որոշում է ՀՀ ոստիկանության ղեկավարությունը:
Մի խոսքով՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բնագավառն ինչ-որ մարդկանց համար, որոնց մի մասը պաշտոնյաներ են, դարձել է ձեռներեցության յուրատեսակ ձեւ:
Ի դեպ, վերջին տարիներին բազմիցս կարծիքներ է հնչել այն մասին, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դիմաց գանձվող գումարների մի մասը գնում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի գրպանը: Ցանկացած վարորդի հարցնեք, նա վստահաբար կասի, որ իր վճարած տուգանքները գնում են «Սաշիկի գրպանը»: Սակայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ղեկավարությունն այս ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, որ Ալեքսանդր Սարգսյանն իրենց ընկերության հետ կապ չունի:
Հ.Գ. ՀՀ ոստիկանության հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին 10 ամիսներին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 86.554 արձանագրություն է կազմվել: