ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀՀ ԼԻԱՐԺԵՔ ՔԱՂԱՔԱՑԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումը Սերժ Սարգսյանի “հանդուրժողականության” վառ օրինակ է: 
-Պարո՛ն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության նոր ծրագիրը, եւ ըստ Ձեզ՝ արդյոք դրանում կան առկա խնդիրների նոր լուծումներ:
-Ես ասել էի, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն ուղղակի ոչ մեկի կողմից չտեսած ծրագիր է, ոմանք կարողացան կաշառքով ինչ-որ բանի հասնել, հիմա էլ աբստրակտ կառավարության ծրագիր են ներկայացնում: Այն երկիրը, որն ունի կես միլիոնից ավել սոված մարդ, դա ես իրենց թվերն եմ ներկայացնում, իրենք իրավունք ունե՞ն այդպիսի աբստրակտ ծրագիր ներկայացնել: Հասկանալով, որ արդեն պառլամենտական մեծամասնություն ունեն, իրենք թքած ունեն, թե ինչ ծրագիր կներկայացնեն, կկարողանան ինչ-որ բան իրականացնել, թե չէ, նրանք անգամ դրա մասին չեն էլ մտածում: Աշնանն իսկապես քաղաքական լրջագույն ճգնաժամ կսպասվի Հայաստանում, իրենք էլ ոչ մի միտք չունեն տնտեսության մեջ փոփոխություն կատարել, ընդհանրապես միտք չունեն նաեւ աղքատության հարցը լուծել:  Սոված մարդը ստիպված պետք է լքի իր հայրենիքը, ինչի մասին Տիգրան Սարգսյանը ժամանակին մամուլով ասել էր. “Ի՞նչ է, թողնենք՝ մնան երկրում, հեղափոխությո՞ւն անեն”, դրա համար էլ իրենք նորմալ ծրագիր չեն ներկայացնում ու չեն մտածում այն իրագործելու մասին:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չհաջողվեց լուրջ փոփոխություններ կատարել գործադիրում, ինչպես կանխավ խոստացվել էր: 
-Իհարկե նա չէր կարող ինչ-որ բան փոխել, միայն էն խուլ գյուղերում կարող էին հավատալ, որ ինքը կարող էր ինչ-որ բան փոխել: Այդ ծրագրերը կազմում են ՀՀԿ-ի ու իրենց նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերին համահունչ: Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ՀՀ-ի մոտ կես միլիոնից ավել կենսաթոշակառուներին խոստացել էր շուրջ երկու անգամ ավելացնել թոշակը, իսկ հիմա հարց եմ տալիս` բարձրացրե՞լ է, իհարկե ո՛չ:
-Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախընտրական չիրագործված ծրագրից կարելի է եզրակացնել, որ անիրականանալի է նաեւ ՀՀ կառավարության նո՞ր ծրագիրը:
-Այո՛, այդ ամենից կարելի է եզրակացնել ամեն ինչ: Նշեմ նաեւ փաստեր. Սերժ Սարգսյանն իրեն կարգեց նախագահ ու խոստացավ, որ հայի ընտանիքը երկու անգամ ավելի լավ կապրի, հիմա մի ընտանիք կա՞, որ երկու անգամ լավ է ապրում, իհարկե չկա: Ասել էր, որ նորաստեղծ ընտանիքները Հայաստանում կունենան ավտոմեքենա եւ բնակարան ձեռք բերելու հնարավորություն, բացի իրենց երեխաներից, կա՞ մի երեխա, որ ՀՀ-ում ամուսնացել է եւ մեքենա ու բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ունեցել: Եթե նման մի ընտանիք գտնվի, ես իմ մեքենան նվեր կտամ: 
-Պարո՛ն Եղիազարյան, ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրում են “փողերի լվացման” մեջ…
-Ուրեմն Վարդան Օսկանյանն իր վերջին կես տարվա պահվածքով ամեն օր ապացուցում է, որ ի տարբերություն կլանաօլիգարխիկ համակարգի՝ ինքը ՀՀ լիարժեք քաղաքացի է. մարդ է, որը իսկապես մտածում է իր հայրենիքի մասին, իսկ ես դրա համար միայն կարող եմ ուրախ լինել:
-Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք նրա հասցեին հնչեցվող մեղադրանքներում:
-ԲՀԿ-ի ցուցակում 2-րդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանը լրջագույնս քննադատել է իշխանություններին, բնականաբար, սրանք անցան Սերժ Սարգսյանի հայտարարած “հանդուրժողականությանը”: Մի կողմից ունենք այդ հանդուրժողականությունը, մյուս կողմից ունենք դատաիրավական համակարգ, որն աշխարհը չունի, Վարդան Օսկանյանն ասաց ճշմարտությունը եւ պետք է պատժվի: Իսկ ինչպե՞ս պետք է պատժվի. հիմա չեն կարող ասել՝ նա մարդասպան է, չեն կարող ապացուցել, ստիպված ինչ-որ փողերի լվացման մեջ են մեղադրում: Դա պարզ եւ հասկանալի երեւույթ է այս երկրի համար:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս