Սոցիալական խնդիրներից ոչ մի կին անմասն մնալ չի կարող: Սակայն լինում են կանայք, որոնց ամուսինները հոգում են այդ խնդիրները, ու նրանք շատ անգամ նույնիսկ խանութ չեն գնում եւ տեղյակ էլ չեն լինում մթերքների գներից, ինչպես, օրինակ, դերասանուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ:
-Ես առեւտուր չեմ անում, ամբողջն իմ ամուսինն է անում, գներից տեղյակ չեմ, առանձնապես չեմ հետաքրքրվում: Նա շատ լավ է կողմնորոշվում այդ հարցում: Ինքը նաեւ կարծում է, որ կինը չպետք է առեւտուր անի, այդ ծանրությունը տանի:
-Գոնե երբեմն խանութ գնո՞ւմ եք:
-Գնում եմ, բայց ոչ պարտադրված, այլ իմ հաճույքի համար: Պարտադիր պարտականությունը, այսինքն` առեւտուրը, դրված է ամուսնուս վրա: Իսկ ինչ-որ առօրյա բաներ ես գնում եմ: Բայց նախընտրում եմ հեռու մնալ, այն գները, որ տեսնում եմ, ինձ բարկացնում են: 1 կգ խոզի մսի համար վճարում ես 3000 դրամ: Եթե մի շաբաթվա կտրվածքով էլ խոշոր առեւտուր ես անում, 50.000 դրամ ծախսում ես: Բայց կարող ես զրկել քեզ թթվասերից, կաթնաշոռից, հաց ուտել աղով ու ապրել, դա էլ է տարբերակ: Կամ էլ առողջությանդ մասին մտածես, ծոմ պահես ամբողջ կյանքում: Ամեն ինչն է թանկանում ու անիմաստ է թանկանում: Ծախսում ես շատ փող, բայց տուն ես բերում շատ քիչ ապրանք:
-Վաստակած գումարի զգալի մասն էլ սննդի վրա է ծախսվում:
-Դուք երեւի ուզում էիք ասել միայն սննդի վրա է ծախսվում: Հաճույքների ու այլ բաների գումար արդեն չի էլ մնում: Բնական է, եթե մարդ փող է աշխատում, ուզում է ծախսել չէ՞, բայց եթե արդեն 5000 դրամն արժեք չունի, նշանակում է` լավ չէ: Ես չեմ պատկերացնում այն ընտանիքների վիճակը, որտեղ աշխատում են միայն մայրը եւ հայրը, ունեն ուսանող երեխա ու մեկն էլ պարապում է, այ այդ մարդիկ ո՞նց են ապրում:
-Մի անգամ դերասանուհի Նելլի Խերանյանը կատակով նշեց, որ Հայաստանում մեր աշխատավարձով ապրելու համար պետք է “ֆոկուսնիկներ” լինենք:
-Ես չգիտեմ` դա ինչ է կոչվում, բայց կոչվում է գոյությունը քարշ տալ, քո ուղեղն արդեն էլ չի աշխատում այլ ուղղությամբ: Ու տարօրինակն այն է, որ այդ վիճակում են նաեւ այն մարդիկ, որոնք ճանաչված ու սիրված են, օրենքով նրանք պետք է լավ ապրեին, որովհետեւ շատ են աշխատում: Բայց լրիվ նույն վիճակի մեջ են, տարբերություն չկա, ուղղակի ճանաչված մարդիկ ցույց չեն տալիս, որ իրենք վատ են ապրում: Ընդհանուր կաթսայի մեջ ենք հայտնվել բոլորս, բացառությամբ մի քանի հոգու, որոնք գոհ են ամեն ինչից: Բայց ժողովրդի վիճակն ընդհանուր ծանր է: Մենք ապրում ենք կենցաղի համար, ուրիշ ոչ մի բան չկա: Համատարած թանկություն է, դե բենզինի մասին չեմ խոսում: Ինչքան հիշում եմ, դեռ անցած տարի 3600 դրամ էր, իսկ հիմա 4900 դրամ է: Մի տարվա մեջ թանկանա համարյա 1500 դրամո՞վ: Եւ մարդիկ լցնում են, եթե մեքենա ունես, չես կարող չօգտագործել, նշանակում է` ինչ-որ տեղից պետք է պոկես, որ բենզին լցնես, կամ էլ չքշես: Այնպիսի պայմաններ են, որ ընդլայնվելու, պտտվելու տեղ չկա: Հասարակ հարց. Դուք կարո՞ղ եք այսօր 3 օրով գնալ Ծաղկաձորի որեւէ հանգստյան տուն:
-Համեստ աշխատավարձով մարդիկ իրենց դա թույլ տալ չեն կարող:
-Ես Ձեզ ասեմ, նույնիսկ անհամեստ աշխատավարձով մարդիկ իրենց թույլ տալ չեն կարող:
-Նորություն չէ, որ հայաստանյան հանգստյան տները շատ ավելի թանկ են, քան դրսի հանգստավայրերը:
-Դե դրա համար էլ մենք հարստացնում ենք վրացիներին, աբխազներին, բայց ես շատ եմ ուզում հանգստանալ Սեւանում, Ծաղկաձորում ու նորմալ պայմաններում, սակայն չեմ կարող, գնում եմ, իմ փողը տալիս եմ վրացիներին:
-Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար է անհրաժեշտ ապրելու համար:
-Որպեսզի մարդ սովորական գոյատեւի, ոչինչ չանի, ամենամինիմում կարիքները հոգա, կոմունալ վճարներն էլ հետը տա, ամենաքիչը 1000 դոլար անհրաժեշտ է: Դա էլ ասում եմ 2-3-հոգանոց ընտանիքի համար, որ հյուր չգնաս ու չընդունես: Երբ հյուր ես ընդունում, պետք է սեղան դնես չէ՞, կամ երբ հյուր ես գնում, հո ձեռքերդ թափ տալով չե՞ս գնում: Էլ չեմ ասում, եթե ուզում եք հագնվել…
-Մեզ էլ ասում էին` ճգնաժամը կանցնի, ժամանակավոր է:
-Մենք ճգնաժամին արդեն հարմարվել ենք, չի անցել: Մի բանի որ հարմարվում ես, դառնում է սովորական: Մարդ սովորում է այդ պայմաններին: Քանի գնում է, գնային առումով շատ է թանկանում, ուզում ես հասկանալ` ինչու համար է այդ անիմաստ թանկությունը: Ամենացածր աշխատավարձն ինչքա՞ն է, դե տեսե՛ք, ստացվում է, որ մեզ տալիս են այնքան աշխատավարձ, որ կոմունալ ծախսերը փակենք, մնացածը կարեւոր չէ, այսինքն` պարտք չմնանք պետությանը:
Մնացած բոլոր երկրներում էլ թանկություն կա, բայց գոյություն ունի մի սահման, որից դենը կոչվում է աղքատություն: Եթե մեր երկրի նորմալ ապրողն արտասահմանում համարվում է աղքատ մարդ, ուրեմն դու աղքատ երկրում ես ապրում: Բայց ես ուզում եմ ապրել այնպիսի մի երկրում, որտեղից հեռանալու ցանկություն չառաջանա: Ու ամենավտանգավորը ոչ թե մեր տարիքի մարդկանց հեռանալն է, այլ որ երիտասարդները չեն ուզում մնալ: Սա արդեն ահազանգ է, շատ վտանգավոր է:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ