Հայկական ապրանքները շարունակում են ԵՄ արտահանվել ցածր մաքսատուրքով. Կարեն Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ ամփոփեց տարին և ներկայացրեց նախարարության ձեռքբերումները և որպես առաջնային օրինակ` նշեց ԵՏՄ անդամակցությունը:

«Իրականացվել են Հայաստանի` Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու միջոցառումների ծրագրով մինչև ՀՀ անդամակցությունը նախատեսված 126 միջոցառումները: Շարունակական աշխատանքներ են տարվում Հայաստանի նորմատիվաիրավական դաշտը ԵՏՄ-ին համապատասխանեցնելու ուղղությամբ», – նշեց նա:

Նախարարը խոսեց նաև Եվրոպական միության հետ համագործակցության մասին և նշեց, որ  2014-ի ընթացքում ստորագրվել է «Աջակցություն գյուղատնտեսության և գյուղի զարգացմանը» 2013 թվականի ֆինանսավորման համաձայնագիրը` 25 մլն եվրո ընդհանուր արժեքով:

Ստորագրվել է ԵՄ տեխնիկական աջակցության 4 համաձայնագիր` ընդհանուր 21 մլն եվրո արժեքով, որոնք վերաբերում են տարածքային զարգացմանը, միջուկային ոլորտի համագործակցությանը, միգրացիայի և սահմանների կառավարման աջակցությանը և ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանն աջակցելուն:

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ հայկական ծագման ապրանքները շարունակում են ԵՄ շուկա արտահանվել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:




Լրահոս