ՆՈՐ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՈՐԾՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու օրերին հնարավոր չէ չնկատել, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները համաձայնեցված են գործում: Երեկ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն միասին նախաձեռնեցին ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը դատապարտող ԱԺ հայտարարություն: Նիստը տեղի ունեցավ ՀՀ Կառավարության հրավիրած արտահերթ նիստի ավարտից հետո` երեկոյան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարության տեքստը, որը բռնությունը դատապարտող ընդհանուր որակումներից է բաղկացած, երեկ մշակվել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ու Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ:
ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հերթական մերձեցման ֆոնին արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նոր կոալիցիա կարող է ձեւավորվել: Մասնավորապես, դաշնակցական նախկին պատգամավոր Արա Նռանյանը կարող է նշանակվել նորաստեղծ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ:

 

 

 

 

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ հայկական դրամի փոխարժեքի հետ, կարելի է բնորոշել որպես քաոս, որի պատճառը երկրում տիրող անիշխանությունն է: Առավոտյան՝ բանկերի բացվելուց հետո, հայտնի դարձավ, որ մեկ դոլարի փոխարժեքը հասել է 550 դրամի: ՀՀ ԿԲ-ն երեկ հաղորդագրությամբ իրազեկեց, որ իր կողմից սակարկություններով վաճառվել է 4 մլն դոլար` 526.32 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այսինքն՝ գնալով ԿԲ-ի հաղորդագրությունների եւ իրականության կապն ավելի է կտրվում, ու ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է անտերության մի շրջան, որի ավարտը դեռեւս չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկներով՝ սեպտեմբերի վերջից մինչեւ այսօր՝ 2.5 ամսվա ընթացքում, դրամի արժեզրկման հետեւանքով ՀՀ բյուջեն կորցրել է ավելի քան 934 միլիոն դոլար: Ի դեպ, հայկական դրամի հետ տեղի ունեցող գործընթացները, կարելի է ասել, սինխրոն ընթանում էին ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Երեկ՝ կեսօրին, ռուսական ռուբլու փոխարժեքը մի պահ հասավ 1 դոլարը 80 ռուբլի ցուցանիշին, բայց հետո մի փոքր նվազեց:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք է ներկայացվել «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ: Ըստ այդ տեղեկությունների՝ հաղորդման հեղինակը «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին է՝ Ռաֆայել Մխիթարյանը: Նա ոստիկանությանը փորձում է համոզել, թե իբր Ռ. Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրենց ընտանիքին: «Ժողովուրդը» սեպտեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ նշված ընտանիքի եւ Պետրոսյանի միջեւ գույքային վեճ կա: Կարելի է ենթադրել, որ Ռազմիկ Պետրոսյանի հետ կապված վերջին աղմկոտ պատմություններից հետո ՀՀ իշխանությունները որոշել են այս կերպ նրանից վրեժխնդիր լինել` փորձելով նրա դեմ քրեական գործը «վերակենդանացնել»: Ներկայումս ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա հետաքննություն է ընթանում, եւ նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չեխիայի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Վիտ Շորմը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը կցանկանար, որպեսզի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, նույն ինքը՝ «Զապը», արտահանձնվի իրենց երկրի իրավապահներին եւ իր պատիժը կրի Չեխիայի Հանրապետությունում: «Զապը» Չեխիայի դատարանի կողմից դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Իհարկե, Վիտ Շորմը հնարավոր է համարում, որ «Զապը» մնա Հայաստանում եւ այստեղ պատասխանատվության ենթարկվի Չեխիայում կատարած հանցանքների համար, սակայն նրա պատասխանի ենթատեքստը` Հայաստանի արդարադատության ոլորտում առկա իրավիճակի մասով, հնարավոր չէ չնկատել: Նա կասկածներ ունի: Հիշեցնենք, որ «Զապը» ոստիկանության կողմից ձերբակալվել է այս տարվա հոկտեմբերի 28-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Նա ձերբակալվել է չեխ իրավապահների կողմից հայտարարված միջազգային հետախուզման հիման վրա:

 

 

 
ԱՆՈՐՈՇԱԲԱՐ

Դրամի արժեզրկումն օրեցօր խուճապային նոր դրսեւորումների է հանգեցնում. երեկ մարդիկ դժգոհում էին, որ անգամ 600 դրամով չեն կարողանում դոլար գնել, որպեսզի ուղարկեն արտերկիր՝ պատվիրած ապրանքները ստանալու համար: Էջմիածին քաղաքի մեծ խանութները փակել էին՝ հրաժարվելով առեւտուր անել, սուպերմարկետներում շաքարավազի վաճառքը սահմանափակվել էր, քանի որ չգիտեն՝ եղած կամ վերջանալու վրա գտնվող ապրանքներն ինչ գնով է ճիշտ իրացնելը: Համատարած թանկացումներ են սկսվել գրեթե բոլոր ոլորտներում:
Ի՞նչ է լինելու առաջիկայում: Այս հարցի պատասխանը որքան փնտրված, այնքան էլ անհայտ է: ՀՀ գործող իշխանության որեւէ ներկայացուցիչ հարկ չի համարում հայտարարություն անել, հանգստացնել բնակչությանը կամ գոնե բացատրել որոշ նրբություններ՝ հորդորելով մի քիչ սպասել: Քար լռություն է: ՀՀ նախագահի նստավայրից, Կառավարությունից, անգամ Ազգային ժողովից որեւէ մեկը չի խոսում մեր երկրին պատուհասած վտանգների մասին: Իհարկե, փաստարկներ կան, թե մեր մեծ եղբայր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են ողջ աշխարհի տնտեսությունը ցնցել, եւ մենք ոչինչ չենք կարող անել: Գուցե իրականության բաղադրիչներ կան ասվածում, բայց խնդիրն այստեղ մեր երկրի համար ավելի խոր արմատներ ունի: Բանն այն է, որ Հայաստանում չկա գեթ մեկ պաշտոնյա, որի խոսքերին գոնե հասարակության կեսը հավատա: Այսինքն՝ համընդհանուր անվստահության ֆոնին որքան էլ անկեղծ հայտարարություններ արվեն, միեւնույն է՝ մարդիկ չեն հավատա:
Ի վերջո, Սերժ Սարգսյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ շաբաթներ առաջ փորձեց ինչ-որ մտքեր հայտնել տնտեսության մասին, վարչապետը եւս հրապարակավ խոստացավ, որ կկայունանա իրավիճակն օրեր անց: Սակայն նրանց խոսքերից հետո մեր երկրի տնտեսությունը մեծ արագությամբ գահավիժում է: Համեմատության համար նշենք, որ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ ուղերձով հանդես եկավ, դրանից գոնե 4 օր իրավիճակը ՌԴ-ում կայունություն պահպանեց: Հիմա էլի քաոս է նաեւ այնտեղ. երեկ արտակարգ խորհրդակցություն էր: Իսկ ինչ վերաբերում է մեր հարեւան Վրաստանին, ապա այնտեղ եւս լարին արժեզրկվեց մեծ թափով, բայց դա տեւեց ընդամենը մի քանի օր: Իրավիճակն անմիջապես կայունացավ, եւ լարին վերականգնեց իր դիրքերը:
Իսկ Հայաստանի ԿԲ-ն որքան էլ փորձում է արտարժույթ ներարկել, միեւնույն է՝ դոլարն ու եվրոն մեծ թափով առաջ են անցնում՝ առաջացնելով անկանխատեսելի թվացող հետեւանքներ: Իսկ ԿԲ-ի միջոցներն, ինչպես հայտնի է, անսահմանափակ չեն: Նույնիսկ վերցված վարկերը չեն կարող երկարաժամկետ լուծումների բերել: Ի՞նչ է լինելու, եթե ԿԲ-ի ինվեստիցիաները չբավականացնեն: Վարչարարության ի՞նչ այլ մեթոդներ են կիրառվելու: Գուցե որեւէ պաշտոնյա «մատաղ» արվի՞ գոնե սեւ շուկայում դոլարի առքուվաճառքի համար: Թեեւ դա էլ լուծում չէ:




Լրահոս