ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ՝ ԱՊՏԱԿԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ հիմնադիրներից Վազգեն Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն հարգում է բոլոր այն ազատամարտիկներին, որոնք պատերազմի դաշտ են գնացել ու պայքարել են հանուն իրենց երկրի անկախության: Ըստ պատգամավորի՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը կարող էր այլ կերպ արձագանքել Սերժ Սարգսյանին հայհոյելու հետ կապված դեպքին՝ չօգտագործել «ականջները կտրել» բառակապակցությունը:

-Ո՛չ, միգուցե նա իրավունք չուներ, գեներալ մարդ է, ինքն արդեն ասել է: Ինչպես ինքն է նշել, եթե իր ներկայությամբ իր նախագահին, իր գերագույն հրամանատարին հայհոյում են… չեմ կարծում, որ պետք է անտարբեր անցներ: Բայց բառերի ընտրության հարցում ինքը սխալվել է: Թեեւ այս խնդրի դեպքում պետք է նախ հասկանալ առիթը, թե ինչո՞ւ է մարդը հայհոյում երկրի նախագահին: Եթե ինքը խնդիր ունի, ապա այդ խնդիրը կարող է քաղաքակիրթ ձեւով լուծել, մենք թողել ենք խուլիգանական հայհոյանք կատարողին ու գալիս ենք նրան, որ… մարդ է, պահի տակ ասենք… էդ «ականջները կտրելու» բառակապակցության: Իհարկե, գեներալը պետք է ասեր, որ օրենքի սահմաններում պետք է պատժենք, որը կարող էր ավելի ճիշտ լինել, քան ականջ կտրելը: Չգիտեմ, սա է իմ տեսակետը:
-Եթե Սերժ Սարգսյանին հայհոյեին Ձեր ներկայությամբ, Դուք պատրա՞ստ էիք նույն գործողությունը կատարել, Դուք ե՞ւս կկտրեիք ականջներ, ո՞րն էր լինելու Ձեր արձագանքը:
-Ուրեմն տարիներ առաջ, երբ ոստիկանական ավտոտեսուչն իմ տղային կանգնեցրեց, տղաս ասել էր՝ պարո՛ն ավտոտեսուչ, շտապում ենք, ավտոմեքենայի մեջ պատգամավոր կա նստած, պետք է շտապ տեղ տանենք: Նա հայհոյել էր պատգամավորին՝ չիմանալով, որ նա իմ տղան է: Ես տեսա, որ իմ տղան հարվածեց, ու այդ ավտոտեսուչը պառկեց գետնին… Ես, իհարկե, նախատեցի իմ տղային, բայց հետո իմ շրջապատի մարդիկ ասում էին, բա իր ներկայությամբ իր մորը հայհոյում են, ի՞նչ պետք է աներ տղան, պետք է ասեր՝ ներեցեք, չի կարելի հայհոյե՞լ: Հայ մարդիկ ենք, էլի, կարծում եմ, որ Եվրոպան իր հետ բերում է շատ բարքեր՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ, բայց այս դեպքում առաջնորդվում ենք մեր նախապապերից եկած ավանդույթներով:
-Այսինքն՝ Դուք արդարացի ե՞ք համարում Լ. Երանոսյանի պահվածքը, ցանկացած ոք պետք է նույն կերպ արձագանքե՞ր, սպառնար «ականջները կտրել», եթե որեւէ մեկը համարձակվի Ս. Սարգսյանի հասցեին վիրավորանք հնչեցնել:
-Ես ասում եմ՝ իսկ Դուք ինչի՞ չեք հարցնում հայհոյողին, թե ինչո՞ւ համար է հայհոյում երկրի նախագահին:
-Քաղաքացիները դժգոհ են Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, ինչի արդյունքում իրենք սոցիալական վատ վիճակում են ապրում կամ լավագույն դեպքում՝ արտագաղթում են երկրից: Դա բավարար չէ՞:
-Դժգոհում են, թող իրենց դժգոհությունն արտահայտեն ցույցերով, միտինգներով, խոսքերով, ոչ թե խուլիգանական հայհոյանքներով: Բառիս բուն իմաստով ես կարծում եմ, որ խուլիգաններին պետք է պատժել:
-Իսկ խուլիգանություն չէ՞, որ ազատամարտիկի վրա ձեռք են բարձրացնում, երբ նա ընդամենը դժգոհում է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից:
-Ուրեմն եթե խնդիրը գնում է քաղաքակիրթ դժգոհության, լրիվ համաձայն եմ, բայց երբ որ դա համեմվում է օտարածին հայհոյանքներով, որը հարիր չէ մեր ժողովրդին ու մեր տեսակին, կարծում եմ, որ այդ պարագայում դժվար է ասել, որ գիտես ինչ՝ դու պետք է, ասենք, այս օրենքները պաշտպանեիր: Պետք չէր այդ կերպ արձագանքել:
-Իսկ Դուք գո՞հ եք Սերժ Սարգսյանի կառավարությունից, այն իրավիճակից, որ այսօր առկա է Հայաստանում:
-Միամիտ հարց եք տալիս… Կարծում եմ՝ ես Ձեզ պատասխանեցի:
-Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը հայտարարել է, որ Լեւոն Երանոսյանը իրեն հորդորել է արտագաղթել Հայաստանից: Դուք ճի՞շտ եք համարում նման իրավիճակում մարդուն ստիպել ուղղակի արտագաղթել եւ այդ կերպ հարցը լուծված համարել: Եթե մարդը դժգոհ է, պետք է արտագաղթի՞:
-Բաներ եք ասում, որից ես անտեղյակ եմ, ես չգիտեմ՝ այդպիսի բան եղել է, թե չէ: Բայց ես այդ ամենը սխալ եմ համարում, ոչ մեկն իրավուքն չունի մարդուն ասի՝ դու պետք է արտագաղթես, քանի որ դու դժգոհ ես վարած քաղաքականությունից, այս քաղաքականության հետեւանքները բոլորիս համար են, իմ երեխաների, թոռների, այդ ազատամարտիկների, որոնք իրենց ամենագերագույն արժեքն են հարցականի տակ դրել ու գնացել են պատերազմ: Ես հարգում եմ բոլոր այդ մարդկանց՝ ե՛ւ զոհվածներին, ե՛ւ կենդանի մարդկանց:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ՀՀԿ-Ն ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Երեկ Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին, բացի վարկային համաձայնագրերի քվեարկություններից, հաստատվեցին նաեւ գործադիրի ներկայացրած այլ որոշումները: ՀՀԿ-ն հեշտությամբ անցկացրեց այն, ինչ ցանկանում էր:

Հիշեցնենք, որ նիստը բոյկոտել էին ոչ իշխանական ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը: «Ժառանգության» դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց. «Լինելով դեմ բոլոր տեսակի բռնություններին` պարտքս եմ համարում մասնակցել նստաշրջանին, որ այդ միությանը սպասարկող ամբողջ փաթեթին դեմ քվեարկեմ…» (խոսքը մաքսային կարգավորումների փաթեթի մասին էր): «Հենց նոր ԱԺ-ն քվեարկեց մի օրինագծի կողմ, որը հայ ժողովրդի շահերին դեմ է»,- հայտարարեց «ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, որին ի պատասխան ԱԺ նախագահը հրահանգեց. «Խնդրում եմ անջատել խոսափողը, քանի որ Դուք արդեն պրովոկացիա եք անում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: Փոստանջյանը շարունակեց խոսել անջատված խոսափողով: Նիկոլ Փաշինյանն այդ պահին փորձում էր պաշտպանել Փոստանջյանին: «Վեր ընգի տեղդ, արա՛»,- Ն. Փաշինյանի ուղղությամբ գոռաց ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Փաշինյանն էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարին խորհուրդ տվեց պատգամավորներին բացատրել Աժ-ի եւ ախոռի տարբերությունը:
Այսպիսի խայտառակություններով արտահերթ նիստը ավարտվեց, եւ 18:30-ին սկսվեց ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ջանքերով գումարված մեկ այլ արտահերթ նիստ, որին գրանցվել էր 79 պատգամավոր: Բռնությունների դատապարտման համար հրավիրված այդ նիստին մասնակցում էին նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը:
Արամ Մանուկյանի դեմ հարձակումը դատապարտող տեքստն ընթերցեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Հայտարարության բովանդակությունը եւ նրա անհրաժեշտությունն ԱԺ-ի այս երկու օրերի քննարկման թեման է եղել: Այս ընթացքում տաբեր կուսակցություններ առանձին-առանձին հայտարարություն տարածեցին՝ կարեւորելով այս թեման: Ազգային Ժողովը բացառիկ դեպքերում է հայտարարություն անում, եւ այս թեմայով հայտարարություն անելը խոսում է նրա մասին, որ ԱԺ-ն հատուկ կարեւորությամբ է մոտենում հարցին: Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, որեւէ նորմալ քաղաքակիրթ հասարակությանը հարիր չէ: Այդպիսի մարդիկ պետք է իմանան, որ դա աններելի է անկախ նրանից, թե որ դաշտում է գտնվում անողը: Մենք հիմնական խնդիրը տեսնում ենք այն, որ նախ եւ առաջ պետք է վերացվի անպատժելության մթնոլորտը, եւ երկրորդը՝ մնացած այն անձինք, որոնք պայքարել են ՀՀ-ի անկախության համար, պետք է վստահ լինեն, որ պետությունը կանգնած է իրենց կողքին եւ պայքարելու է այդ մարդու համար: ԱԺ այս հայտարարությունը թույլ կտա, որ մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչը բոլորիս նպատակն է: Ամեն քայլ պետք է ձեռնարկվի՝ մեղավորներին ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար: Օրենքն օրենք չէ, եթե պատիժը չի դարձնում անխուսափելի»,- եզրափակեց Ռուստամյանը:
Նկատենք, որ ի տարբերություն ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների՝ երեկ ընդունված հայտարարության, այստեղ հստակ հասցեատերեր չկան, եւ չկա նաեւ պահանջ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին պաշտոնանկ անելու մասին:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱՆՑԵԼ ԵՆ ԸՆԴՀԱՏԱԿ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով թվում է՝ առաջինը պետք է արձագանքեր ազատամարտիկների ծեծի դեպքերին, ոչ միայն չի ցանկանում այս թեմայով խոսել, այլ նաեւ բավական ագրեսիվ կերպով է արձագանքում իրենից մեկնաբանություն խնդրող լրագրողներին: Նա նախահարձակ է լինում Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների վրա` հասկացնելով, որ իրեն չփորձեն հարցեր տալ: Իսկ մյուս գեներալը` Սեյրան Սարոյանը եւս արդեն երկու օր է՝ խորհրդարանի միջանցքներում ամեն կերպ խուսափում է լրագրողներին հանդիպելուց: Եւ երեկ ԱԺ ամբիոնից ասաց. «Պտի Արամ Մանուկյանին մենք ԱԺ-ում չափալախեինք, որ ուրիշ մարդ չաներ… Մեր ախպեր ազատամարտիկներն էլ երկու բաժակ կոնծում են, կռվում են, հետո կբարիշեն, ու վատամարդը ԱԺ-ն կլինի»:

 

ՀԵՐԹԱԿԱՆԸ
ՀՀ Կառավարությունը մտադիր է գերմանական KFW բանկից վերցնել 50 միլիոն եվրո վարկ: Համապատասխան համաձայնագիրը ընդգրկված է ՀՀ Կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում: Ի դեպ, նույն համաձայնագրով նախատեսվում է, որ 50 միլիոն եվրո վարկից բացի՝ ՀՀ Կառավարությունը կստանա նաեւ 2 մլն եվրո դրամաշնորհ: Ըստ համաձայնագրի՝ նախագծի վարկային միջոցները պետք է ծախսվեն Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարը վերականգնելու եւ ենթակառուցվածքները վերազինելու նպատակով: Վարկը տրվելու է 15 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:

 

ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՎԱՐԿԻ
ՀՀ Կառավարությունը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է միավորել «Արդյունաբերության զարգացման» եւ «Հայաստանի ազգային մրցունակության» հիմնադրամները` միաձուլման եղանակով, իսկ «Զարգացման հայկական գործակալությունը» կլուծարվի: Այս կառույցները ստեղծվել են մոտ 6 տարի առաջ եւ հիմնականում զբաղվում էին ինչ-որ գրանտային միջոցներ ծախսելով: Առավել ընդունված է այդ կառույցները համարել գրասենյակներ, որոնց նպատակը իշխանական ջահելներին գործով ապահովելն էր: Բայց այժմ էլ նոր գումար «կպցնելու» հեռանկար է ստեղծվել, եւ իշխանությունները չեն ցանկանում այն բաց թողնել: Բանն այն է, որ նշված հիմնադրամները միաձուլելու եւ «Հայաստանի զարգացման հիմնադրամ» ստեղծելու մասին որոշմանը կից հիմնավորումներից տեղեկանում ենք, որ նման հիմնադրամ ստեղծելու պահանջը դրել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի կողմից` հերթական վարկը տրամադրելու համար:

 

ՀՀԿ-Ն ՋՐԻ «ՏԱԿ»
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության մի քանի սենյակներ հայտնվել էին ջրի մեջ: Ամբողջ խորհրդարանում խոնավության տհաճ հոտ էր տարածվել: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի սենյակում «արտակարգ իրավիճակ» էր ստեղծվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կրկին ԱԺ 3-րդ հարկի կոյուղին է «խցանվել», ինչի հետեւանքով ջրերը «հոսում» են ճիշտ իրենց տեղը` ՀՀԿ-ի պատգամավորների սենյակներ:




Լրահոս