ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ «ԴԱՏԱՐԿՎՈՒՄ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսությունում հատկապես վերջին օրերին խուճապային իրավիճակ է տիրում, որի վերջը կարծես չի երեւում: Երեկ Հայաստանի արժույթի շուկայում դրամը հերթական անգամ կտրուկ անկում ապրեց: Պաշտոնապես դոլարի փոխարժեքը հասել է 550 դրամի, սակայն իրականում նույնիսկ 600 դրամով երեկ հնարավոր չէր փոխանակման կետերից եւ բանկերից դոլար ձեռք բերել: Այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը լրջագույն ճգնաժամի մեջ է հայտնվել:

Ներկա ճգնաժամը 2009-ի հետ համեմատելի չէ: Այն գերազանցում է անգամ պատերազմի տարիներին Հայաստանի տնտեսությունում առկա բացասական միտումները: Իրավիճակն առավել հասկանալի է դառնում, երբ խնդիրը դիտարկում ենք թվերի տեսանկյունից: Այսպես՝ Հայաստանի եկող տարվա պետական բյուջեի եկամտային մասը կազմում է մեկ տրիլիոն 191 միլիարդ 471 միլիոն դրամ: Երբ պետական բյուջեի նախագիծը ՀՀ Կառավարության կողմից հաստատվեց այս տարվա սեպտեմբերի 25-ին, դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական բյուջեն կազմում էր 2 միլիարդ 920 միլիոն դոլար (մեկ դոլարը՝ 408 դրամ փոխարժեքով): Ներկա ցուցանիշներով Հայաստանի եկող տարվա պետական բյուջեն դոլարային արտահայտությամբ կազմում է մեկ միլիարդ 985 միլիոն 785 հազար (մեկ դոլարը՝ 600 դրամ փոխարժեքով): Այսինքն՝ սեպտեմբերի վերջից մինչեւ այսօր, այս երկուսուկես ամսվա ընթացքում, դրամի արժեզրկման արդյունքում Հայաստանի բյուջեն կորցրել է ավելի քան 934 միլիոն դոլար:
Այլ կերպ ասած՝ երեք ամիս առաջ Հայաստանը երեք միլիարդ դոլարից մի փոքր պակաս պետական բյուջե ուներ, այժմ` դոլարի ներկայիս փոխարժեքի պայմաններում, ՀՀ պետական բյուջեն երկու միլիարդ դոլար չի կազմում: Իհարկե, դոլարի փոխարժեքի բարձրացումը հանգեցրել է գնաճի, որը դեռեւս կշարունակվի, ինչն էլ իր հերթին, ի վերջո, հանգեցնելու է դրամով արտահայտված հարկային մուտքերի աճի: Սակայն, որքան էլ ապագայում դրամային արտահայտությամբ պետական բյուջեն ավելանա, տնտեսությանը ներկայումս պատճառված վնասն այլեւս չի չեզոքացվի: Ավելին՝ կասկածից վեր է, որ տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում հարկային մուտքերի՝ դրամով արտահայտված ավելացում կարելի է ակնկալել եկող տարվա երկրորդ կեսից ոչ շուտ: Իսկ մինչ այդ ՀՀ քաղաքացիներն այս խառը ժամանակներում պետք է փորձեն գոյատեւել:
Նման պայմաններում թվում է, թե Հայաստանի պետական պաշտոնյաները, գիտակցելով տնտեսությունում ստեղծված ծանր կացությունը, հնարավորինս կկրճատեն իրենց ղեկավարած կառույցների ծախսերը կամ այլ կերպ ասած՝ կձգեն իրենց գոտիները: Սակայն իրողությունն այլ է, եւ պետական պաշտոնյաները, ինչպես միշտ, իրականությունը չեն զգում եւ իրենց գործունեությունը սովորականի պես շարունակում են: Այսինքն՝ ինչպես երկու ամիս առաջ, շարունակում են անիմաստ գնումներ կատարել. տարբեր տեսակ զվարճանքների, քեֆերի կամ անիմաստ ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու համար շարունակում են ծախսել պետական բյուջեի միջոցները:
Ի դեպ, Հայաստանում այս օրերին շատ դժվար է գտնել մարդու, որին չեն մտահոգում տնտեսությունում կատարվող իրադարձությունները, քանի որ բոլորը գիտակցում են, որ այս ամենն ուղղակի ազդում է իրենց կյանքի որակի վրա, ուստի նաեւ հետաքրքրում է, թե այս ամենը որքան եւ մինչեւ ուր է շարունակվելու: Հայաստանի պաշտոնյաները հենց այն հատուկենտ մարդիկ են, որոնց չեն հետաքրքրում հանրապետության տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները, քանի որ դրանից նրանց կյանքի որակը չի փոխվել. ինչպես անհոգ ապրել են, անպես էլ շարունակելու են ապրել` պետական բյուջեի միջոցները գրպանելու, իշխանությունն օգտագործելով՝ առանց մրցակցության հարստանալու շնորհիվ:
Հ.Գ. Ռուսաստանի՝ եկող տարվա պետական բյուջեն 15 տրիլիոն 100 միլիարդ ռուբլի է: Մինչեւ ռուսական ռուբլու արժեզրկումը, երբ մեկ դոլարը 34 ռուբլի էր, 2015 թվականի բյուջեն դոլարային արտահայտությամբ կկազմեր շուրջ 470 միլիարդ դոլար: Այդ ցուցանիշով Ռուսաստանն աշխարհում 11-րդ երկիրն էր: Ռուբլու արժեզրկումից հետո երեկվա փոխարժեքով` մեկ դոլարը 72 ռուբլի, (օրվա ընթացքում ռուբլու փոխարժեքը իջել է մինչեւ մեկ դոլարը 80 ռուբլի, սակայն օրվա վերջին այն մի փոքր բարելավեց իր դիրքերը) Ռուսաստանի բյուջեն այժմ կազմում է մոտ 210 միլիարդ դոլար (այս ցուցանիշով աշխարհում արդեն իջել է 20-րդ հորիզոնական): Այսինքն՝ վերջին երեք ամսում միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում Ռուսաստանի բյուջեն կորցրել է մոտ 260 միլիարդ դոլար եւ դեռ շարունակում է կորցնել: Համեմատության համար նշենք, ասենք, Բելգիան, որը տարածքով մոտավորապես Հայաստանի չափ է, բայց ունի 260 միլիարդ դոլարանոց պետական բյուջե:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ
ՁՎԱԾԵՂ` ԲԴԻ ՓՈԽԱՐԵՆ
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման հետեւանքով երեկ Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Գյումրիում ոչ միայն հացն է թանկացել այլեւ հավի ձուն: Հավկիթը երեկ Գյումրիի խանութներում սկսել է վաճառվել 110 դրամով, մինչդեռ նախօրեին այն ծախվել է 75 դրամով: Թեեւ նախագահականից փորձում են զսպել ձվի գնաճը, բայց միեւնուն է՝ տեղական արտադրողները չեն կարողանում գները պահպանել եւ վնասներ չկրելու համար ձվի գինը բարձրացնում են: «Ժողովուրդ»-ին ահազանգած գյումրեցիները նույնիսկ կատակում էին, որ ավանդական բուդը նոր մրցակից ունի` արքայական ձվածեղի տեսքով:

 

ԲՌՆԱԳԱՆՁԵԼ ԵՆ
Մարտունու հարկային տարածքային տեսչության կողմից կատարված ստուգումներից հետո նախորդ տարի՝ ապրիլի 23-ին, կազմված ակտի հիման վրա ՀՀ վարչական դատարանի վճռով ԴԱՀԿ Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից արգելանք է դրվել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բանկային հաշվի վրա: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հարկայինի ակտի հիման վրա պետբյուջեի օգտին գանձվել է 13 մլն 893 հազար 700 դրամ: Եւ որպեսզի հնարավոր լինի ապահովել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը, որոշվել է «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում սննդամթերքի մրցույթի արդյունքում տնտեսված 52 մլն 649 հազար 200 դրամից 13 մլն 893 հազար 700 դրամ հատկացնել վերը նշված ՊՈԱԿ-ին՝ հարկայինի կողմից բռնագանձված գումարը վերականգնելու համար, որպեսզի 2014 թվականին կրեդիտորական պարտքեր չգոյանան:

 

ԳՆԱՑ, ԵԿԱՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վերջին երեք օրերին գտնվել է Մոսկվայում: Մեր տեղեկություններով՝ Լեւոն Զուրաբյանը Մոսկվա է մեկնել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծի հաջորդ օրը` դեկտեմբերի 12-ին, իսկ վերադարձել երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Արդյունքում այս օրերին խորհրդարանում Լ. Զուրաբյանի պարտականությունները կատարում էր խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս երբեւէ եռյակի նիստերին չէր մասնակցել, սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, հենց Ջհանգիրյանն էր ՀԱԿ խմբակցությունից մասնակցում ոչ իշխանականների քննարկումներին, իսկ վերջում արդեն՝ համատեղ ասուլիսին: ՀԱԿ ներկայացուցիչները տեղյակ չեն, թե Լեւոն Զուրաբյանն ինչու է Մոսկվա մեկնել, որոշներն էլ գիտեին, բայց խուսափեցին մեր հարցին պատասխանել:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԵՂԸ ԴՐԵՑ
Երեկ կայացած մամուլի ասուլիսին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն մարդու նկատմամբ: Երկրապահները կարող են մի օր տեսնել, որ իշխանությունները չեն լուծում խնդիրները, եւ փորձեն այդ խնդիրները լուծել իրենց իմացած ձեւերով, ինչը վտանգավոր է»: Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելուն, Հովհաննես Իգիթյանը, առողջություն մաղթելով նրան, ասաց. «Քո քվեարկած ԵՏՄ-ն սա է, Արամ Մանուկյան, մի՛ վազեք Եվրոպական միության դեսպանների մոտ, որովհետեւ եթե դուք կողմ եք քվեարկում ԵՏՄ-ին ու ժողովրդին էլ ասում եք, թե սա անխուսափելի է, ապա իմացեք՝ սա է լինելու: Գնացե՛ք, Պուտինին խնդրե՛ք, որ զանգեն այս իշխանություններին, որ այսպիսի բաներ չարվեն»: ՀՀՇ անդամը համոզված է՝ այն քաղաքական միջավայրը, որն այսօր առկա է, պայմաններ է ստեղծում այդպիսի բռնությունների համար:

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ասաց. «ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստան-ԵՄ հարաբերություններն անհասկանալի դարձան: Կցանկանայի Վիլնյուսի գագաթնաժողովից հետո մեր հարաբերությունների հետագա զարգացմանն անդրադառնալ: Մեր նպատակները համաձայնեցվել են վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում: Մենք պայմանավորվեցինք փաստաթղթերի փաթեթ ստեղծել, որը կկարգավորի մեր հետագա համագործակցության ձեւաչափը: Կարծում եմ, որ հնարավոր կլինի կոնսենսուսի հասնել»: Վերջինս նշեց նաեւ, որ գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ժողովրդական բարեփոխումներ իրականացնելու համար քայլեր ձեռնարկելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար:

 

ՏԵՂՅԱԿ ՉԷ
Այսօր էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ՀԱԷԿ-ի շուրջ հասունացող սկանդալի հետ կապված լրագրողների հետ զրույցում ասաց, որ թերթերում կարդացածից ավելի բան չունի ասելու. «Այդ գործով հիմա զբաղվում են համապատասխան մարմինները: Խոսքը գնում է կոմերցիայի գծով տեղակալի մասին, որի գործունեության արդյունքում համենայնդեպս մինչեւ ուսումնասիրություն չկատարվի, ոչ մի բան չեմ կարող ասել: Երբ այդ իրավիճակը ստեղծվեց, տնօրենն ազատվեց իր պաշտոնից»: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի փոխտնօրենը կասկածվում է փողերի լվացման մեջ:

 

ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ
2014թ. դեկտեմբերի 16-ի դրությամբ հայտարարվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի զբաղեցման 866 մրցույթ, որոնցից կայացել է 726-ը: Քաղաքացիական ծառայության խորհրդի պետ Մանվել Բադալյանը երեկ՝ տարեվերջյան ասուլիսի ժամանակ, դժգոհեց պետական պաշտոններին հավակնող երիտասարդների ինտելեկտից. «Մենք կարող ենք մեր կողքին ունենալ բուհ ավարտած ուսանող, որը հավակնում է քաղաքացիական ծառայող դառնալու ու չգիտի` Հովհաննես Թումանյա՞նն է բանաստեղծը, թե՞ Ալեքսանդր Թամանյանը, չգիտեն՝ ո՞վ է «Անլռելի Զանգակատան» հեղինակը, որո՞նք են իր հայրենիքին սահմանակից պետությունները: Եղել են դեպքեր, որ Հայաստանի սահմանակից պետություններից նշել են Ռումինիան: Անպայման քննությո՞ւն պետք է անցնի, որ սովորի, թե սեպտեմբերի 21-ն ինչ օր է: Մենք ամուր փակելու ենք մեր դռները նրանց առջեւ: Նորմալ, կիրթ մարդկանցով ապահովելը համակարգը մեր առաջնային խնդիրներից է»:




Լրահոս