«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չեխիայի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Վիտ Շորմը, անդրադառնալով օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի արտահանձմանը, ասաց, թե իրենք կցանկանային, որ Անդրանիկ Սողոյանն իր պատիժը կրեր Չեխիայի Հանրապետությունում:
Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, դեռեւս շարունակում է մնալ կալանքի տակ: Չնայած նրա պաշտպանը դիմեց ՀՀ Վերաքննիչ դատարան, որպեսզի Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվի ստորագրությամբ չհեռանալու մասին, սակայն դատարանը մերժեց պաշտպանի պահանջը:
Հիշեցնենք, որ հայ «օրենքով գողի» նկատմամբ հոկտեմբեր ամսին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հայտարարվել էր միջազգային հետախուզում, քանի որ Անդրանիկ Սողոյանը սպանության պատվեր կատարելու համար Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Նշենք, որ Չեխիայում Անդրանիկ Սողոյանի նկատմամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, քանի որ դատական երեք ատյանով նա արդարացվել է, մեկով փոփոխվել է որոշումը, ընտրվել է ազատազրկում, ինչն էլ այժմ Չեխիայի փաստաբանները բողոքարկել են: Ավելին՝ հայ «օրենքով գողի» հարցով դատական նիստը Չեխիայում նախատեսված է հունվարին: Իսկ ահա Հայաստանում ՀՀ արդարադատության նախարարությունն այս օրերին քննարկում է Զապին Չեխիայի իրավապահներին արտահանձնելու կամ վերջնականապես Հայաստանում պահելու հարցը:
«Ժողովուրդ»-ը Հայաստանի եւ Չեխիայի Հանրապետության իրավական համակարգում առաջացած անհամապատասխանության մասին զրուցեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չեխիայի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Վիտ Շորմի հետ:
-Պարո՛ն Շորմ, Հայաստանի եւ Չեխիայի Հանրապետության օրենքները հակասում են իրար եւ այն անդրադարձել է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի վրա: Դուք տեղյա՞կ եք:
-Անկեղծ ասած՝ գործի մանրամասներին ծանոթ չեմ, բայց տեղյակ եմ խնդրի մասին: Իհարկե, մենք նրան կցանկանայինք տեսնել Չեխիայի քրեակատարողական հիմնարկում, քանի որ նա դատապարտվել է հանցագործությունների համար: Բայց ինչքան հասկացա՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կա սկզբունք, որով Հայաստանի քաղաքացիների արտահանձման հարցը մեկ այլ երկիր արգելվում է: Իհարկե, այս սկզբունքը տարածված սկզբունք է եւ շատ երկրների սահմանադրության մեջ կա, ուստի այս ամենը կարող է խոչընդոտ հանդիսանալ, որ Անդրանիկ Սողոյանին արտահանձնեն Չեխիայի իրավապահներին:
-Որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չեխիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ, ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:
-Պետք է նշեմ, որ գործի մանրամասներին ծանոթ չեմ. միայն կարող եմ ասել այն, ինչ գրվել է Չեխիայի թերթերում հայ Անդրանիկ Սողոյանի մասին:
-Հասկանալի է, որ գործի մանրամասներին չեք տիրապետում, բայց ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը: Օրինակ՝ ինչ ճանապարհով Չեխիայի Հանրապետությունը կարող է պարտադրել Հայաստանի Հանրապետությանը, որ նա իր երկրի քաղաքացուն, որը օտար երկրում հանցագործություն է իրականացրել, արտահանձնի:
-Ինձ համար շատ դժվար է որեւէ կարծիք հայտնել այս մասին: Ինչ էլ որ ասեմ, չի ներկայացնում իմ պետության կամ իմ նախարարության կարծիքը: Ասեմ, որ Չեխիայի արդարադատության նախարարությունն է զբաղվում այս գործով, իսկ ես իրենց ներկայացուցիչը չեմ այդ հարցով: Բայց թույլ տվեք ասել, որ չնչին հույսեր կան, որ գոնե պատիժը կկրի Հայաստանում:
-Դեռ չնչին հույս ունեք, որ Հայաստանում մնալով՝ Անդրանիկ Սողոյանը կկրի իր պատիժը. նա արդեն ազատազրկված է:
-Չեմ կարող որեւէ կարծիք հայտնել այս մասին: Գտնում եմ, որ սկզբունքորեն հնարավոր է:
-Հետաքրքիր է՝ այս խնդրի մասին ի՞նչ քննարկումներ են իրականացրել Հայաստանի եւ Չեխիայի իրավապահները:
-Տեղյակ չեմ, եւ թույլ տվեք եւս մեկ անգամ կրկնել, որ սա իմ հարցը չէ: Ի վիճակի չեմ ավելի խորը մեկնաբանություն տալու:
«ԱՊԱՐԱՆ» ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ
Երեկ «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողողք է ներկայացվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ազատամարտիկի դեմ ցուցմունք է տվել «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին՝ Ռաֆայել Մխիթարյանը:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռեւս 2013թ. փետրվարի 5-ին «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանում կրակոցներ էին հնչել: Գազալցակայանի սեփականատեր, 31-ամյա Ռաֆայել Մխիթարյանը կրակել էր Աշտարակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տեսուչների վրա, քանի որ վերջիններս 3,5 միլիոն պարտքի դիմաց դադարեցրել էին գազալցակայանի գազի մատակարարումը:
Տեղի ունեցած միջադեպից հետո գազալցակայանի շուրջ առաջացած կրքերը դեռ չեն հանդարտվել: 2014թ. սեպտեմբերի 25-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը պատմել էր, որ Ապարանի նախկին քաղաքապետ, «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցանկանում է տիրանալ իր՝ Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանին, ուստի մշտապես իր համար խնդիրներ է ստեղծել: Նշենք, որ «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր հայացքներով հայտնի Ռազմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Ռաֆայել Մխիթարյանի հայտարարությանը, ասել էր. «Ես քաղաքական դաշտում եմ, եւ բնական է՝ ինչ-որ բաներ պետք է փորձեն անել, թող անեն: Իրավապահ մարմինները թող աշխատեն: Եթե դիմել են իրավապահներին, ու մենք էլ հանցագործություն ենք կատարել, ուրեմն պետք է պատժվենք, ինչի մասին է խոսքը»:
Այս հրապարակումից 2,5 ամիս անց Ռաֆայելն իր մայրիկի հետ դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ Ռազմիկ Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրեն, եւ ինքը ոստիկանություն է դիմել՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար. «Անհնար է աչք փակել այն ամենի վրա, ինչ անում է Ռազմիկ Պետրոսյանը: Ես մի կերպ իմ բնակարանն եմ փրկել, բայց կրկնում եմ՝ թույլ չեմ տա, որ իմ գազալցակայանը վերցնեն: Թե ինչ խարդախությամբ է Ռազմիկ Պետրոսյանն իմ գազալցակայանը վերցրել իր ձեռքը, այդ ամենը մանրամասն փաստաթղթերով ներկայացրել եմ ոստիկանություն: Կլինեն շատ մարդիկ, ովքեր կհաստատեն այս ամենը: Այս ամենը քաղաքականության հետ չկապեք: Ավելին՝ ես հայտարարում եմ, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հետ որեւէ կապ չունեմ, ինչու եմ այս մասին ասում, քանի որ հիմա բոլորը կասեն, թե ես նրա մարդն եմ ու ամեն ինչ անում եմ՝ Ռազմիկ Պետրոսյանին բռնել տալու համար: Իմ եւ Ռազմիկ Պետրոսյանի կռիվն արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի դեմ նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը ծեծի էին ենթարկվել Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: Եւ հենց նա՝ Ռազմիկ Պետրոսյանը, անձամբ պատմեց դեպքի մանրամասները, «հին կռիվը հիշեցին», ու դիմումը հրապարակ նետվեց:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԿՆՍՏԵՄ, ԿՄՆԱՄ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ շարունակվում է Վարդան Մանուկյանին սպանելու մեջ մեղադրվող Աքսել Ներսիսյանի գործով դատական քննությունը:
Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. փետրվարի 8-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի դիմաց անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ վիճաբանել է Վարդան Մանուկյանի հետ: Վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով 2 անգամ հարվածել է Վ. Մանուկյանին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Հաջորդ օրը Վարդան Մանուկյանը մահացել է:
Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետեւանքով տուժողը մահացել է: Տեղեկացնենք, որ ամբաստանյալը նախկինում դատված է եղել, եւ դատվածությունը մարվել է: Մինչ այսօր կայացած դատավարությանը ցուցմունք է տվել գործում առանցքային դերակատարություն ունեցող Արփինեն (անունը փոխված է): Այս աղջիկը դատարանին հայտնել է, որ ամբաստանյալն իր ընտանիքի մտերիմն է, ում ինքն ընդունել է որպես իր ավագ եղբայր: Դատարանում աղջիկը հայտարարել է, որ սպանվածը երկար ժամանակ անհույս սիրելիս է եղել իրեն, ինչի մասին ինքը դեպքից օրեր առաջ է իմացել: Ինքը տղամարդուն բացատրել է, որ տարիքային մեծ տարբերության պատճառով չի կարող նրա հետ ամուսնանալ: Իրադարձություններն էլ, դատակոչված վկայի ցուցմունքի համաձայն, այս կերպ են զարգացել իր նկատմամբ ունեցած անպատասխան սիրո պատճառով:
«Ես 21 տարեկան եմ, փոքր եմ ամուսնանալու համար: Իսկ Վարդանն ինձնից 16 տարով մեծ էր»,- դատարանում ասել է Արփինեն: Վերջինիս խոսքով՝ հայրն ու Աքսելը Վարդանին ասել են, որ դուրս գա տնից, քանի որ վերջինս ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Բայց Վարդանը «շատ ագրեսիվ է իրեն պահել, չի հայհոյել, բայց գոռգոռացել է, ասել է՝ դուրս չեմ գա, պիտի նստեմ ստեղ ու մնամ»: Աղջկա հորն էլ ասել է. «Դու իմ ախպերն ես»: Իսկ Վարդանի սպանության մասին Արփինեն իմացել է այն ժամանակ, երբ առավոտյան իրենց տուն են եկել ոստիկանները եւ Աքսելին, որ, ի զարմանս իրեն, գիշերել է իրենց տանը, բերման են ենթարկել:
Նշենք, որ տուժողի իրավահաջորդը նրա եղբայրն է՝ Վահագն Մանուկյանը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ