ԵՐԵՔ ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՕԵԿ-Ը` ՄԻԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցությունն ու մյուս ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ն արդեն երկու օր է՝ ինչ սերտ համագործակցում են, քննարկումներ կազմակերպում եւ հայտարարությամբ հանդես գալիս: Ամեն ինչ սկսվեց նախօրեին, երբ այս չորս ուժերը միասին որոշեցին բոյկոտել արտահերթ նիստը, քանի որ ցանկանում էին այլ արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել երկրում տիրող իրավիճակն ու հատկապես ազատամարտիկներին եւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքերը:

Ուժերի համագործակցության մեջ տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը հանկարծ չսկսեին գործել միասին: Բոլորն են հիշում, թե նույն ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ խմբակցության պատգամավորներն ինչպես էին արտահայտվում ՕԵԿ-ի եւ Արթուր Բաղդասարյանի մասին: Հոկտեմբերի 10-ին՝ երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոսելով շարժման մասին, կոչ էր արել շարժման ետեւում չփնտրել ո՛չ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ ՕԵԿ-ին: «Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ն այս շարժման հետ որեւէ առնչություն չունեն, եթե նրանք ուզում են մեզանից անկախ պայքարել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, թող պայքարեն, մի բան էլ շնորհակալ կլինենք»: Այս հայտարարությունից անցել է արդեն երկու ամիս, եւ պարզվում է, որ ՕԵԿ-ը ոչ միայն առնչություն ունի այս շարժման հետ, այլեւ արդեն սերտորեն համագործակցում է: Հետաքրքիր է՝ այս նույն տրամաբանությամբ կարո՞ղ է հետագայում էլ պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կանգնած է այս շարժման ետեւում:
Իսկապես զարմանալի է այս ուժերի համագործակցությունը, չէ՞ որ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որ ժամանակին Արթուր Բաղդասարյանին անվանել էր «ախք», քանզի նա ընդդիմադիր ձայները փախցրեց ու անցավ Սերժ Սարգսյանի կողմը եւ այդպիսով հող նախապատրաստեց Մարտի 1-ի համար: Այս ամենից հետո ՕԵԿ-ն իրեն այդքան վիրավորանքներ հասցրած այդ նույն ուժի հետ համագործակցության քայլեր է արել:
Այս չորս ուժերի համագործակցությունը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել նաեւ մեկ այլ տեսանկյունից. ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո մենակ մնացած ՀՀԿ-ի կողքին այժմ հայտնվել է ՀՅԴ-ն: Ստացվում է, որ դաշնակցականները կարծես թե գրավում են ՕԵԿ-ականների տեղը: Թերեւս չբացառենք, որ մի օր էլ նրանք կարող են կոալիցիա կազմել: Այսպիսով՝ ՀՀԿ-ն կրկին իրեն գործընկեր գտավ. ՕԵԿ-ին փոխարինեց ՀՅԴ-ն:
Երեկ նույնպես երեք ոչ իշխանական ուժերն ու ՕԵԿ-ը միասին քննարկումներ ունեցան, ապա չորս ուժերով հանդիպեցին ՀՅԴ-ին, իսկ հետո էլ` մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեցին, որ ՀՅԴ-ի իրենց գործընկերների հետ տարաձայնություններ կան եւ նրանց առաջարկած համատեղ հայտարարությանը կողմ չեն: Խնդիրն այն է, որ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի սպառնալիքների վերաբերյալ խորհրդարանական ուժերը ցանկանում են միասնական հայտարարությամբ հանդես գալ եւ դատապարտել ոստիկանության փոխգնդապետի ասածները: Հիշեցնենք, որ տեղեկություններ կան, որ Լեւոն Երանոսյանի հրամանով են ծեծի ենթարկել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին, իսկ պատճառը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայհոյելն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա՝ Լ. Երանոսյանը, նշել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:
Մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այդ չորս ուժերով այժմ էլ ցանկանում են արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել արտարժույթի շուրջ ստեղծված իրավիճակը: Այսօր նրանք ստորագրահավաք կանցկացնեն եւ համապատասխան ստորագրությունների առկայության դեպքում կկազմակերպեն արտահերթ նիստ: Նշենք, որ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հստակ չէր պատասխանել` իրենք այս անգամ էլ կբոյկոտեն ոչ իշխանականների հրավիրած արտահերթ նիստը, թե ոչ: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին եւ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու հարցով հրավիրված արտահերթ նիստը տապալեցին հենց հանրապետականները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ 10 ՏԱՐՈՎ ԶՐԿՎԵՆ ՌԴ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒՑ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս կասկած չի հարուցում, եւ առաջիկայում Հայաստանը կդառնա այդ կառույցի լիիրավ անդամ: Վերջին շրջանում ՀՀ ՏԿՆ միգրացիայի ծառայության պետ Գագիկ Եգանյանը բոլոր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո որոշ չափով կթեթեւանան նաեւ հայ միգրանտների պարտականությունները՝ բնակության գրանցման, աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերում, փաստաթղթերի ձեւակերպման համար նախատեսված վճարումներից կազատվեն: Սա մեծ հույսեր արթնացրեց մեր երկրի սոցիալապես անապահով հատվածի շրջանում: Սակայն մոտ օրերս ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով 10 տարով արգելվում է խախտումներ ունեցող ներգաղթյալների մուտքը Ռուսաստան:

Պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի Հայաստանից արտագնա աշխատանքի է մեկնում շուրջ 250 հազար մարդ: Սա բավական մեծ թիվ է, եւ ստացվում է, որ այսքան ընտանիք ապրում է արտագնա աշխատանքի արդյունքում ստացված միջոցների հաշվին: Բոլորիս է հայտնի, որ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ հազարավոր քաղաքացի որոշ խախտումներ կատարելու պատճառով ՌԴ-ից արտաքսվում են: Նրանց արգելվում է 3-5 տարի մուտք գործել ՌԴ-ի տարածք: Ավելին՝ սա բավականին տմարդի ձեւով է արվում, քանի որ շատ հաճախ քաղաքացին տեղյակ չի լինում եւ այստեղից տոմսեր գնելով՝ հասնում է ՌԴ եւ տեղի օդանավակայանում պարզում, որ ինքը եւս արտաքսյալների ցուցակում է:
Ավելին՝ որոշակի պարզաբանում չի տրվում, թե հատկապես ինչի համար է մարդը ՌԴ-ից արտաքսվել: Խոսքն այն միգրանտների մասին է, որոնք ՌԴ-ում նախկին կացության ժամանակ մեկ տարուց ավել են եղել եւ նշված ժամկետը սպառվելուն պես չեն մեկնել երկրից կամ չեն երկարացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Տեղեկացնենք, որ գործող օրենքով 3 տարով արգելվում է այն օտարերկրացիների մուտքը, որոնք իրենց նախորդ կացության ժամանակ երկրում եղել են 90 օրից ավել եւ չեն լքել Ռուսաստանի սահմանները 30 օրվա ընթացքում, ժամանակավոր կացության ժամկետը սպառվելուց հետո:
Սակայն հայ միգրանտների մոտ հիմա էլ առաջ է եկել մեկ այլ, նոր խնդիր: Եթե նախկինում արգելք ունեցողները կարող են 3-5 տարի մուտք չգործել ՌԴ, ապա հիմա այն դարձել է 10 տարի: Քանի որ ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, ըստ որի՝ 10 տարով արգելվում է խախտումներ ունեցող ներգաղթյալների մուտքը Ռուսաստան:
Իսկ մեր հայրենակիցներին մնում է օրենքի տառի ամբողջությամբ հարգել ՌԴ-ում գործող ե՛ւ կեցության, ե՛ւ աշխատանքի տեղավորման հետ կապված օրենքները: Հակառակ դեպքում փոքրիկ խախտումներն էլ կարող են պատճառ դառնալ, որպեսզի մարդիկ 10 տարով արտաքսվեն ՌԴ-ից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱԼԻՐԸ ԿԵՐՈՒԽՈՒՄԻ ՎԱՅՐ

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից մոտ 2կմ հյուսիս-արեւմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին է գտնվում կարմիր տուֆից կառուցված հայկական հոգեւոր ճարտարապետության արժեքավոր կառույցներից մեկը՝ Մարմաշենի վանական համալիրը: 11-րդ դարի այս հոյակերտ կառույցը Սպիտակի երկրաշարժից հետո կիսաավեր վիճակում է:

Այսօր միջնադարյան կառույցն աղոթատեղիից վերածվել է խնջույքի վայրի: «Ժողովուրդ»-ը համալիրի առնչությամբ զրուցեց Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի հետ՝ նրա ուղեկցությամբ այցելելով սրբավայր: Այնտեղ երիտասարդների մի խումբ, հավանաբար հաշվի առնելով եկեղեցու «բարենպաստ» դիրքը, պատկից տարածքում ուտում-խմում, զվարճանում էր: Մեր հարցին, թե գիտեն արդյոք՝ ինչ արժեք է ներկայացնում պատմական համալիրը, «քեֆչի» երիտասարդներից մեկը սկզբում անլուրջ, իսկ հետո սթափվելով՝ պատասխանեց. «Որ շատ հին ու կարեւոր եկեղեցի ա, գիտենք, մեր ապուպապերից լսել ենք շատ: Բայց, դե, մենք ինչ անենք, հարգում ու սիրում ենք մեր կրոնը: Թող գան, սարքեն, գործի, մենք էլ կգանք, կաղոթենք, քեֆ էլ ուրիշ տեղ կանենք, հիմա էստեղ հարմար ա, գյուղից դուրս ա ու կտրված»:
Այն, որ երկրաշարժից հետո կիսավեր կառույցը ոչ մի անգամ չի վերանորոգվել, վկայեցին նաեւ տեղաբնակները, ավելին՝ Գալուստ պապը, ցույց տալով խոնավ պատերը, որոնք դիպչելուց պոկվում էին, ասաց. «Ախուրյանի ջրամբարի կառուցումից հետո էս պատմական արժեքն օր օրի խարխլվում ա, հիմքը խոնավանում ա, մի օր հիմնահատակ փլվելու ա, պրծնի, էլ պատերի տակը քեֆ էլ չեն անի»:
Սցենարիստ Մարինա Աբելյանը, ով պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարել՝ նվիրված Շիրակի պատմամշակութային արժեքներին, եւ մեկ անգամ չէ, որ եղել է Մարմաշենում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Հայտնվելով այստեղ՝ հասկանում ես, որ ժամանակները ոչ թե կորել են, այլ միաձուլվել են: Ամբողջ պատմությունն այստեղ ես գտնում: Վանքին մերձակա կերուխումի հետ կապված ես իմ տեսակետն ունեմ, դիմացը Արփաչայի դաշտն է, երբ Պահլավունիներն հիմնել են կառույցը, հայտնի չէ, թե նրանք էլ իրականում ինչ նպատակների համար են ծառայեցրել այն, գուցե կերուխում էլ են արել, բայց վանքը պահպանել են: Խնդիրն այսօր վանքի շրջակայքում տիրող վիճակը չէ, այլ այն է, որ մեր պատմական արժեքն է ոչնչանում»:
Նշենք, որ դեռեւս 2001 թվականին ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ Մարմաշենի վանական համալիրն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայ Առաքելական եկեղեցուն: Շիրակի թեմը բազմիցս հանդես է եկել խնդրանք-դիմումով, որ այն հանձնվի իրենց, սակայն, ինչպես տեղեկացանք, Շիրակի Առաջնորդարանից մինչ օրս Մայր Աթոռը քայլեր չի ձեռնարկել:
Մարմաշենցիների կարծիքով՝ համալիրի հենց այս բարձիթողի վիճակն է պատճառը, որ հոգեւոր ճարտարապետության արժեքավոր կառույցը ծառայում է աշխարհիկ նպատակների համար:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս