Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում սկսվեց թանկացումների ալիք. մթերքը, ծխախոտը, հագուստը թանկացան: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրեցին նաեւ սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող եւ այլ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ:
Դեղորայքի թանկացմանը զուգահեռ դեկտեմբերի 5-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է հիմնական ցանկում (դեղերի հիմնական ցանկում են այն դեղերը, որոնք պետությունն ամբուլատոր բուժհաստատության միջոցով փոխանցում է սոցիալապես անապահով խմբերին) ներառված դեղերի գների բարձրացման հարցին: Նա հորդորել է դեղ ներմուծողներին տարադրամի արժույթի տատանման պայմաններում վարել դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն: Իհարկե, կողմերը համաձայնության են եկել, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ հատկապես ՀՀ հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի գների անհիմն բարձրացումը կանխելու ուղղությամբ:
Սակայն իրականում հակառակն է. դեղատներում, ինչպես ցույց տվեցին «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունները, դեղերը 5-10 տոկոսի չափով թանկացել են:
«Տոնուս Լես» դեղորայք ներմուծող ընկերությունը, որը միաժամանակ զբաղվում է նաեւ դեղերի մանրածախ եւ մեծածախ առեւտրով, այս օրերին դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման հետեւանքով ֆինանսկան վնասներ է կրում: Ընկերության ներկայացուցիչը, ով ներկայացավ Լիլիթ, «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Մենք բոլորս էլ ներմուծողներ ենք եւ դրսից ենք այդ ապրանքները ստանում, որի դիմաց վճարում ենք վալյուտայով՝ ե՛ւ դոլարով, ե՛ւ եվրոյով: Ի դեպ, մեծ դժվարությամբ ենք կարողանում հավաքել կանխիկ դրամը, հավանաբար, մարդկանց ձեռքին գումար չկա: Եւ փոխանցումներն անում ենք բարձր տոկոսով»: Ընկերության ներկայացուցիչը դժվարացավ կանխատեսել՝ առաջիկայում էլի թանկացումներ կլինե՞ն, թե՞ ոչ:
«Բայց մենք այսօր մինուսով ենք աշխատում՝ փորձելով պահել այն, ինչը որ ունենք: Բավականին մեծ վնասներ ենք կրում, քանի որ այսօր մենք փոխանցումներ ունենք Գերմանիա կատարելու, եւ չենք կարողանում ուղարկել դրանք: Իսկ եվրոն, արդեն տեղյակ եք, որ բարձրացել է: Բայց այսպես երկար աշխատել, նշանակում է՝ կազմակերպությանը տանել կործանման: Մենք փոխանցումն անում ենք եվրոյով կամ դոլարով, ապրանքը գնում ենք թանկ, բայց վաճառում ենք ցածր գներով: Նույն ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի հսկայական գերավճար ունենք: Իսկ հիմա, երբ դոլարի կամ եվրոյի փոխարժեքը բարձրանում է, համապատասխանաբար, ԱԱՀ-ի աժեքն էլ է բարձրանում: Ու ավելի քան վստահ եմ, որ բոլոր բիզնեսներում մարդիկ աշխատում են վարկերով: Այս կարգի կազմակերպությունները գնում են դեպի ճահիճ»,- ներկայացրեց Լիլիթը: Նրա խոսքով՝ իրենց կազմակերպությունն ունի դոլարով հսկայական վարկեր, որի տոկոսադրույքներն ավելի են մեծանում:
Իսկ Ժասմենա Ալեքսանյանը, ով որպես հաշվապահ է աշխատում «Ֆարմեքս» դեղատանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով արձանագրեց, որ այս թանկացումների հետեւանքով դեղատան հաճախորդների թիվը նվազել է: «Այլ կերպ չենք կարող, որովհետեւ մենք դեղերն արդեն իսկ թանկացած ենք ստանում եւ ինչ-որ չափով այն մեր կողմից էլ ենք թանկացնում: Ու արդյունքում մարդկանց հոսքը պակասել է»,- նկատեց հաշվապահը:
Հավելենք, որ եղանակային այս փոփոխություններին ավելի դժվարությամբ են կարողանում հարմարվել հիմնականում սրտանոթային հիվանդությամբ տառապող մարդիկ: Իրենց մոտ դա արտահայտվում է ճնշման բարձրացումով, նույնիսկ մեկ-մեկ կարող է լինել ճնշման անկում, սրտի իշիեմիկ հիվանդության սրացում:
«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով դեղերի թանկացման պատճառների մասին: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից տեղեկացրեցին, որ մեր հանրապետությունում դեղերի շրջանառությունը կարգավորվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով. «Մինչ այժմ դեղերի գների պետական կարգավորում նախարարության կողմից չի իրականացվել օրենսդրական դաշտի բացակայության պատճառով, սակայն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի 11-րդ հոդվածը սահմանում է դեղերի գների պետական կարգավորում եւ հսկում: Միայն նշված օրենքի ընդունումից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը կարող է մասնակցել դեղերի գնագոյացման գործընթացին: Պետք է նշել, որ նոյեմբերի 1-ից դեղերի գների փոփոխություն չի նկատվել: Դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվեց նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքների տատանմամբ»:
Բայց միեւնույն է՝ դեղորայքի թանկացումը քաղաքացու գրպանին մեծ հարված է: Այս օրերին նրանք չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր մնաց՝ կենսական անհրաժեշտություն համարվող դեղ գնեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի շարք քաղաքացիներ այնքան հուսահատված ու հոգնած էին ամեն ինչից, որ չգիտեն, թե ումից ինչ պահանջեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԽՈՒՃԱՊ Է
Վաղ առավոտից շարունակվող դոլարի թանկացումը քաոսային իրավիճակ է ստեղծել ոչ միայն բանկերի ու տարադրամի փոխանակման կետերում, այլեւ խանութներում: Էջմիածին քաղաքի բնակիչները Armlur.am-ին ահազանգել են, որ քաղաքի խոշոր խանութները կեսօրից փակվել են: Դրանց տերերը նշել են, որ արտարժույթի շուկայում ստեղծված խայտառակ իրավիճակն իրենց մղում է նման քայլի, քանի որ չգիտեն, թե, ասենք, այս պահին 100 դրամով վաճառվող ապրանքը վաղն իրենք մատակարարներից քանի դրամով կարող են ձեռք բերել: Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը դեռեւս տեղյակ չէր ստեղծված իրավիճակից ու խոստացավ տեղեկությունը ճշտելուց հետո խանութների սեփականատերերի պարզաբանումը ներկայացնել:
ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Շրջայց կատարելով Գյումրիի կենտրոնական փողոցների խանութներում՝ Armlur.am-ի թղթակիցը համոզվեց, որ այսօր առավոտից քաղաքի խանութներում հացը վաճառվում է 20-30 դրամ ավել գնով: Գյումրիի «Կառոնա» մարկետի աշխատակիցների խոսքերով՝ իրենք էլ են անակնկալի եկել, երբ առավոտյան հացը ստացել են նոր գնով: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ փռերի տերերը պնդում են, որ այլ ելք չունեն, իրենց բիզնեսը տուժում է, քանի որ դոլարն անակնկալ կերպով բարձրացել է: Այսօր արդեն 130 դրամանոց հացը վաճառվում է 150 դրամով, 140 դրամանոցը՝ 160, լավաշի հատը նախկին 90 դրամի փոխարեն վաճառվում է 100 դրամով: Ի դեպ, նշենք, որ դեռ 2 ամիս առաջ Գյումրիում հացն արդեն 10 դրամով հասցրել էր թանկանալ:
ԴՈԿՏՈՐԱՑԱՎ
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դասախոս, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր դատական բժիշկ Մհեր Բիշարյանն այսքան գերծանրաբեռնվածության մեջ պատրաստվում է գիտությունների դոկտոր դառնալ: Ըստ aravot.am-ի՝ 5-6 տարվա ընթացքում էլ մարդը ոչ միայն դոկտորականի վրա է աշխատել, այլեւ 58 գիտական հոդված տպագրել: Ընդ որում, ամսագրեր կան, որտեղ յուրաքանչյուր հոդվածը տպագրելու համար 7-8 ամիս կպահանջվի: Թեկնածուական ատենախոսությունը՝ «ՀՀ ազգաբնակչության ատամների անատոմոմորֆոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը անձի նույնականացման նպատակով» թեմայով, Մհեր Բիշարյանը պաշտպանել էր Մոսկվայում, 2008 թվականին: