ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից
Երեկ աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, իրականացվող աշխատանքներին, հետաքրքրվել զինծառայողների մարտական պատրաստականությամբ եւ բարոյահոգեբանական վիճակով, ինչպես նաեւ՝ նրանց առօրյայով եւ կենցաղային պայմաններով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ պարզաբանեք՝ օրենքով ինձ «Փարոսով» հատկացվո՞ւմ է նպաստ, եթե ես ամսական ստանում եմ 36.000 դրամ կենսաթոշակ եւ գրանցված եմ նշված հասցեում, որի սեփականատերը չեմ համարվում: Կցանկանայի տեղեկանալ նաեւ անապահովության նպաստ օրենքով տրամադրվում է միայնա՞կ, թե՞ մենակ ապրողներին:
Սիրուշ Հայրապետյան (78 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է տարածքային կենտրոն` ներկայացնելով դիմում, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին տվյալներ հավաստող փաստաթղթեր:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտ, ընտանիքի կազմ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակ եւ այլ պայմանների հիման վրա: Իսկ 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ Կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:
ՀՀ Կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ 2014թ. սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Քաղաքացի Ս. Հայրապետյանը կարող է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին, ներկայացնել ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթերը, հաշվառվել, որից հետո անապահովության միավորին համապատասխան՝ կորոշվի նպաստ տրամադրելու կարգը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ քաղաքացին նախ եւ առաջ պետք է դիմում եւ անապահովության մասին փաստող տվյալներ ներկայացնի՝ համակարգում հաշվառվելու համար: Ըստ քաղաքացու սոցիալական կարգավիճակի եւ սահմանված միավորի՝ պետությունը կորոշի նրան նպաստ տրամադրելու կարգը: Եւ եթե լինեն կամայականություններ, մենք կբարձրաձայնենք դրանց մասին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ պարզաբանեք՝ ե՞րբ է հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձը ուսումնական հաստատության անվճար համակարգից տեղափոխվում վճարովի համակարգ:
Տիգրան Հովակիմյան (19 տարեկան, ուսանող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի՝ «Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերով պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ:
Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերով պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե մարդն իրականում հաղթահարում է հիվանդությունը, ուրեմն ավելի լավ, որ այդ եղանակով է ուսման անվճար համակարգից տեղափոխվում վճարովի համակարգ: Իսկ եթե պարզապես մի օր բուհի ղեկավարությունը եղածը շատ է համարում, ու նույնիսկ սահմանափակվում է ուսանողի իրավունքը, պարզապես գործ ունենք անխիղճ թալանչիների հետ: