«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ավտովարորդների համար տհաճ նորություններ ունի՞: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հունվարի 1-ից նախատեսվում է թանկացնել գազալցակայաններին վաճառվող գազը: Ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն Armlur.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այն տեղեկությունը, համաձայն որի՝ հունվարի 1-ից գազալցակայաններին մատակարարվող գազը թանկանալու է:
«Եթե հունվարին լինեին այդ փոփոխությունները, ինչ-որ տեղ տրամաբանական կլինեին: Մենք մոնիթորինգ ենք իրականացնում և, ելնելով այդ մոնիթորինգի արդյունքներից՝ եզրակացություններ կկազմենք: Մենք ներկրված գազի դիմաց վճարումները կատարում ենք դոլարով, իսկ ներքին սպառման շուկայում իրացվում է դոլարին համարժեք դրամով և, բնականաբար, որպես տնտեսվարող գնահատում ենք մեր ռիսկերը և պատասխան մոնիթորինգ է իրականցվում: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, ի վերջո, ժամանակը ցույց կտա»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում գազի թանկացման հետևանքով տաքսի ծառայությունների, անհատ տաքսիստների, մի քանի երթուղայինի վարորդների սահմանած ամենատարբեր գներին, ասաց, որ հունվարի 1-ից ամեն ինչ խստացվելու է, և այդ ոլորտի բացթողումները շտկվելու են:
«Մենք երևի թե մինչև Նոր տարի շատ խիստ չենք լինի, բայց հունվարի 1-ից խստացվելու է ոլորտը»,- ասաց Գագիկ Բեգլարյանը: